Եթե կարճ ասեմ, ապա մարդկանց ասվում է՝ Հայաստանում ներդրումներ մի արեք

Եթե կարճ ասեմ, ապա մարդկանց ասվում է՝ Հայաստանում ներդրումներ մի արեք

«Հրապարակի» հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ


- Պարոն Բագրատյան, Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առեւտրային բանկերը մտահոգություններ ունեն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված, քանի որ հնարավոր է՝ գրավադրված գույքը ճանաչվի որպես այդպիսին։ Ի՞նչ սցենարներ եք կանխատեսում, ի՞նչ հետեւանքներ կունենա այս օրենքը, եթե ստորագրվի Արմեն Սարգսյանի կողմից։ Այդ դեպքում Արմեն Սարգսյանը ե՞ւս կրում է քաղաքական պատասխանատվություն։

- Այդ օրենքը հակասահմանադրական է։ Այն հակասում է գործող Սահմանադրության 60-րդ (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով), 66-րդ (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ), 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) եւ այլ հոդվածներին։ Տվյալ դեպքում Ձեր նշած անձն իրավացի է. այն կարող է տարածվել նաեւ գրավադրված գույքի վրա։ Եթե Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրի, ապա նա կրում է այդ պատասխանատվությունը։ Չէ՞ որ նա պարտավորվել է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։

- Եթե օրենքը հակասահմանադրական է, ապա ինչպե՞ս է այն կիրարկվելու։ 

- Կարծում եմ` այն աղմուկի, ժողովրդական զանգվածներին մոլորեցնելու համար է։ Պոպուլիզմ, որը պետք է փրկի իշխանությունների դեմքը։ Նրանք հակակոռուպցիոն խոստումներ են տվել, որոնք չեն կատարել։ Հիմա այս օրենքով հնարավորություն են ստանում այս կամ այն մարդուն ապօրինի գույք հափշտակած համարել։ Իրականում ոչ մի գույք էլ այս մեխանիզմով չի խլվելու։

- Իսկ հնարավոր չէ՞ր ընտրել այնպիսի մեխանիզմ, որն օրինական կլիներ, կամ՝ ո՞ր դեպքում գույքի բռնագանձումն օրինական կլիներ։

- Օրինական կլիներ, եթե ընդունվեր ոչ թե որպես օրենք, այլ սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ հանրաքվեով։ Բայց սա արդեն կբերեր առճակատման Վենետիկի հանձնաժողովի ու ժողովրդավարական արժեքների հետ։ Չհամարձակվեցին։ Իսկ օրինական ճանապարհներ կան։ Այսօր, օրինակ, այդ ճանապարհով են պատասխանատվության կանչել Գագիկ Խաչատրյանին։ Բայց դա երկար ճանապարհ է իշխանությունների համար։ Բացի դա, նույնիսկ այս պարագայում իշխանությունների գործողությունները համոզիչ չեն։

- Նման օրենքի գոյությունը Հայաստանում ի՞նչ ազդակ է  ներդրողների համար։

- Եթե կարճ ասեմ՝ մարդկանց ասվում է․ Հայաստանում ներդրումներ մի արեք։

- Դուք մշտապես խոսում եք կապիտալի արտահոսքի մասին, ունե՞ք տվյալներ, թե 2018-2020թթ․ որքան է կազմել Հայաստանից արտահոսքը։

- ԱՎԿ-ն դիտավորյալ նման հետազոտություններ չի անում։ Այնուամենայնիվ, ազգային հաշիվների համակարգում կա մի թիվ՝ փոխանցումներ արտասահմանին։ Այն, իհարկե, միայն կապիտալի արտահանումը չէ։ 2018-ին այն կազմել է մոտ 1.3 մլրդ դոլար։ 2019-ի թվերը դեռ հրապարակված չեն։ 

- Հայաստանն աշնանը եւ ձմռանը կարո՞ղ է ունենալ պարենի խնդիր, թանկացումներ կլինե՞ն։

- Արտաքուստ պարենի խնդիր չի լինի, քանզի պրոբլեմը պահանջարկի, գնողունակության մեջ է, քան արտադրության։ Արտադրությունը, իհարկե, պակասում է։ Բայց էլ ավելի արագ պակասում է գնողունակությունը։ Մարդկանց ձեռքը փող չկա ու չի էլ լինելու։ Այդ իսկ պատճառով գների էական բարձրացումը բացառված է։ 

- Աշխարհի տնտեսությունները քանդվում են, անշարժ գույքի գներն անկում են ապրում, ապրանքների ու ծառայությունների գներն իջնում են, կառավարությունը գույքահարկ է բարձրացնում։

- Համաձայն եմ, գույքահարկ բարձրացնելու լավագույն պահը չէ։

- Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ կառավարությունը պետք է արտաքին պարտքը մեծացնի եւ պետական, համայնքային ծրագրեր իրականացնի, գյուղատնտեսություն, շինարարություն եւ այլն․ համամի՞տ եք։ 

