Ալեն Սիմոնյանը դժվարացավ բացատրել` ում պահանջով և ինչու պաշտոնից ազատեց իր ընկերոջը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը դժվարացավ բացատրել` ում պահանջով և ինչու պաշտոնից ազատեց իր ընկերոջը (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ իր ընկերոջը` Վահան Նարիբեկյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման հարցին: Սիմոնյանը նախ փորձեց արդարանալ, թե Նարիբեկյանի ազատման հարցը դեռ դեկտեմբերին էր որոշվել, բայց չբացահայտեց` ինչ հիմքով:

Նկատենք, որ մամուլում գրվեց, որ ՔՊ-ի որոշ պատգամավորների օգնականներ են այս ամենը կազմակերպել, քանի որ Նարիբեկյանը այս տարվա սկզբին պարգևավճար չի տվել:

Hraparak.am-ի հարցին` սա իր դեմ կազմակերպված արշա՞վ չէր, արդյոք, որ իր ընկերոջը հանել տվեցին աշխատանքից, Սիմոնյանն ասաց. «Որևիցե մեկը որևիցե ընկերոջ էդ տրամաբանությամբ գործի չի ընդունում, որպեսզի հետո գործից ազատի իր ընկերոջը կամ աշխատակցին»:

Վա՞տ էր աշխատում Նարիբեկյանը, Սիմոնյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց. «Ես արդեն Ձեզ ասացի` դեկտեմբեր ամսին որոշում էր կայացվել, դրա հիմնական պատճառներից մեկը նաև այն էր, որ պարոն Նարիբեկյանը ցանկություն ուներ մասնավոր դաշտում շարունակել»:

Նկատեցինք, որ Նարիբեկյանը հենց մասնավոր դաշտից էր եկել պետական ապարատ, բայց Սիմոնյանն այլևս չուներ հիմնավոր պատասխան, ուստի չարձագանքեց:

Hraparak.am-ը նկատեց, որ ասում են` Հայկ Կոնջորյանի օգնական Նատալին է կարողացել խառնակչություն մտցնել իրենց խմբակցությունում, և ինչ-որ մարդու հանել տալ: Իհարկե, հարց է` ինքը այդքան կա, թե ոչ, բայց պարզ է, որ օգնականները «բզբզացել են», որ Նարիբեկյանը ի վերջո ազատվել է պաշտոնից:

Այս ամենին ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց, թե օգնականներն ու պատգամավորները իրենց թիմի անդամներն են:

«Մի փորձեք սեպ խրել: Էդ հոդվածների շարանները, թեման ինչ-որ մեծացնել, սարքել դարակազմիկ մի բան»,-ասաց ԱԺ նախագահը:

Նրան հիշեցրինք, որ այդ օգնականներն են պարգևավճար պահանջելու վերաբերյալ այդ գրությունը մուտք արել «Մալբըրի» համակարգ, ու դրանից է տարածվել թեման, Ալեն Սիմոնյանն այլևս չցանկացավ շարունակել` հավանաբար այլ արդարացում կամ բացատրություն չունենալով իր ընկերոջը ՔՊ-ականների պահանջով աշխատանքից ազատելու վերաբերյալ:

«Ես կարծում եմ` թեման արդեն սպառված է»,-ասաց նա` լրացուցիչ հարցեր թողնելով թեմայի շուրջ:

Մանրամասն՝ տեսանյութում