Տնօրենն ինձ հոգեբանական բռնության է ենթարկում` ամեն ինչ անում, որ դիմում գրեմ

Տնօրենն ինձ հոգեբանական բռնության է ենթարկում` ամեն ինչ անում, որ դիմում գրեմ

Երևանի պետական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական քոլեջի դասախոս Վահե Հովսեփյանը դիմել է «Հրապարակին»` խնդրելով բարձրաձայնել իր իրավունքների ոտնահարման փաստը: Նա մեզ հետ զրույցում պատմում է, որ քոլեջում իր համար սարսափելի վատ պայմաններ են ստեղծել, ամեն ինչ անում են, որպեսզի ինքը հեռանա այնտեղից: Նրա խոսքով` քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանն անգամ ստորագրահավաք է կազմակերպել` իրեն կրթական հաստատությունից հեռացնելու համար, իսկ պատճառն այն է, որ ինքն իր տարեց ու հիվանդ մորը, ով ունի հաշմանդամության կարգ, տարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` հետազոտման, բժիշկներն իրենից գումար են պահանջել եւ ինքը` թեժ վիճաբանություն է ունեցել նրանց հետ: 

Դասախոսը պնդում է, որ այդ դեպքից հետո տնօրեն Ռոմիկ Սարգսյանը քոլեջի կոլեկտիվին և ուսանողներին տրամադրում է իր դեմ, անում ամեն ինչ, որպեսզի ինքը վերջնականապես հիասթափվի ու հեռանա կրթական հաստատությունից. «Ամբողջ պատմությունը սկսվեց ամսի 22-ից: Մայրիկիս ծանր վիճակում տարա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ զոռով-շառով հետազոտություն իրականացրին, եքա կռվով-դավով, ներկայացրել եմ, որ մայրս կարգ ունի, սակայն գումար էին ուզում: Վիճաբանություն սկսվեց, ես զգուշացրել էի, որ եթե ինձանից գումար ուզեն, դիմելու եմ համապատասխան մարմիններին: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ մայրս ունի կարգ, հետազոտություն արեցին, սակայն ես գոհ չեմ, անգամ խնդրեցի, որ պահեն մի երկու օր, ասացին` չէ, սա քեզ համար հյուրանոց չի, գնացեք այստեղից և այլն: Ինչպես արդեն նշեցի, ես աշխատում եմ նույն հիվանդանոցի քոլեջում: Ինձ ասացին, որ քոլեջն ու հիվանդանոցը մի ընտանիք են, քոլեջը ենթարկվում է հիվանդանոցին, որ ես չպետք է կռվեի այնտեղ և այլն, և այլն` այսպիսի հեքիաթներ: Տնօրեն Ռոմիկ Սարգսյանն իրեն շատ անպարկեշտ է պահում, իմ հասցեին տգետ արտահայտություններ է իրեն թույլ տալիս: Ուսանողներից մի քանիսը լուծարք են մնացել, առաջ ինձ ասում էր` լավ ես անում, թող գնան պարապեն նոր գան քննության, հիմա ասում է` ես ամեն ինչ վերլուծել և հասկացել եմ, որ սխալ է, որ չի կարելի ուսանողին լուծարքի թողնել: Մի խոսքով` իմ նկատմամբ վերահսկողություն է սահմանել, ինձ հոգեբանական բռնության է ենթարկում, ասում է` հեռախոսով մի խոսիր, մի քայլիր քոլեջում: Բացատրում եմ, որ մորս պետք է դեղորայք տանեմ, թույլ չի տալիս, ասում` էս ժամին չի կարելի և այլն: Այնպես է անում, որ ես ինքնակամ դիմում գրեմ և հեռանամ աշխատանքից: Ինձ հիվանդանոցում ասում էին` մորդ չես կարողանում պահել, բերել ես մեր ջանից կապես: Դա ասելու բա՞ն է, ո՞նց կարելի է: Մի խոսքով` իմ իրավունքները պաշտպանելն իմ աշխատավայրում դարձել է «հայոց հարցը» և ամեն օր փորձում են այնպես անել, որ ես այնտեղից հեռանամ: Այսօր էլ նյարդայնացած տուն եմ եկել, շատ վատ մթնոլորտ է տիրում քոլեջում: Բոլորին իմ դեմ է լարում` դասախոսներին, ծնողներին, ուսանողներին, այնպես է անում, որ ինձ հետ չշփվեն, ինձ նորմալ չվերաբերվեն, ինձ հետ խոսեն արհամարհական և կոպիտ: Ինձ այժմ փորձում են կրճատել: Փաստորեն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն իրենց համար սրբավայր է: Այնտեղ ինձ կարող են անպատվել, իսկ ես պետք է լռեմ: Ես դասավանդում եմ` անատոմիա և ֆիզիոլոգիա և իմ աշխատանքը կատարում եմ լավ»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Մենք դիմեցինք քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դասախոսի ասածները չեն համապատասխանում իրականությանը, իսկ թե ինչո՞ւ է ստում Հովսեփյանը, տնօրենն այդ հարցի պատասխանը չունի. «Այն, ինչ Ձեզ հաղորդել է` իրականությանը չի համապատասխանում: Այսօր եկել են նաև ոստիկանության աշխատակիցներ, նա դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Ես ոչ մի ժամ իրենից չեմ կրճատել, ինքը ինչքան որ պարապում էր, հիմա էլ շարունակում է պարապել: Ես ոչ մեկին հոգեբանական ճնշումների չեմ ենթարկում: Ես այդ մարդու հետ առանձին զրույց չեմ ունենում: Մեր բոլոր զրույցներն ունենում եմ ուրիշ մարդկանց ներկայությամբ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Ամեն բան ապացուցվող է, ես ոչ մի նման բան չեմ արել»

Իսկ ինչո՞ւ է ստում Վահե Հովսեփյանը, մեր զրուցակիցն ասաց. «Ինքը պետք է ասի, թե ուր են տանում իր նպատակները: Նա տարբեր խնդիրներ ունի տանը, իսկ մենք միշտ բարեհամբույր ենք եղել իր հանդեպ, միշտ ընդառաջել ենք իրեն, բայց ինքը խնդիրներ ունեցել է թե ուսանողների և թե խմբերի հետ, իսկ մենք երբևէ իր համար խոչընդոտներ չենք ստեղծել»: