Փաշինյանը կմտնի՞ արդյոք «ականապատ» տարածք

Փաշինյանը կմտնի՞ արդյոք «ականապատ» տարածք

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, կարելի է ասել, Հայաստանի կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհի դեմ: «Խոսքն «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «աբշչյակների» եւ այս կարգի այլ երեւույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով. «Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետեւաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»: 

Փաշինյանն իսկապե՞ս պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին, թե՞ սա հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որով ուզում է նվաճել հասարակության համակրանքը՝ դժվար է ասել: Շրջանառվում է այն վարկածը, թե սրանով վարչապետն իր անձնական վրեժն է ուզում լուծել քրեական հեղինակություններից՝ քրեակատարողական հիմնարկում նրանց հետ ժամանակին ունեցած խնդիրների պատճառով: Ըստ օդում կախված լուրերի՝ վերջիններս այդքան էլ բարեհաճ չեն եղել լրագրող բանտարկյալի հանդեպ, ինքն էլ չի ենթարկվել նրանց: Ըստ այդ վարկածի՝ Փաշինյանն այստեղ էլ ընտրովի մոտեցում է ցուցաբերելու, եւ «իրենց տները» կգնան միայն իր համար անցանկալի «ավտարիտետները»: Իսկ եթե մի տեղ կա անձնական վրեժի խնդիր, փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը ջանք չի խնայում… 

Եթե վարչապետն իսկապես, առանց անձնական մոտիվների, նպատակ ունի պայքարել քրեական աշխարհի դեմ եւ մաքրել Հայաստանը «գողական» բարքերից, ապա պետք է ասել, որ նրան դժվար ու «ականապատ» ճանապարհ է սպասվում: Քրեական ենթամշակույթը բավականին ամրապնդված համակարգ է, եւ դժվար է այն արմատախիլ անել: Նրա պատմությունը գալիս է դեռեւս 1930-ականներից: «Օրենքով գողերի» դեմ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին պայքարողը եղավ Վանո Սիրադեղյանը՝ ներքին գործերի նախարար եղած տարիներին: Այդ պայքարը, կարելի է ասել, հաջողությամբ պսակվեց. Հայաստանի տարածքից արտաքսվեցին բոլոր «օրենքով գողերը»: Ասում էին, թե գողերին Հայաստանից արտաքսելով՝ Սիրադեղյանն ուզում էր Հայաստանում լինել միակ «գողը», քանի որ նրա անունը հետագայում կապվեց շատ քրեական գործերի հետ: Սիրադեղյանի համար ավելի հեշտ էր պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ, քանի որ վերջիններս դեռեւս չէին հասցրել սերտաճել անկախ Հայաստանի իշխանավորների հետ, Սիրադեղյանի ձեռքերն ազատ էին, որովհետեւ նրա համար ոչ ոք վերեւից կամ կողքից չէր միջնորդում: Հեշտ էր նաեւ այն առումով, որ Հայաստանից հեռանալը ձեռնտու էր նաեւ գողերին, քանի որ պատերազմի մեջ գտնվող, երկրաշարժ ապրած Հայաստանի վիճակը բավականին ծանր էր, տնտեսությունը՝ աղքատ ու քայքայված: Ու գողերն «արտագաղթեցին» դեպի այլ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան, որտեղից, Սիրադեղյանից հետո, վերադարձան հարստացած: 

Վանաձորցիները լավ են հիշում, թե ինչպես ամբողջ Կիրովականի տարածաշրջանի ահուսարսափը հանդիսացող Ճաճոյի Էդոյին՝ Էդիկ Մարտիրոսյանին, Սիրադեղյանի օրոք ձեռքերը ոլորած «փռեցին ասֆալտին»: Ի տարբերություն Փաշինյանի, Վանոյի՝ ասֆալտին փռելը ցուցադրական չէր: Չնայած Ճաճոյի Էդոն էլ որոշ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ, բայց դա Սիրադեղյան-դատախազություն հակասությունների արդյունքն էր. դատախազությունը գործում էր ի հեճուկս ՆԳ նախարարի:

