Բանկը դիմել է Սահմանադրական դատարան. Թեման Նապոլեոն Ազիզյանի ունեցվածքն է

Բանկը դիմել է Սահմանադրական դատարան. Թեման Նապոլեոն Ազիզյանի ունեցվածքն է

Հայաստանի դատական պատմության մեջ առաջին անգամ բանկի դեմ ամենամեծ գումարային պահանջը բավարարելու որոշումն է կայացվել։ Վճռաբեկ դատարանը «Միլլար» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայբիզնեսբանկի գործով հօգուտ ընկերության վճիռ է կայացրել, որի արդյունքում բանկն ընկերությանը պետք է վճարի 1 միլիարդ 600 մլն դրամ։

Այս գործի քննությանը մասնակցած փաստաբան Հարություն Հարությունյանը ներկայացրեց գործի էությունը. «Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հանգուցալուծեց շուրջ 10 տարի ձգվող այս դատական պրոցեսը, եւ բանկից, հօգուտ ընկերության, բռնագանձվեց շուրջ 1 մլրդ 600 մլն դրամ։ Որոշումը ոչ միայն նախադեպային էր, այլեւ՝ կարեւոր, ըստ բանկերի՝ իրենց համար լուրջ ռիսկեր պարունակող։ Թերեւս դրանով է պայմանավորված այն, որ Հայաստանի բանկերի միությունը գրություն է հասցեագրել բոլոր բանկերին՝ իր մտահոգությունը հայտնելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դեմ դատական վեճի մասով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ՝ այն մեկնաբանելով «ռիսկային, բանկերի համար բացասական բնույթ կրող», որի դեմ պետք է բանկերը համատեղ ուժերով պայքարեն։ Բանկերի միությունն ընդհուպ իրեն իրավունք էր վերապահել ՀՀ վճռաբեկ դատարանի այս որոշումը որակել որպես «չհիմնավորված»։

Իսկ ի՞նչ է կատարվել։ Հայբիզնեսբանկի եւ ֆիզիկական անձի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որին, իբր կեղծ պայմանագրի հիման վրա, երաշխավոր է կանգնել մի ընկերություն։ Քանի որ վարկը չի մարվել, իսկ առկա գույքերը չեն բավարարել, սկսվել է սնանկացման վարույթ, իսկ բանկին զարտուղի ճանապարհներով հաջողվել է կեղծ պայմանագրի հիման վրա ընկերության դեմ շուրջ 1մլն 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պահանջ գրանցել։ Այնուհետեւ բանկը գույքը վաճառել է կես գնով, բռնագանձել այդ գումարները, դեռ մի հատ էլ այդ ընկերությունը պարտք է մնացել բանկին։ Ընկերությունը վճռաբեկ բողոքով կարողացել է ի վերջո հիմնավորել, որ գույքերը վաճառվել են շուկայականից շեշտակի էժան գնով՝ կազմաքանդելով ընկերության գործունեությունը։ 2023թ․ հունվարին Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց, որով բանկից, հօգուտ սնանկ ճանաչված ընկերության, գանձվեց շուրջ 1մլրդ 600 մլն դրամ։ Դա հենց այն դրամական տարբերությունն է, որը պետք է բանկը հաշվի առներ գրավադրված գույքն իրացնելիս: Նշվածը միանգամից առաջացրեց բանկային համակարգի զայրույթը, քանի որ իրենք սովոր են, որ միշտ պետք է հաղթող գտնվեն, եւ սկսեցին աննախադեպ միջոցներով եւ լոբբինգով պայքարել»։

Հարությունյանը նշեց, որ եղել է նաեւ հարուցված քրեական գործ, որով ընկերությունը պնդել է, որ որեւէ երաշխավորական պայմանագիր չի ստորագրել եւ ոչ մեկին չի լիազորել ստորագրելու, գործի հիմքում դրված պայմանագրերը կեղծ են, իսկ գործարքները՝ չկնքված։

«Քրեական վարույթով դատախազը հաստատել է, որ բանկին հաջողվել է Սնանկության դատարանում իր վերջնական պահանջը գրանցել բացառապես չկնքված գործարքի արդյունքում ներկայացված կեղծ պայմանագրերի հիման վրա։ Ընդ որում, քրեական գործի շրջանակներում վերջերս պարզ դարձավ, որ այդ պայմանագրերի բնօրինակներ առհասարակ գոյություն չունեն եւ չէին էլ կարող լինել, քանի որ դրանք կեղծվել են բանկում եւ մի շարք անձանց հանցավոր գործունեության արդյունքում։ Ստացվում է, որ կեղծել են պայմանագրեր, ընկերությանը դարձրել երաշխավոր, գույքը վաճառել, գումարները վերցրել, իսկ այժմ չեն համակերպվում Վճռաբեկ դատարանի որոշման դեմ»,- ասաց փաստաբանը։

Հարությունյանը պատմեց, որ բանկը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականությունը, որպեսզի կարողանա նոր հանգամանք ստեղծել Վճռաբեկ դատարանի դատական ակտի վերանայման համար՝ դրդելով սահմանադրական դատարանին՝ հանդես գալու որպես չորրորդ ատյան: Առաջիկա օրերին ՍԴ-ն քննելու է բանկի հայցը:

«Քրեական գործը դատարան չի հասել տվյալ քաղաքացու մահվան պատճառով։ Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ եմ անում եւ հորդորում՝ հաշվի առնել այս ամենը, որքան էլ դա սահմանադրականության քննարկման առարկայից դուրս է, լինել օբյեկտիվ եւ գիտակցել, որ քննում են մի բողոք, որը կարող է դառնալ նոր հանգամանք, եւ որի հիման վրա հազիվ իր իրավունքները վերականգնած անձին նորից «գցեն»։ Բանկերի միությունը խիստ մտահոգված է բանկերի համար, իսկ քաղաքացիներին հարստահարելու, նրանց բանկային թալանից պաշտպանելու համար որեւէ մտահոգ կառույց չկա։ Թերեւս Կենտրոնական բանկն իրեն զգում է ոչ թե որպես ոլորտի կարգավորող եւ վերահսկող, այլ բանկերի հովանավոր։ Փոխանակ վերահսկեն, որ բանկերը քաղաքացիների մասով իրենց պարկեշտ պահեն, հակառակը՝ ամեն ինչ անում են, որ բանկերը միշտ դատարանում հաղթող դուրս գան»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ ֆիզիկական անձը, որն ի սկզբանե բանկից վարկ է վերցրել, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն է, ով մահացել է 2020 թվականին։ «Հրապարակը» պարզաբանման համար դիմել է նաեւ Հայբիզնեսբանկին։ Մեր հարցերին բանկից պատասխանել են. «Վճռաբեկ դատարանի` Բանկից հօգուտ «Միլլար» ՍՊԸ-ի գումար բռնագանձելու վերաբերյալ որոշումը մտել է օրինական ուժի մեջ եւ ենթակա է կատարման Բանկի կողմից: Բանկը կոռեկտ եւ ընդունելի չի համարում ՀՀ դատական մարմինների որոշումներին որեւէ գնահատական տալը»: