Եթե ոստիկանությունը ոչ մի բան չաներ, վաղը իրավախախտները իրենց երեխաներին կբերեն-կկանգնեցնեն․Դանիել Իոաննիսյան

Եթե ոստիկանությունը ոչ մի բան չաներ, վաղը իրավախախտները իրենց երեխաներին կբերեն-կկանգնեցնեն․Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

Երեկ ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ՝ իր երեխաների աչքի առաջ: 

«Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների: 

Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով, չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:

«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:

Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ` իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր»,- գրել էր Զոհրաբյանը։

Ոստիկանությունից էլ հայտնել են, թե ծառայողական քննություն է անցկացվում։ Հետագայում պարզ դարձավ, որ դեպքի հետևանքով Ռաֆայելյանի 3-ամյա երեխան առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես է մեկնաբանում ոստիկանության գործողությունները, երբ քաղաքացուն իր երեխաների աչքի առաջ նման լեքսիկոնով փռում են գետնին։ Իոաննիսյանի կարծիքով՝ եթե ոստիկանները հաշվի առնեին երեխաների այնտեղ լինելու հանգամանքը և ուժ չկիրառեին, ապա այսուհետ բոլորը բերման ենթարկվելիս իրենց երեխաներին կարող են բերել-կանգնեցնել տարածքում:

«Ինչքանով որ ես հասկացա, հայրը դիմադրություն էր ցույց տալիս, և ես տամ հակառակ հարցը՝ իսկ ի՞նչ պիտի աներ ոստիկանը, երբ քաղաքացին դիմադրություն է ցույց տալիս, պետք է ոչինչ չանի՞։ Պատկերացնում եք, չէ՞, որ եթե մի դեպքում ոչ մի բան չանի, վաղը իրավախախտները, որոնց գան բերման ենթարկելու, կբերեն իրենց երեխաներին կկանգնացնեն․․․, բայց մյուս կողմից ոստիկանությունը պետք է զգույշ և ուշադիր լինի այս հարցերում, այսինքն՝ ոստիկանությունը չի կարող անտեսել այն, որ անչափահաս երեխաներ են ականատես լինում։ Դա, իհարկե, ծնողի պարտականությունն է, առաջինը ծնողն է դիմել ուժի, ոստիկանությունն այդտեղ առաջինը չէ ուժի դիմել։ Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն էլ ի՞նչ պիտի աներ, պիտի պատասխան ուժ կիրառեր։ Հիմա ով էլ նայում է, ոստիկանությունը պետք է պատասխան ուժ կիրառի, այսինքն՝ պիտի ծնողը մտածի, որ իր երեխաների ներկայությամբ ուժի է դիմում, և, բնականաբար, պիտի կանխատեսի, որ դրան պատասխան ուժ է լինելու, որին ականատես են լինելու իր զավակները, բայց նորից եմ ասում՝ այնուհանդերձ, ոստիկանությունը պետք է ավելի ուշադիր լիներ, քանի որ մի ոստիկան չէր, մի քանիսն էին, մեկը պիտի փորձեր երեխաներին հեռու տանել, երեխաների հետ շփվեր, ուշադրությունը շեղեր։ Չգիտեմ՝ ինչքանով է դա հնարավոր, բայց, ամեն դեպքում, փորձեր դա անել, բայց եթե, բնականաբար, մարդ ուժ է կիրառում ոստիկանի նկատմամբ, ոստիկանությունը պետք է պատասխան ուժը կիրառի, և դրա բոլոր հետևանքների մեղավորը ուժ կիրառողն է»,- ասաց Իոաննիսյանը։

Բայց քաղաքացի՞ն է ուժ կիրառողը, նրան էին գնացել բերման ենթարկելու՝ հարցրինք Իոաննիսյանին:

«Դե, կադրերում ինչքանով որ երևում է, իրեն փորձում են բերման ենթարկել, ինքը դիմադրում է, ես կադրերն այդպես տեսա, ես այդպես եմ հասկանում, հիմա գուցե ինչ-որ բաներ կան, որոնք այդ կադրերում չեն եղել»,- պատասխանեց Իոաննիսյանը։