Այնուամենայնիվ, արդեն ազատության մեջ հայտնված Էդոն որոշակիորեն իրեն զուսպ էր պահում, մինչեւ Վանո Սիրադեղյանն ինքը հեռացավ Հայաստանից: Նրա փախուստից հետո արտագաղթած «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ, հայտնվեցին անգամ իշխանության մեջ, ԱԺ-ում: Եվ սկսեցին արդեն պայքարել մեկը մյուսի դեմ՝ անձնական ազդեցությունն ուժեղացնելու, գլխավորը լինելու համար: Իսկ դա շատ հաճախ ուղեկցվում էր սպանություններով, վենդետաներով: Այդ տարիներին երբեմնի խաղաղ Կիրովականը դարձավ վենդետաների թատերաբեմ, այն անվանում էին Հայաստանի փոքր Սիցիլիա: Իրենց ազդեցությունը պահպանելու համար «պատերազմում» էին Ճաճոյի Էդոն, ով մոտ էր Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ կիրովականցի Գոգան, ով մտերիմ էր ԱԱԽ այն ժամանակվա  քարտուղար Սերժ Սարգսյանի, Արշալույս Փայտյանի, մարզի ոստիկանապետ Արտաշես Հարությունյանի հետ: Գոգան իր կապերով թուլացրել էր Էդոյի դիրքերը: ԱԺ ընտրությունների ժամանակ մարզում նա էր որոշում, թե ովքեր կարող են դառնալ պատգամավոր, ով պետք է հանի իր թեկնածությունը: Գոգայի ասածն «օրենք» էր, նրան չէին համարձակվում հակառակվել, քանի որ դա «մահացու» մեղք կարող էր դիտվել: Սակայն 2004թ․ հուլիսին Երեւանի մարդաշատ վայրերից մեկում սպանվեց կիրովականցի Գոգան: Շատերն այդ սպանությունը կապում էին Ճաճոյի Էդոյի անվան հետ: Այդ սպանությունից մեկ ամիս չանցած՝ Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհին ավտոմեքենայի մեջ սպանվեցին Ճաճոյի Էդոն, նրա որդին՝ Ժորան, եւ ազգականը՝ Ռուդիկ Խաչատրյանը: Իսկ սպանությունը բացահայտելը շատ դժվար էր, քանի որ Ճաճոյի Էդոն շատ բարդ խնդիրներ ուներ տարբեր անձանց հետ, նրա սպանությունը կապվում էր տարբեր մարդկանց եւ դեպքերի հետ: Մասնավորապես՝ Վահագնի գյուղի դաժան սպանության հետ, երբ սպանեցին Կախյաննների յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին, ողջ մնաց միայն Արմեն Կախյանը, ով տանը չէր եղել: Սակայն Կախյանի կապն այս սպանության հետ հաստատող փաստեր չեղան, եւ նա ազատ արձակվեց: 

Գոգայի սպանությունից 5 ամիս անց Մոսկվայում սպանվեց «Խիմկի Արթուր» մականունով Արթուր Հարությունյանը, ով Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահն էր եւ նույնպես հակասություններ ուներ Գոգայի հետ: Այդ տարիներին Վանաձորում սպանվեց նաեւ «Դոշ Արտակ» անունով քրեական հեղինակությունը: Մի խոսքով, Վանաձորն ազատագրվեց քրեական հեղինակություններից, բայց՝ սպանությունների արդյունքում: Այդ սպանություններն արդյո՞ք քրեական վենդետաների արդյունք էին, թե՞ վերեւներից իջած հրահանգ՝ դժվար է ասել։ Իսկ սպանությունների «բացահայտումները» վստահություն չէին ներշնչում վանաձորցիներին, քանի որ բոլորը լավ գիտեին հանցագործ աշխարհի հետ իրավապահների, դատավորների ու դատախազների սերտ կապերի մասին: 

Ո՞ր ճանապարհով կգնա Փաշինյանը, Վանո Սիրադեղյանի՝ «ավտարիտետներին» հեռացնելո՞վ Հայաստանից, թե՞ նրանց կուղարկի իրենց «տները»՝ բանտեր, դժվար է ասել: Օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածն ազդարարեց, որ այդ պայքարը հեշտ չի լինելու, հանցաշխարհը հեշտությամբ չի հանձնվելու, եւ կարող է ՔԿՀ-ներում քաոսային իրավիճակ ստեղծվել: Իսկ Փաշինյանի համար դժվար կլինի դուրս գալ հանցաշխարհի դեմ հատկապես իր նշանակած կադրերով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, արդարադատության անփորձ նախարարի միջոցով: Նրանք այն ֆիգուրները չեն, որ կարողանան սանձել «հեղինակություններին», քրեական աշխարհին: Օսիպյանի ղեկավարած կառույցն անպաշտպան է անգամ տրանսգենդերների առաջ, որոնք կարող են մտնել ոստիկանական բաժանմունք, մի լավ քոթակել ոստիկաններին ու անպատիժ մնալ: Օսիպյանը եւ Բադասյանը չունեն նաեւ հանրային այնպիսի դրական ընկալում, որ այդ պայքարում ստանան հասարակության աջակցությունը: Այստեղ կարելի է հույսը դնել միայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վրա:

ՀԳ․ Հանցագործ աշխարհի չգրված օրենքներում կան «դրույթներ», որոնք բավականին պիտանի կլինեն նաեւ ոչ քրեական աշխարհում: Օրինակ՝ ըստ քրեական աշխարհի օրենքների, եթե մարդը մի բան է խոստանում ու իր խոսքի տերը չի լինում, խաբում է, նրան կարող են խստագույնս պատժել, նվաստացնել, ստորացնել: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի շատ իշխանավորների, երկրի ղեկավարների, պատգամավորների, համայնքապետերի վիճակը, եթե այդ օրենքը գործի նաեւ հասարակական կյանքում…