Ուրախ տարեմուտ

Ուրախ տարեմուտ

Զարմանալի բաներ են սկսել տեղի ունենալ մեր երկրում: Առաջին հայացքից, օրինակ, զավեշտալի կարող է թվալ, վարչապետ Փաշինյանի և նրա հրաժարականը պահանջող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնապես հայտարարվեց, որ զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: Իսկ ո՞վ լուրջ վերաբերվեց այդ հանդիպմանը: Համատեղելի՞ են, արդյոք, Նիկոլ Փաշինյան երևույթն ու անկլավի վերածված Արցախում բնականոն կյանքի վերականգնումը, երես ունի՞, արդյոք, Սյունիքից վռնդված Նիկոլ Փաշինյանը քննարկելու ՀՀ սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, և, վերջապես, լո՞ւրջ է, երբ պետության գլուխը հանդիսացող պաշտոնյան հանդիպում է այդ նույն պետության յոթն ու քառսունքը մի տեղ արած հանցագործի հետ: Իսկ գուցե քննարկվել են Նիկոլ Փաշինյանի «անցնցում» հեռացման հետ կապված հարցե՞ր: Եթե այսպես ներկայացվեր, դա ինչ-որ առումով ավելի լուրջ կդիտվեր, քան այդ երկու պաշտոնյաների հանդիպումը որպես Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քննարկում ցուցանելը: Նիկոլը տեղով մարտահրավեր է: Ի՞նչ է, «միամիտ» Արմեն Սարգսյանը մարտահրավերի հետ մարտահրավե՞ր է քննարկում:

Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ որոշեցին հանդիպել: Նրանք սեպտեմբերի 27-ից այսկողմ չէին հանդիպել: Մարտահրավերներ չկայի՞ն այդ ընթացքում, որոնք կարելի էր քննարկել, Արցախում բնականոն կյանքը չէ՞ր խաթարվել, թե՞ Արմեն Սարգսյանն էլ էր մեզ նման համոզված, որ հաղթում ենք ու չէր ցանկանում խանգարել Փաշինյանին: Եվ ուրեմն Արմեն Սարգսյանը պետք է ազնվորեն խոստովանի՝ ինչո՞ւ հանկարծ հանդիպեց վարչապետին: Այլապես ես միանգամայն իրավունք ունեմ մտածելու, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս տարածվող ստի ու կեղծիքի, դավաճանության և ուրացության մեջ նա Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է՝ թիվ 1 մեղավորներից գուցե և առաջինը: Ինձ նաև տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ այս հանդիպումը կայացավ «Լուսահոգի Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի մամլո ասուլիսի հաջորդ օրը: Էդմոն Մարուքյանն այդ օրը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի հեռացման՝ իր թարմացված ճանապարհային քարտեզը, որտեղ տեղ էր հատկացրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Էդմոն ջան, ճի՞շտ եմ նկատել: Եվ ուրեմն ի՞նչ է առաջարկում «Լուսահոգի Հայաստանի» առաջնահերթություն Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է մեկ կետից կառավարվող, կամ մեկ մարդու արբանյակներ համարվող երեք քաղաքական դիակների միություն կազմել՝ իշխանափոխություն թույլ չտալու համար: Մեխանիզմը սա է՝ քանի որ ես (Էդմոնի դեմքով եմ պատմում) և Նիկոլ Փաշինյանը արտաքին կապերի ու հարաբերությունների հարցում չկանք, այդ ոլորտը Փաշինյանը թող տա Արմեն Սարգսյանին՝ լիազորելով նրան անցումային շրջանում ներկայացնել Հայաստանը արտաքին գործընկերների հետ հարաբերություններում: Դրանից հետո Փաշինյանը, որպես պարտության սիմվոլ, հրաժարական է տալիս, իսկ «Իմ քայլ» ու «Լուսահոգի Հայաստան» խմբակցությունները սահուն կերպով վարչապետի աթոռին են նստեցնում ինձ՝ Էդմոն Մարուքյանիս: Իսկ թե ինչու հենց իրեն և ոչ թե միավորված ընդդիմության միասնական թեկնածուին, դա էլ արդեն Նիկոլը պետք է որոշի, եթե տակավին չի կորցրել ինքնապաշտպանության բոլոր բնազդները:

Ի դեպ, Էդմոն Մարուքյանն այս մասին Նիկոլին տեղեկացրել է իր երիտթևի՝ պատգամավոր Գորգիսյանի շուրթերով: Վերջինս հստակ ասել էր, որ իմքայլականների անվտանգությունը կարող են ապահովել միայն իրենք և «փրկվելիք» քայլիստները Նիկոլի «անցնցում» հեռացման հարցով ավելի շուտ իրենց հետ կհամագործակցեն, քան միավորված ընդդիմության: Հավելեմ նաև, որ արտակարգ իրավիճակի «վարչապետ» ընտրվելու պարագայում Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում հրաժարվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Դե ես միշտ եմ ասել, որ նա անչափ խելացի տղա է… 

Ահա և շրջանը փակվում է: Ամեն ինչից պարզ է դառնում, որ սա է Հայաստանում իշխող, այսպես կոչված, կլանի ծրագիրը, որ կարող ենք կոչել տիկնիկների վերադասավորում հանուն իշխանության պահպանման: Կներեք, բայց ես՝ սովորական մահկանացուս, սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել: Թերևս ավելի պատշաճ կլինի այս պահին խոսքը հայ քաղաքագիտության ռահվիրա Լևոն Տեր-Պետրոսյանին փոխանցելը: Կասկած չունեմ, որ նա հրաշալի է տիրապետում ներկա քաղաքական անցուդարձին և կարող է, որպեսզի Էդմոնն ու մյուս երկուսը չվիրավորվեն, այս գործընթացը բնորոշել որպես քաղաքական շանտղություն և հանդուգն քայլ Հայաստանի վերջնական կործանման ճանապարհին: Իսկ թե այս ծրագիրն ինչպես կընդունեն մեր կորուստների հետ չհաշտվող ընդդիմությունն ու վերջինիս սատարող ժողովրդական զանգվածները, մնում է միայն ենթադրել: