Քաղաքական քծնանք է ռուսերենն Արցախում պաշտոնական լեզու դարձնելը 

Քաղաքական քծնանք է ռուսերենն Արցախում պաշտոնական լեզու դարձնելը 

Եթե Արցախի Ազգային ժողովն ընդունի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը եւ ռուսաց լեզուն պաշտոնական լեզու դարձնի Արցախում, դրա բացասական հետեւանքները շատ ավելին են լինելու մեր բնակչության համար, քան որեւէ դրական ձեռքբերում՝ վստահ է արցախցի գրող, հրատարակիչ Հրանտ Ալեքսանյանը․ «Քաղաքական այն սպասելիքը, որ Ռուսաստանին, Կրեմլին, Պուտինի կամ նրանց ռազմական ղեկավարությանը մի այնպիսի շնորհ ենք մատուցում՝ ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելով, իմ խորին համոզմամբ, ռուսական վերնախավը չի ընդունի նման «շնորհը»։ Չեմ կարծում, թե մեր քաղաքական քայլն ինչ-որ լրացուցիչ բան է ավելացնելու Ղարաբաղի հանդեպ նրանց պահվածքում կամ մոտեցումներում։ Մենք ընդունենք ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու օրենքը, թե ոչ՝ դա որեւէ բան չի փոխելու, ռուսները շարունակելու են այն քաղաքականությունը, ինչ իրենց համար արդեն ֆիքսել են, ինչ մտադիր են անել։ Գուցե խաղաղապահներն իրենց լրացուցիչ շոյված զգան, բայց շատերի համար էլ գուցե նաեւ բացասական արձագանք ունենա։ Այդ ի՜նչ քաղաքական քծնանք է ու շողոքորթություն»։ 

Ալեքսանյանը վստահ է, որ քաղաքական առումով մենք որեւէ լրացուցիչ բան՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում, չենք շահելու․ «Գործնականում դրա անհրաժեշտությունն ամենեւին չկա, եթե Արցախում մեր ղեկավարությունը եւ ոչ ղեկավարությունը բավականին լավ տիրապետում է ռուսերենին, եւ նրանք իրենց շփումները տեղի խաղաղապահների հետ՝ զինվորից սկսած մինչեւ իրենց հրամանատարը, շփվում են ռուսերեն, եւ այդ առումով որեւէ խնդիր չկա։ Ես ավելի քան համոզված եմ, որ անգամ նրանց փոխանցվող գրագրության հետ որեւէ խնդիր չկա։ Թե՛ այդ օրենքի ընդունումից առաջ եւ թե՛ այն ընդունելուց հետո մերոնք ռուսների հետ գրագրությունը մշտապես արել են ռուսերենով։ Մենք ռուսերենի հետ կապված որեւէ խնդիր չունենք, ընդհակառակը՝ ռուսաիմացության եւ ռուսասիրության ավելցուկ ունենք, որ շատ դեպքերում հենց մեր հայերենի եւ հայկական ոգու հաշվին է արվում»։ 

«Հայտնի փաստ է՝ լեզուն մտածողություն է, հոգեբանություն,- ընդգծում է գրողը,- եթե տուրք ես տալիս մեկ այլ լեզվի, քո հոգեբանությունը, մտածելակերպը, գիտակցությունը հակվում են դեպի այդ լեզուն, որովհետեւ ինքն իր ներսում ամբողջովին գենետիկ մի համակարգ է կրում։ Մեզ մոտ բավականին ռուսասեր զանգված կա, 1805թ․ Գյուլիստանի պայմանագրից հետո, երբ Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտավ, եւ ռուսական առաջին զորախումբը Ստեփանակերտի տարածք մուտք գործեց, ռուսերենը տեղացիների համար դարձավ երկրորդ լեզու, որից հետո ռուսասերների սերունդներ են ձեւավորվել»։ 

Ըստ Ալեքսանյանի, թեպետ օրենքը թույլ չի տալիս, բայց այսօր պրակտիկորեն Ստեփանակերտում ռուսական դպրոց է գործում, որտեղ պետք է սովորեին այն երեխաները, որոնց ծնողներից մեկը ռուս է, մինչդեռ սովորում են երկու ծնողը հայ, տեղացիների երեխաները․ «Այս օրենքի ընդունումով շատ են ոգեւորվելու նրանք, որոնք ավելորդ ռուսապաշտություն ունեն հատկապես լեզվի հարցում եւ դեպի Ռուսաստան արտագաղթելու իրենց մտածելակերպի առումով։ Ռուսները վաղուց ներկա են մեզ մոտ, լրացուցիչ որեւէ բան անելու կարիք չկա, պետք է մտահոգվել հայկականությունն ու հայոց լեզուն այնտեղ պահպանելու համար,- ասում է Ալեքսանյանն ու նկատում, որ յուրաքանչյուր 2-3 մարդու խոսքուզրույցը մեծամասամբ ռուսական բառապաշարով է ընթանում, ըստ այդմ, ավելորդ ռուսականացման կարիք չկա։