- Չգիտեմ։ Կարծում եմ, նախեւառաջ, նման համաճարակային ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է հնարավորինս առավելագույնը փոխհատուցի մարդկանց կորցրած եկամուտները։ Մանավանդ, եթե կառավարությունը բյուջետային մուտքերի անկում ունի։ Ի՞նչ նոր շինարարության մասին է խոսքը։ Իհարկե, եթե ինչ-որ մի հրաշքով կառավարությանն անհամար փողեր չեն տվել։ 

- FIP․am կայքը  վերլուծել էր  Ձեր հայտարարությունը, որ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշումը, որով կառավարությանը հնարավորություն է տրվել առանց խորհրդարանի համաձայնության վերաբաշխումներ կատարել պետական բյուջեում, հակասում է Սահմանադրությանը։ Գրել էին, որ Դուք մանիպուլացնում եք։  Մասնավորապես , նշում են, որ  2020-ի փետրվարի  բյուջեի եկամուտները ավել են,  քան 2019 փետրվարինը, իսկ 2020 -ի  առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտներ եղել են 349 միլիարդ դրամ՝ 2019-ին առաջին  եռամսյակի 299, 6 միլիարդի փոխարեն։ Ի՞նչ կասեք։

- Ո՞վ է FIP-ը։

- Դանիել Իոաննիսյանի կազմակերպության կայքը։ 

- Բարի։ Երբեք FIP-ի նման պրիմիտիվ «աղբյուրի» չեմ պատասխանել։ Բայց քանի որ խնդրեցիք, պատասխանում եմ։ ԱԺ վերը նշված օրենքը, միանշանակ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ 110 եւ 111 հոդվածներին։ Փաստարկն առ այն, որ կառավարությունն արդեն իսկ ուներ իրավասություն՝ առանց ԱԺ-ի հաստատման բյուջեի գումարների վերաբաշխումներ կատարելու (մտաբերելով 2003թ․ օրենքը եւ դրանից առաջ), անհեթեթ է. Սահմանադրությունն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին, եւ վերը նշված օրենքն ԱԺ-ն պետք է առոչինչ համարեր։ Նոր փաստարկն առ այն, որ կորոնավիրուս կա, նման է  Գյուլնազ տատի հեքիաթին։ Հետո ի՞նչ։ Որտե՞ղ է գրված, որ կարելի է Սահմանադրություն խախտել։ 2020-ի փետրվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 90.74 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 91.09 մլրդ դրամ։ Երեւի FIP-ին Նիկոլ Փաշինյանը դեռ չի սովորեցրել, որ կան «պետական բյուջեի եկամուտներ» եւ «պետական բյուջեի հարկային եկամուտներ»։ Եվ,  վերջապես, 2019-ի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները եղել են 299.6 մլրդ, իսկ 2020-ին՝ 349 մլրդ դրամ, այդպես չէ՞։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ 2019-ի 1-ին եռամսյակի հարկերն ու տուրքերը եղել են 435.4 մլրդ դրամ, իսկ 2020-ինը՝ 349 մլրդ դրամ։ Այլ հարց է, որ նշված 435.4 մլրդ դրամից 136-ը ՊԵԿ-ը ներկայացրել է որպես գերավճար։ Հավաքվել է 435.4։ Հիմա մի երկու խոսք FIP-ի եւ Իոաննիսյանի մասին։ Այդ հիմնարկը, ի վերջո, ֆինանսավորվում է հանրային ռեսուրսի հաշվին։ Հետեւապես, Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքերում պատասխանատվություն է կրում։ Իսկ հանրությունը պետք է իմանա, որ այդ Դանիել Իոաննիսյանն առիթը բաց չի թողնում ՌԴ-ին քլնգելու։ Անցյալ տարի վկան եմ եղել դրա պահվածքին, երբ դրան դեմ էին տալիս ՌԴ -ին քֆրտելուն՝  տեղի եւ անտեղի։ ՀՀ քաղաքացին, իհարկե, նման իրավունք ունի, բայց երբ այդ ամենն արվում է տեղական կամ դրսի ռեսուրսների հաշվին, ապա Փաշինյանն այստեղ խնդիրներ ունի։ Հետո էլ դուրները չի գալիս, երբ Լավրովն իրենց ոչ ականջահաճո բաներ է ասում։

ՀԳ. Հարցազրույցն անելու ժամանակ դեռեւս հայտնի չէր, որ ՀՀ նախագահը ստորագրել է Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման վիճելի օրենքը։ Ընդ որում, մի բարոյախրատական հայտարարություն տարածելով եւ խորհուրդներ տալով, թե ինչպես կիրառեն օրենքը, որ խնդիրներ չառաջանան։ Ամենաարտառոցն այն է, որ Սահմանադրության հետ հակասության մեջ մտնող օրենքը ստորագրելով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը մեղքը բարդել է «իրավակիրառ պրակտիկայի վրա»։