Հրաժարական տվեք, պարոն Փաշինյան

Հրաժարական տվեք, պարոն Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Հարգելի պարոն վարչապետ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսակցություններ են տարածվում Ձեր քաղաքական թիմի՝ «Իմ քայլի» ներսում ընթացող խմորումների մասին: Տեղեկություններ կան նաեւ, որ ինքներդ էլ երբեմն-երբեմն նախատում եք Ձեր համախոհներին, հանդիմանում, որ չեն կարողանում Ձեր թիկունքը պահել:
Իմ խորին համոզմամբ, սակայն, այդ մարդիկ մեղավոր չեն, որ երկրում իսկական քաոս է տիրում: Ամեն ինչ պայմանավորված է Ձեր անփորձությամբ, երկրի կառավարման հարցերից գլուխ չհանելու ֆենոմենալ ունակությամբ, համառորեն սեւը սպիտակից, թացը չորից չջոկելու Ձեր միտումնավոր քաղաքականությամբ:
Հնարավոր չէ քաոսը թաքցնել ավելորդ աղմկարարության քողի տակ: Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար, բարձրադղորդ ձերբակալություններ... Կարող եք սրանք համարել կարեւոր խնդիրներ, բայց ինչ էլ լինեն դրանք, միեւնույն է՝ երկրի կառավարման գործի ածանցյալներն են միայն: Կարելի է աչք փակել միջազգային հարթակներում եւ Արցախի հարցով արված Ձեր, մեղմ ասած, խայտառակ հայտարարությունների վրա նույնպես, որովհետեւ դրանք միշտ էլ կարելի է շտկել, տեղը գցել արտաքին քաղաքականությունն էլ, արցախյան բանակցություններն էլ: Իսկ ի՞նչ կարող ենք անել, երբ արդեն ամբողջովին քանդած կլինեք երկրի կառավարման համակարգը: Խոսքն այս դեպքում կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին է, որը ձեռնարկեցիք՝ չունենալով ո՛չ կոնկրետ նպատակ, ո՛չ ծրագիր, ո՛չ էլ որեւէ այնպիսի բան, որ Ձեզ ու Ձեր թիմին կապահովագրեր ձախողումից:

Արդեն չեմ հիշում, թե երբ եք վերջին անգամ խոսել կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին, իսկ գործընթացը, կարծես, մոտենում է ավարտին: Ի՞նչ ունենք արդյունքում՝ խառնիճաղանջ նախարարություններ, կրճատված աշխատատեղեր, գործազրկություն եւ, որպես այդ ամենի հետեւանք՝ ահագնացող դժգոհություն: Դուք պետք է նկատի ունենաք, որ այս դեպքում խոսքը ոչ թե «անգրագետ» պողոսների, այլ բարձրագույն կրթությամբ, մտածող, իրենց գործի գիտակ, երիտասարդ մարդկանց մասին է, որոնց տասնյակներով եք դուրս քշում պետական հաստատություններից ու գերատեսչություններից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ են անելու այդ մարդիկ, համակերպվելո՞ւ են գործազուրկի կարգավիճակի հետ: Չսխալվեք: Նրանք դառնալու են Ձեր իշխանության գերեզմանափորը՝ կազմակերպելով եւ իրենց հետեւից տանելով «անգրագետ» պողոսներին:
Ուր գնում եք, պարոն Փաշինյան, որտեղով որ անցնում եք, միայն ավերներ եք թողնում Ձեր հետեւից: Թեւավոր խոսք էլ կա այդ կապակցությամբ. «Այստեղով Նիկոլն է անցել»: Եվ, ուրեմն, մի մոռացեք, որ խոսքը Հայաստանի՝ մեր ու Ձեր հայրենիքի մասին է, եւ Դուք պարզապես չունեք այն ավերելու, քանդելու, ժամանակի մեջ հետ շպրտելու իրավունքը:

Ծանր բան եմ ասելու, բայց ստիպված եմ: Ներողություն խնդրեք եւ մարդավարի հեռացեք այս ասպարեզից: Առաջնորդները ստով, կեղծիքով ու խաբեությամբ երկար չեն ձգում, սովորաբար: Հայաստանի ծանր վիճակը Ձեր հետագա համառության հետ անհամատեղելի է: Ո՛չ Դուք կործանվեք, ո՛չ էլ երկիրը Ձեզ հետ տարեք դեպի կործանում:

Հրաժարական տվեք, պարոն վարչապետ, եւ ցրեք Ձեր անփառունակ «քաղաքական» խաժամուժը: