«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրքը՝ հսկայական փաստական նյութ է

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրքը՝ հսկայական փաստական նյութ է

Մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում՝ Կոնդ թաղամասի, այդ թվում՝ այսպես կոչված «Թեփեբաշի»  թաղամասում «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ:

Թեմայի շուրջ զրուցել ենք ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

- Ադրբեջանական կողմը շարունակ նոր կեղծ օրակարգեր է մտցնում շրջանառության մեջ և համառորեն աշխատում այդ ուղղությամբ: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս տարածքային նկրտումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Եվ ինչպես բազմիցս նշվել է, ադրբեջանական կողմը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, դրանք հետո դառնում են հրահանգներ և տարբեր հարթակներում սկսում օգտագործվել մեր դեմ: Քանի որ հայկական կողմը հռչակել է «խաղաղության դարաշրջան» և որևէ քայլ չի ձեռնարկում Ադրբեջանի գործողությունները պատժելու ուղղությամբ, անգամ ռազմագերիների թեման մեր սխալ և փնթի քաղաքականության հետևանքով դուրս եկավ միջազգային օրակարգից, դրա համար էլ Ադրբեջանը գնալով ավելի է ոգևորվում և հանդուգն դառնում:

- Իսկ ի՞նչ կարող է անել հայկական կողմը:

- Հայկական կողմի ձեռքին այնքան հսկայական փաստական նյութ կա՝ Ադրբեջանի համար տարբեր հարթակներում «գլխացավանքներ» ստեղծելու համար: Օրինակ՝ այս տարվա մայիս ամսին Մատենադարանի կողմից հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրքը՝ անգլերեն լեզվով: Սա հսկայական փաստական նյութ է, որը կարող է ճիշտ կիրառության դեպքում օգնել հայկական կողմին տարբեր միջազգային հարթակներում իր դիրքերը ամրապնդելու համար: Սակայն, խիստ թերահավատ եմ, որ ԱԳՆ–ն պատշաճ ուշադրություն է դարձնում այդ հարցին: Եթե ուզում ենք հակադարձել ադրբեջանական քարոզչամեքենային, պետք է համատեղենք ջանքերը, սերտ աշխատանք պետք է ընթանա այդ հարցերով զբաղվող գիտնականների և դրանց դեմ տարբեր հարթակներում պայքարող դիվանագետների միջև: Ցավոք, չկա նման քաղաքականություն, իսկ հանրային պառակտվածությունն էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում: Հայկական կողմը չի կարողանում օրակարգ թելադրել, իսկ հռչակած թեզերն էլ անբովանդակ են և փուչ: Մենք ցանկանում ենք, որ պետական մակարդակով պայքար ընթանա ադրբեջանական քարոզչաթեզերի դեմ այն դեպքում, երբ հենց պետության ղեկավարի և իշխող ուժի կողմից են երբեմն թեզեր հնչում, որոնք օգտագործվում են մեր դեմ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: