Բա՜, ծանոթ դեմքեր են 

Բա՜, ծանոթ դեմքեր են 

Մամուլում հայտնվել են հրապարակումներ, որ  Արցախի նախագահի ընտրություններում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է հաղթողի ամենահավանական թեկնածուն։ Բայց արտառոցն այն է, որ այս պնդումը հիմնավորում են նրանով, որ նա է Փաշինյանի ֆավորիտ թեկնածուն, այլապես հաղթելու նրա հավանականությունը խիստ կնվազեր: Թե ի՞նչ հիմքի, Փաշինյանի ո՞ր հայտարարության կամ սոցիոլոգիական ե՞րբ եւ ու՞մ կողմից անցկացված հետազոտությունների վրա է կառուցված այս ընդհանրացումը՝ հեղինակները չեն նշում։ Հոդվածներից մեկում միայն մատնաշնված է այն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում «ում վրա քրեական գործ են հարուցել՝ ճիշտ են արել, ում վրա էլ որ հարուցելու են՝ դա էլ են ճիշտ անելու»: 

Տարրական բարեխղճությունը պահանջում է, որ նշվի, թե երբ եւ որտեղ է Արայիկ Հարությունյանը նման միտք հնչեցրել, ինչը բացակայում է: Եւ մեզ մնում է վստահաբար պնդել, որ Արցախի նախկին վարչապետը նման հայտարարություն չի արել, սա պարզապես քաղտեխնոլոգիական ինչ-որ խոհանոցում մշակված քարոզչակաղապարի արդյունք է։ Բայց հեղինակները հեռուն գնացող եզրահանգումներ էլ են անում, թե՝ Հարությունյանին չի հուզում, որ քրեական գործեր են հարուցված Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ եւ հնարավոր է՝ հարուցվեն նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ: 

Թե ի՞նչ կապ ունի այդ ամենն Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանի հետ՝ մնում է անհասկանալի կամ մի՞թե ԱՀ առաջին նախագահ, հերոս կամ ԻՊ ուժերի կոմիտեի նախագահ լինելն ինդուլգենցիա է, մարդուն ազատում է քաղաքական, առավել եւս՝ քրեական պատասխանատվությունից, եթե դրա համար բավարար հիմքեր կան: Իսկ թե կան կամ չկան՝ արդարադատության խնդիրն է: Խնդրո առարկա թեմայով ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հենց այդ տրամաբանությամբ է արտահայտվել՝ թող դատարանը պարզի՝ մեղավո՞ր են, թե՞ անմեղ այդ մարդիկ: Նման մոտեցումը, երեւում է, չի տեղավորվում որոշակի շրջանակների պատկերացումներում: Նրանց խնդիրն է՝ տպավորություն ձեւավորել, որ Հայաստանում «վհուկների որս է» եւ «մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների համար»: Բայց ինչու՞ են սեւեռվել Արցախի նախագահի ընտրությունների վրա, ինչու՞ են հետեւողականորեն փորձում Արցախը ներքաշել իրենց բանակռվի դաշտ: Ինքնուրույն չե՞ն կարող սեփական խնդիրները ներկայացնել հանրությանը, փորձել բավարար աջակցության հասնել եւ անցնել հետագա, արդեն զուտ քաղաքական քայլերի: Կանխածրագրել էին, որ վարչապետ Փաշինյանի դեմ պայքարում Արցախն անվերապահորեն պիտի իրե՞նց աջակցեր:

Ինչ-որ նախադրյալներ ստեղծել էին, բայց դրանք գործնական հարթություն տեղափոխել չհաջողվեց, որովհետեւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չաջակցե՞ց իրենց: Բայց սա ի՞նչ մտածողություն եւ վերաբերմունք է, երբ Արցախը դիտվում է իբրեւ «ռազմա-ֆեոդալական գետտո»՝ պարտադրված հետեւելու միայն այն ուղեգծին, որ կթելադրվի իրենց կողմից: Այս գործի «ճարտարապետներին» մնացել է մի վերջին հնարք օգտագործել՝ փորձել հակասություններ սադրել պաշտոնավարման ժամկետն ավարտող Բակո Սահակյանի եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի միջեւ: Քաղտեխնոլոգիական այդ նախագծի ամենավտանգավոր շեշտադրումներից մեկն էլ այն է՝ տպավորություն փոխանցել, որ Արցախի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ «հակասություններ կան»: Եւ եթե Արայիկ Հարությունյանն էլ «գործեր այդ գծի մեջ, ապա…»: Սա գաղափարա-քարոզչական նենգամտություն է, որ կարող էր խմորվել միայն այն շրջանակների «օրհնությամբ»՝ անկախ անձերից, որոնք գործնականում թքած ունեն եւ Հայաստանի, եւ Արցախի ապագայի վրա: