Համատեղ թակարդ՝ Հայաստանի դեմ

Հայաստանը շուտով կարող է հայտնվել նոր դիվանագիտական թակարդում, որը նրա համար լարել են Թուրքիան եւ նրա դաշնակից արեւմտյան երկրները: Հայաստանի իշխանությունը մեծ հաճույք կստանա այդ թակարդում հայտնվելուց, որի ստեղծման գործում ակտիվ դերակատարում եւ մասնակցություն ունի: Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագծում մտցնել մի կետ, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին չեն կարող տեղակայվել երրորդ երկրների ներկայացուցիչներ: Թվում է, թե խոսքը եվրադիտորդների ներկայության մասին է, որոնք արդեն երրորդ տարին է՝ պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանին, խիստ կասկածելի արդյունավետությամբ: Ներկայացվում է այնպես, թե իբր Ադրբեջանը դեմ է եվրադիտորդների ներկայությանը, որ նրանք հօգուտ Հայաստանի տեղեկություններ են հավաքում ադրբեջանական բանակի տեղակայման վայրերի եւ տեղաշարժի վերաբերյալ եւ դրանք փոխանցում հայկական կողմին: Եթե անկեղծ լինենք, եվրադիտորդները տեղակայված էլ չեն հայ-ադրբեջանական սահմանին, նրանք գնում-գալիս են սահման, բայց գլխավորը դա չէ:
Նման պնդումներն այնքան միամիտ ու հիմար են, որ կարելի էր դրանց նույնիսկ չանդրադառնալ: Պարզ է, որ սահմանին տեղակայված հայկական բանակի ստորաբաժանումներն անհամեմատ ավելի լավ են տեղեկացված ադրբեջանական բանակի հնարավորություններից եւ տեղաշարժից, քան մի քանի րոպեով սահման այցելող եւ զբոսաշրջիկի հետաքրքրասիրությամբ սահմանը դիտարկող եվրադիտորդները: Նրանք չեն կարող իրենց դիտարկման միջոցով ավելին տեսնել, քան տեսնում են հայ դիրքապահները, ովքեր ծառայություն են իրականացնում 24-ժամյա ռեժիմով: Եվրադիտորդներն Ադրբեջանի եւ նրա բանակի համար որեւէ սպառնալիք չեն ստեղծում եւ չէին էլ կարող ստեղծել: Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը հետեւողականորեն պնդում, որ պայմանագրում նման կետ ավելացվի, իսկ Հայաստանն էլ համաձայնեց միայն շատ «համառ» դիմադրությունից հետո:
Իսկ գուցե երրորդ երկրի ներկայացուցիչներին սահմանից հեռացնելու կետը պայմանագրի մեջ մտցվել է ա՞յլ նպատակով, որ հետագայում այն տարածվի նաեւ Հայաստանի` այլ երկրների հետ ունեցած սահմանների վրա: Ինչու, օրինակ, Ադրբեջանը կարող է պահանջել, որ իր հետ սահմանին չլինեն այլ երկրների ներկայացուցիչներ, իսկ Թուրքիան չի կարող նման պահանջ ներկայացնել: Ինչ է` Ադրբեջանը Թուրքիայից ավելի՞ ուժեղ երկիր է, թե՞ ավելի քիչ է մտածում իր սահմանների պաշտպանության մասին: Մանավանդ որ Հայաստանի ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանն է ասում. «Այս համաձայնագրով, որ նշված է երրորդ կողմ, ինչի՞ եք դուք մենակ եվրադիտորդներին հասկանում: Նշված է, որ չի կարող որեւիցե երրորդ կողմ լինել մեր սահմաններին: Բա ռուսները երրորդ կողմ չե՞ն»: Ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին ռուսներ չպետք է լինեն, իսկ հայ-թուրքականին պետք է լինեն:
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները եւս կարգավորված չեն, եւ ընթանում են բանակցություններ՝ դրանք կարգավորելու ուղղությամբ: Ենթադրվում է, որ ինչ-որ փուլում կողմերը կարող են համատեղ փաստաթուղթ ստորագրել, եւ թուրքական կողմը կարող է Հայաստանի առաջ նույն պահանջը դնել, ինչը հիմա դնում է Ադրբեջանը: Հայաստան-Ադրբեջան պայմանագրում նման կետի առկայությունը Թուրքիային միանգամայն օրինական հիմք կտա՝ դնել նույնատիպ պահանջ, իսկ Հայաստանը չի կարողանա հիմնավորել, թե ինչու, օրինակ, Ադրբեջանի հետ պայմանագրում համաձայնել է նման կետ մտցնել, իսկ Թուրքիային մերժում է:
Հիմա արդեն պարզ է դառնում, որ եվրադիտորդների տեղակայումը Հայաստանում եւ նրանց կողմից հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումները ոչ թե նպատակ ունեին չեզոքացնել Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգները կամ, իրենց հեղինակավոր կարծիքով՝ որոշելու, թե որ կողմն է սահմանախախտը, այլ ընդամենը օրինական առիթ ստեղծելու՝ ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից հեռացնելու համար: Այն, ինչ հիմա տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում, նկատի ունեմ Ադրբեջանի պահանջը՝ երրորդ երկրների ներկայացուցիչների՝ սահմանին չլինելու վերաբերյալ, նախապես ծրագրված եւ պլանավորված օպերացիա էր, որի հեղինակը Թուրքիան եւ Արեւմուտքն են, իսկ Հայաստանն ընդամենը հնազանդ կատարողն է:
Ի՞նչ կարող են ասել Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի եւ պահանջի հայ-թուրքական սահմանից հեռացնել ռուս սահմանապահներին՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մանավանդ որ խիստ համոզիչ հիմնավորում էլ կա՝ ձեզնից առաջ եվրադիտորդներին ենք հեռացրել: Իրավական առումով Ռուսաստանը հակադրվելու կամ Հայաստանի պահանջը չկատարելու որեւէ հիմք չունի, բացի դա՝ մերժումը կարող է մեկնաբանվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու ցանկությամբ:
2023 թվականին Թուրքիայի նախագահը Լոզանի կոնֆերանսի 100-ամյակի առիթով հայտարարեց, որ այն այլեւս չի գործում, կորցրել է իր իրավական ուժը: Լոզանի կոնֆերանսում արեւմտյան տերությունները հաստատեցին ներկայիս Թուրքիայի սահմանները: Թուրքիան հիմա փորձում է վերականգնել 100 տարի առաջ կործանված Օսմանյան կայսրությունը եւ ունի որոշակի առաջընթաց՝ գրավել է այդ կայսրության մաս կազմող Սիրիայի մի մասը, մյուս մասի նկատմամբ էլ փաստացի վերահսկողություն է սահմանել: Նույնը կարելի է ասել Իրաքի առնչությամբ: Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, իհարկե, չի եղել Օսմանյան կայսրության մաս, Ռուսական կայսրությունն այն գրավել է Պարսկաստանից, բայց պարտադիր չէ, որ նոր կայսրությունը վերարտադրի նախկին սահմանները՝ նույնությամբ:
Թուրքերին պետք է, որ ռուս սահմանապահներին հեռացնեն նաեւ հայ-իրանական սահմանից, բայց որպեսզի դա շատ կոպիտ չլինի եւ չդիտվի որպես հատուկ թշնամանք իրենց ռուս բարեկամների նկատմամբ, ուզում են նախ հեռացնել եվրադիտորդներին, որոնք այստեղ են հատուկ հեռացման նպատակով:
Կարծիքներ