Լեզվի կոմիտե. ապիկար կառույց

Լեզվի կոմիտե. ապիկար կառույց

Ի պաշտպանություն հայերենի եւ հայ մանկան` մայրենի լեզվով բնականոն կրթություն ստանալու իրավունքի հանդես եկող հատուկենտ մարդկանց կամ խմբերի ձայնը, ավաղ, շատ էլ լսելի չէ. ահազանգ չի դառնում: Իշխանությունները՝ հայերենին կանոնավոր չտիրապետող իրենց նախարարի դեմքով, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակեն խուլ մնալ հանրային բողոքների հանդեպ, որ հնչում են կրթական նոր չափորոշիչներով ենթադրվող՝ հայոց լեզվին հատկացված ժամաքանակները կրճատելու կապակցությամբ:

Հայոց լեզվին պատուհասվող այս նոր մարտահրավերի առնչությամբ տարօրինակ կերպով խուլ ու համր է նաեւ մի կառույց, որը պիտի լիներ լեզվի իրավունքների պաշտպանության առաջնադիրքում` լեզվի կոմիտեն:

Քար լռություն է այս կառույցում, եւ այդ լռության համար չի կարող արդարացում լինել այն հանգամանքը, որ կառույցը գտնվում է հայոց լեզվին պարբերաբար մարտահրավեր նետող գերատեսչության` ԿԳՄՍ նախարարության կառուցվածքում: Ակնհայտ է, որ լեզվի կոմիտեն այնքան օրգանապես է ինտեգրվել գերատեսչությանը, որ ուղղակի չի կարող ընդվզել ինքն իր դեմ:
Իսկ որ լեզվի կոմիտեն ապիկար կառույց է, տողերս գրողը համոզվել է դեռ այն ժամանակներից, երբ Պետրոս Ղազարյան կոչված հակալեզվական երեւույթին տանում էին Հանրային հեռուստաընկերություն, տանում էին` իբր քիչ էր, դեռ կարգում էին լրատվականի տնօրեն: Խոսքն այն մարդու մասին է, որի բազմամյա հեռուստալրագրական կարիերայում քիչ եղան այն երջանիկ դեպքերը, երբ նա հաղորդումը վարեր գրական կանոնավոր հայերենով եւ ավանդական է-ախոսությամբ: 

Բայց Պետրոսին տարան Հանրային հեռուստաընկերություն, իսկ լեզվի կոմիտեն լուռ էր: Վերջինս ոչ միայն վտանգ չտեսավ այդ իրողության մեջ, այլեւ շարունակեց իր տաղտկալի հորդորակներն ուղարկել ամենուր, այդ թվում՝ նաեւ Պետրոսի խմբագրություն: (Այդ օրերին «Հրապարակ» օրաթերթում տողերս գրողը մի քանի հոդվածով փորձեց հրահրել կոմիտեին, որ գեթ մեկ անգամ համարձակություն ունենա եւ իր հորդորը (ոչ հորդորակը) հղի երկրի վարչապետին ու մյուս պաշտոնյաներին` Պետրոսի նմանին Հանրային հեռուստաընկերություն տեղափոխելու լեզվամշակութային վտանգների մասին, սակայն` ապարդյուն): Եվ ես վերջնականապես համոզվեցի, որ լեզվի կոմիտեն անզգա եւ անտարբեր է բոլոր այն վտանգների ու սպառնալիքների հանդեպ, հենց որոնցից լեզուն պաշտպանելուն կոչված է:

Լեզվի կոմիտեն, ահավասիկ, ոչ մի անգամ չարձագանքեց, երբ վարչապետի մակարդակով ու «բարձր» օրինակով հայերենը՝ ավանդականորեն խաղաղ այդ լեզուն, ագրեսիվության ոչ հայկական շեշտեր էր ստանում, համալրվում նոր` իր բուն, ներքին ներդաշնակությանը ոչ հարիր դարձվածաբանությամբ եւ բառամթերքով: 

Լեզվի կոմիտեն, ի հեճուկս իրենից մեծ ակնկալություններ ունեցողների (պայմանավորված «նոր» ժամանակներով եւ նոր պետով) իր հիմնական առաքելությունը դարձյալ տեսավ… սովորական մանկավարժական գործունեության մեջ: Մտեք կոմիտեի Ֆեյսբուքի պաշտոնական էջ եւ կտեսնեք, թե ի՛նչ երջանիկ անտեղյակությամբ են կոմիտեի աշխատակիցները զբաղված դասատուությամբ: Նրանց համար շարունակում է աշխատանքային գերխնդիր մնալ, դիցուք, վերաբերե՞լ, թե՞ վերաբերվել, իմ համա՞ր, թե՞ ինձ համար ասել-գրելու հույժ «կարեւոր» գիտելիքի հանրայնացումը, այլ ոչ թե իսկապե՛ս սրտացավ, իսկապե՛ս անաչառ, իսկապե՛ս անկախ ու համարձակ կեցվածքը՝ լեզվին սպառնացող վտանգները վերացնելու եւ սպառնալիքներին դիմագրավելու ճանապարհին:
Դա է պատճառը, որ հանրությունն արդեն երկար ժամանակահատված չի լսում այս կոմիտեի մասին. վերջին շրջանում նրա անունը հիշատակվել է՝ գլխավորապես կապված 2019 թվականի տարեվերջյան պարգեւավճարներն աշխատակիցներին բաշխել-չբաշխելու խնդրի առնչությամբ: 
Արդ, երկու հարց լեզվի կոմիտեին եւ ԿԳՄՍ նախարարությանը.

կրթական նոր չափորոշիչները մշակելիս ի՛նչ չափով եւ ներգրավվածության ի՛նչ մակարդակով է կոմիտեն մասնակից եղել գործընթացին: Վերջինս արդյոք ներկայացրե՞լ է առաջարկություններ կամ մտահոգություններ կրթական չափորոշիչներում լեզվին սպառնացող մարտահրավերների եւ դրանք ի չիք դարձնելու վերաբերյալ: Մասնավորապես` ի՛նչ դիրքորոշում է ունեցել կոմիտեն հանրակրթական դպրոցում հայոց լեզվին հատկացվող ժամաքանակի հավանական կրճատման խնդրում:

Երկրորդ. եթե կոմիտեն մասնակցել է կրթական նոր չափորոշիչների մշակման գործընթացին եւ չի կարողացել պաշտպանել հայերենի իրավունքները, ինչո՞ւ հրաժարական չի տվել կոմիտեի ոչ միայն պետը, այլեւ ամբողջ այդ ապիկար կառույցը: 

Քանզի այդ կառույցի չգոյության պարագայում հանրության ներսում կձեւավորվեին լեզվի անվտանգությունն ապահովող, լեզվական իրավիճակը հսկող եւ հայ լեզվակիրների իրավունքները պաշտպանող գործուն հանրային ձեւաչափեր: