Անտրամաբանական է

Անտրամաբանական է

Շատ դժվար է կռահել Նիկոլ Փաշինյանի մտքերի ընթացքը։ Եվ հասկանալ, թե ինչու է նրա համար գերխնդիր դարձել հենց Հրայր Թովմասյանը։ Իհարկե, Սահմանադրական դատարանը կարեւոր կառույց է, եւ Թովմասյանի մեղքն էլ շատ մեծ է այս թերատ ու Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը գրելու հարցում։ Բայց չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը կարծես թե դժգոհ չէ գործող Սահմանադրությունից եւ այն փոխելն իր առաջնահերթությունը չի համարում։ Իսկ եթե խնդիրը նախկին համակարգին ծառայած ինստիտուտների վերացումն է, ինչո՞ւ են նրա տեսադաշտից դուրս մնացել այլ մարմիններ ու անձինք։ Ասենք՝ Հանրային հեռուստաընկերության երկարամյա տնօրենը։ Կամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շարունակում են անվրդով աշխատել։

Մինչդեռ մեզանում ամենից ոտնահարված իրավունքն ընտրական իրավունքն է, եւ վերջին տասնամյակում բոլոր ընտրական խախտումները, եթե անգամ չեն կատարվել ԿԸՀ այս կազմի ձեռքով, գոնե նրանց իմացությամբ են իրականացվել։ Եթե դու որոշել ես երկրում գլոբալ փոփոխություններ անել եւ հատկապես վերականգնել ընտրական իրավունքը, պետք է առաջին հերթին պատժես հենց այդ իրավունքը բռնաբարած անձանց, մանավանդ՝ իշխանական հրահանգները հլուհնազանդ կատարող, հանրապետականների բաժանած ահռելի ընտրակաշառքի վրա աչք փակած, ընտրախախտումների պայմաններում ընտրությունների արդյունքներ արձանագրած ու հաստատած մարմնի ղեկավարին՝ Տիգրան Մուկուչյանին։ Ո՞վ կարող է բացատրել, թե ինչով է Հրայր Թովմասյանն ավելի վատն ու ավելի վտանգավոր, քան Տիգրան Մուկուչյանը, եւ ինչո՞վ է բացատրվում իշխանությունների ատելությունն առաջինի եւ սերը երկրորդի հանդեպ։ Իսկ գուցե իշխանությունների գործողությունների մեջ պետք չէ՞ տրամաբանություն փնտրել։