Երբ հակափաստարկներ չկան, մնում է զազրախոսել եւ սպառնալ

Երբ հակափաստարկներ չկան, մնում է զազրախոսել եւ սպառնալ

Էդիկ Անդրեասյանը «բաց նամակով» դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Այդ սուռոգատ տեքստին չէի անդրադառնա, եթե չհանդիպեի ինձնից խեղաթյուրված մեջբերման, թե ոմանք հոդվածներ են գրում այն մասին, թե չի կարելի Արցախի ստատուս-քվոյի հետ կապված ներկա իրավիճակը հաղթական համարել: «Այդ ի՞նչ հաղթական վիճակ է, որ ստիպված ենք պաշտպանել անընդհատ՝ հույսներս միայն մեզ վրա դրած»,-գրում է ղարաբաղցի մի գրագետ»: Նման միտք տողերիս հեղինակն է արտահայտել այն իմաստով, որ իշխանության հայտ ներկայացնող յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է հանրային թեսթ հանձնել՝ ինչպես է տեսնում ղարաբաղյան կարգավորումը: Դա իմ համոզմունքն է, որից ոմանք, գուցե, տագնապած են, քանի որ եզրափակել եմ, որ ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել: Հիմնավորել եմ, որ ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու հարցում մենք դաշնակից(ներ) չունենք, դիվանագիտական միջոցներով անհնար է դրան հասնել:

Մնում է մի հնարավորություն՝ պատերազմով պարտադրել Ադրբեջանին: Եթե այս դիսկուրսը հանրայնացվի, դրվի ժողովրդի դատին, ի՞նչ որոշում կընդունի նա: Այս հարցադրումը քաղաքական շատ ուժերի ոտքի տակից խլում է անընդմեջ մանիպուլյացիաների, ազգային զգացմունքների վրա պարազիտանալու հողը: Դա է հունից հանել Էդիկ Անդրեասյանին: Այնքան, որ Արցախի նախագահից պահանջում է մեր «գյամերը քաշել»: Հակառակ դեպքում՝ սպառնում «շմավոն առ շմավոն ի ցույց դնել Արցախի հանրությանը, կախել ազատագրված Շուշիի պարիսպներից»: 

Երբ բանական փաստարկներն սպառվում են, եւ մարդ «կառապանի մակարդակով» է մոտենում ազգային-պետական կարեւորագույն հարցերի քննարկմանը, նրա զինանոցում մնում է գռեհկախոսությունը կամ սպառնալիքը: Էդիկ Անդրեասյանի էյֆորիան ցրելու համար պարզաբանեմ. ես Հայաստանի անկախությունը հռչակած եւ կերտած քաղաքական սերնդից եմ: Չգիտեմ՝ այդ տարիներին պիոներա-սկաուտական ինչ «տրտնգի էր տալիս» Անդրեասյանը, բայց տողերիս հեղինակը 1989թ. դեկտեմբերի 1-ին որպես Ազգային խորհրդի անդամ հռչակել է ԼՂԻՄ-ի միավորումը ՀԽՍՀ-ին, 1990թ. օգոստոսի 23-ին առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակով ընդունել այդ հիմքով անկախ պետականության Հռչակագիր, 1992թ. հուլիսի 8-ին՝ ԳԽ որոշում առ այն, որ Հայաստանի համար անընդունելի է որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս: Հայաստանն իմ պարագայում այլ պետություն չէ նաեւ իրավական կապվածության առումով, ինքն էլ, համոզված եմ, ինձ օտար չի ճանաչում: Ուստի ինձ համար ՀՀ (Արցախով հանդերձ) անկախությունը, ինքնիաշխանությունը եւ երաշխավորված անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան թանկ, անանց արժեքներ են: Եւ շարունակելու եմ պնդել, որ իրոք ժողովրդավարական, իրոք օրենքի գերակայության, իրոք սոցիալական պետություն հնարավոր է ունենալ միայն երկիրը պատերազմից արժանապատվորեն դուրս բերել եւ տնտեսա-կոմունիկացիոն լայն ինտեգրացիայի դեպքում: Այլապես սուղ ռեսուրսների համար կենաց-մահու պայքարը, որ մատուցվում է իբրեւ քաղաքականություն, մեզ վերջնականապես մղելու է խուլ փակուղի, որից ելք հնարավոր է արտաքին միջամտությամբ: (Ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության կորստով): Ընդդիմախոսին վերագրումներ անելուց, սպառնալուց, նույնիսկ հաշվեհարդարի ենթարկելուց ոչ Հայաստանի աշխարհագրական միջավայրն է փոխվում, ոչ նրա ռեսուրսներն են մեծանում, ոչ սպառնալիքները՝ նվազում:

Հ.Գ. Սա այն տեսակն է, որ մշտապես «դավաճաններ» է փնտրում, որպեսզի արդարացնի իրական թշնամուն հաղթելու կամ գոնե արժանապատվորեն նրա հետ պայմանավորվելու անկարողությունը: