Տղաներ, մի մտահոգվեք․ Սամվել Բաբայանը՝ Արցախի իշխանություններին

Տղաներ, մի մտահոգվեք․ Սամվել Բաբայանը՝ Արցախի իշխանություններին
Սամվել Բաբայան

«Արայիկ Հարությունյանի հետ ես մի 5 անգամ հանդիպել եմ արդեն, բայց որեւիցե կապ չունի ԱԱԾ ղեկավարը հանդիպման հետ։ Մենք հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր, պետք է բանակցեինք, որովհետեւ Արայիկ Հարությունյանը պառլամենտում մեծամասնություն ունի»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով իր եւ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։ Ընդհանուր հայտարարի եկե՞լ են, օրինակ՝ միասնական թեկնածու առաջադրելու գաղափար քննարկվե՞լ է։ Պատասխանեց․ «Որեւիցե նման բան չկա, միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, որովհետեւ գաղափարական խնդիրներ կան։ Նման հարցեր չենք քննարկել»։

- Նշվում է, որ Ձեր հաճախակի հանդիպումները հետագայում իշխանությունը բաժանելու հետ են կապված։

- Ընդհանրապես, եթե դեռեւս չկա գրանցման խնդիր, ապա ի՞նչ իշխանության մասին ենք խոսում։ Կարան լրատվական միջոցներով ինչ ուզում են, ինչ ցանկանում են, նման ձեւի խնդիրներ ձեւակերպեն։ Դա իրականությանը չի համապատասխանում, որեւիցե մեկի հետ բանակցություններ չի եղել՝ ինչ-որ բաներ կիսելու, ինչ-որ խնդիրներ լուծելու։ Ես ներկայացրել եմ մեր ծրագիրը ժողովրդին, ինչ որ խոստացել եմ, պարտադիր կատարելու եմ՝ սկսած աշխատավարձից, թոշակներից, էներգետիկ ռեսուրսների գներից եւ այլն։ Թե ոնց կգրանցեն, չեն գրանցի մեզ, մենք կգնանք մեր ճանապարհով, դուք կհետեւեք զարգացումներին։ Հատուկ վիճակ չկա, կա ընտրարշավի պայքար, դիրքավորվում են ուժերը, ամեն մեկն իր համար ոնց պատկերացնում է։ Ես հանդիպել եմ յոթ կուսակցությունների ղեկավարների հետ, ասենք՝ խի՞ եք մենակ Արայիկ Հարությունյանին առանձնացնում։

- Իր անունն է շատ շոշափվում։

- Պատվիրողն է այդ անունը շոշափում։

- Ո՞վ է պատվիրել։

- Իշխանական թեւը, որը ղեկավարում ա, շատ ցավալի է տանում, մտահոգված են, ես կարող եմ Ձեր միջոցով իրենց ասեմ՝ տղաներ, մի մտահոգվեք, որեւիցե կապ չկա այդ հանդիպումների, մենք խոսում ենք մենակ՝ ոնց ենք անելու, որ 25 հազար մարդ ստորագրություն ա տվել, որից 22 հազարինը հանձնվել ա փաստաթղթերը, որ այդ մարդկանց չանտեսեն։ Կան քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ քաղաքական մի մարդու համար պետք չի Սահմանադրություն փոխել, բա Սահմանադրություն մի մարդու համար չե՞ն փոխել, երեք տարով երկարաձգել են, անօրեն նստել ա։ Բա ո՞ւմ համար էին անում, էդ վախտ չէի՞ն տեսնում, լավ չէի՞ն գիտակցում։ Այսինքն՝ որեւիցե հարց չկա մի մարդու կամ կես մարդու, ժողովուրդը տվել է իր ստորագրությունը, օրենքը դա պահանջում ա, մենք օրենքով շարժվում ենք առաջ։

- Այդ ուժերի դիրքավորումը լարվածություն առաջացրե՞լ է Արցախում։

- Ես չեմ գտնում, որ Արցախում մթնոլորտը լարված ա, կամ ինչ-որ լարվածություն ա ստեղծվել, ոչ մի լարվածություն չկա, կարող ա ուրիշների կարծիքով՝ կա։ Ի՞նչ ենք արել լարվածություն ստեղծելու համար, օրենքը պահանջում ա, որ ստորագրահավաք լինի, մենք անց ենք կացրել ստորագրահավաք, հանձնել ենք փաստաթղթերը, սպասում ենք իրենց ընթացակարգին, ի՞նչ կա էդտեղ լարվածություն ստեղծելու։

- Պարոն Բաբայան, Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Մի կողմից էլ նշում էր, որ ինքն Արցախի անունից չի բանակցելու․ այստեղ հակասություն չկա՞, առհասարակ՝ միացմանը կո՞ղմ եք։

- Ես միշտ էլ միացմանը կողմ եմ եղել, եւ իմ բոլոր քայլերն արվում են, որ միացումը լինի։ Երկրորդը․ պետք չի դա մենք կատարենք, օրենսդրական դաշտը պետք է հարթվի, մարդիկ տարբերություն չդնեն՝ մարդիկ որտեղ են ապրում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա ես ողջունում եմ, որ առաջին ղեկավարն ա, որը նման հայտարարություն ա անում բացահայտ, աշխարհին ներկայացնում հայկական դիրքորոշումը, բայց քանի որ Ղարաբաղում ընտրական փուլով ընտրվում է ղեկավար, նա պարտավոր ա ներկայացնելու Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, այ, որ օրը կնշանակվի մարզպետ, այդ օրվանից պետք չի։

- Փաշինյանը նաեւ նշեց, որ Հայաստանը երաշխավոր է լինելու արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելուն։ Արցախն ունի՞ այդ երաշխավորության կարիքը, չէ՞ր կարող միայնակ արդար ընտրություններ անցկացնել։

- Խնդիրը նա ա, որ երբ մենք ներկայացրել ենք այն թվերը, որոնք իրականության մեջ կան, եւ այն վերջին քվեարկության թվերը չի համապատասխանում իրար, էդ հարցը ես եմ բարձրաձայնել։ Եվ Հայաստանի իշխանությունը վերցրել ա իր վրա պատասխանատվություն, որ ես չմտահոգվեմ, որ ընտրությունները լինելու ա թափանցիկ, ու այլ խնդիրներ չեն ծագելու։

- Արցախի իշխանությունները կարծես թե մտադրված չեն սահմանադրական փոփոխությունների գնալու, պատրաստվո՞ւմ եք փողոցային պայքարի դիմելու։

- Ես դա արտահայտվել եմ, Բաբայանը ոչ մեկի չի հրահրում, ժողովուրդը եթե ցանկություն ունի, կազմակերպվելու է եւ գնալու է պահանջելու, թե ինչու են ստորագրություններն անտեսվում։ Բաբայանը չի հրահրում, ո՛չ։ Չի բացառվում, որ ժողովուրդը գնա պահանջելու։

- Հայտարարել էիք, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, այս հայտարարությունն ընտրություններից առաջ չի ազդի՞ Ձեր վարկանիշի վրա։

- Ես ասել եմ՝ դատը լինի, կորոշենք, չեմ ասել՝ քաղբանտարկյալ է։

- Ասել էիք՝ Մարտի մեկին կրակելու հրաման Քոչարյանը չի տվել։

- Այո, ես ասի՝ դատարանն ա որոշելու։ Դատական իրական պրոցեսը սկսվի, կերեւա։ Բայց որեւիցե մի տեղ ես չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, կամ ինչ-որ ձեւակերպում տամ։

- Այդ հայտարարությունը նախընտրական շրջանում չի ազդի՞ Ձեր վարկանիշի վրա։

- Ես քաղաքական գործիչ եմ, զբաղվում եմ քաղաքականությամբ, թե վարկանիշը կիջնի-կբարձրանա, ես դրա հետեւից չեմ ընկնում, ովքեր վարկանիշով են մտածում, մեկ-մեկ թող ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն, չասեն իրական պատկերը։ Ես միշտ արտահայտվում եմ էն, ինչ իրականությունն է՝ չմտածելով վարկանիշն ինչ է լինելու։

- Ձեզ որեւէ բան հայտնի՞ է BBC-ի հրապարակած նյութի մասին, թե Օգանովսկին է կրակելու հրաման տվել։

- Ես տեղյակ չեմ, ես ծանոթացել եմ լրատվական միջոցներից։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ՝ ինչի մասին է խոսքը։