Դիմադրենք ռուսական շանտաժին, բայց նաեւ դիմենք ՄԱԿ-ին 

Դիմադրենք ռուսական շանտաժին, բայց նաեւ դիմենք ՄԱԿ-ին 

Մայիսի 12-13-ից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի սագան դեռ չի հանգուցալուծվել: Իսկ երեկ առավոտյան նոր զարգացում եղավ` ՀՀ տարածքից հայ զինվորականներ գերեվարվեցին, ինչն իրերի վիճակն ավելի բյուրեղացրեց: Այժմ ընտրությունը գրեթե երկընտրանքի է հանգել` կա՛մ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-նը գալիս ու կատարում են Հայաստանի հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները, կա՛մ միջազգային հարթությունում արձանագրվում է, որ դրանք քաղաքական եւ ռազմական դիակներ են, եւ Հայաստանը սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպում է ՄԱԿ ԱԽ կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքների, այդ թվում՝ Հայաստան ֆրանսիական եւ ԵԱՀԿ խաղաղապահներ ու ռազմական ուժ բերելու միջոցով: 

Հայաստանը որքան հանդուրժել է նման մեռելածին կառույցներին, այլեւս բավ է: Միայն պակասում է, որ Ռուսաստանի արտաքին լռության ու ներքին խրախուսման արդյունքում Ադրբեջանը Հայաստանի տարածքից դուրս չգա ու դեռ լկտիանա այն աստիճան, որ Հայաստանից մարդ գերեվարի: Սա կարմիր գիծ է, որ Փաշինյանին այլեւս ընտրություն չի թողնում, քան ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին մի կողմ թողնել ու Հայաստանի տարածքի անձեռնմխելիության խնդիրը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ տեղափոխել: Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի խայտառակ պահվածքը, չնայած ռուսական քարոզչամեքենայի եւ Հայաստանում տարածված նրա մետաստազների ջանքերին, տեսանելի է: Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին՝ սահմանին ծագած ճգնաժամի հարցով, եւ ո՛չ ՀԱՊԿ-ն, ո՛չ ոխերիմ բարեկամ Ռուսաստանի Դաշնությունը չեն բարեհաճում իրենց դաշնակցային պարտավորությունները կատարել եւ ՀՀ սահմանը պաշտպանել ներկա պահին Հայաստանի մեծագույն թշնամուց` Ադրբեջանից, որը համատեղությամբ իրենց բարեկամն է: 

Սա պետք է արձանագրել համոթ բոլոր այն ռուսոֆիլ ուժերի, որոնք Հայաստանը քարշ են տվել ՀԱՊԿ, հետո էլ՝ ԵԱՏՄ: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ռուսոֆիլ դատարկամիտների ասածն այն էր, թե իբր սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում Հայաստանը ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին ժամանակին եւ պատշաճ չէր դիմել Փաշինյանը, թե չէն պատկերացնո՜ւմ եք, ՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանը գալու էին Հայաստանին պաշտպանելու: Իհարկե, չէին գալու, ինչպես հիմա չեն գալիս: Եվ սա հրաշալի առիթ է՝ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի պահվածքը ՆԱՏՕ-ի երկրների պահվածքի հետ համեմատելու համար, որոնք նույնիսկ առանց սահմանային միջադեպերի ու ճգնաժամի 2016-ից ի վեր մերձբալթյան երկրների խնդրանքով եկել եւ ռոտացիոն կարգով հերթափոխում-հերթապահում են Ռուսաստանի հետ սահմանին՝ բացառելու համար Ռուսաստանի հնարավոր սահմանային ասպատակությունները Լատվիայի, Լիտվայի կամ Էստոնիայի հանդեպ: Այ, դա է ընդհանուր պաշտպանությունը, դա է դաշինքը, դա է դաշինքին անդամակցությունը, ինչին ռուսական պրիզմայով աշխարհին նայող, ռուսական միջավայրում դաստիարակված անձինք չեն կարող հասու լինել: 

Ինչեւէ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին ճակատագրական սխալ չգործեր եւ գրողի ծոցն ուղարկեր նախագահի հրաժարականը պահանջող հայտնի ուժերին, հետո էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ համաձայնությունները կնքեր, հիմա արդեն քառորդ դար Հայաստանը շրջափակման ու զրկանքների ենթարկվելու եւ քայլ առ քայլ ոխերիմ Ռուսաստանի «գրկում» առաջանալու փոխարեն, կունենար նույն որակի պրագմատիկ ու հավասարակշռված հարաբերություններ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես, ասենք, Հունաստանը: Ոչ թե այսօր էլ նման անհեթեթություն կհնչեր Հայաստանում, թե Ռուսաստանը մեր բարեկամն է, Թուրքիան` թշնամին:
Ցանկացած մարդ, ով գիտի 19-20-րդ դարերի հայոց պատմությունը, պետք է որ գիտակցի, որ հայկական իրականության մեջ Ռուսաստանի եւ Թուրքիայի դերակատարությունը եղել է նույնականորեն քստմնելի, հետեւաբար, եթե Թուրքիան թշնամի է, ուրեմն Ռուսաստանն էլ է թշնամի, եթե Ռուսաստանը բարեկամ է, ուրեմն Թուրքիան էլ թշնամի չէ: Իրականում, իհարկե, ո՛չ քրդերը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն կարող Հայաստանի կամ հայության բարեկամ լինել, որովհետեւ թաթախված են հայերի արյան մեջ, Ռուսաստանը, ի լրացումն մնացյալի` նաեւ Սեւրի դաշնագրի գործադրումը վիժեցնելու եւ հայկական տարածքները Թուրքիային փոխանցելու ստոր ու նողկալի արարքի մեջ: 

Հետեւաբար, բարեկամ պետք է փնտրել արժանի ժողովուրդների թվում՝ Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում, անգամ Հեռավոր Արեւելքում (ի դեմս, օրինակ, Հնդկաստանի), իսկ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ պետք է վարել իրատեսական քաղաքականություն, առանց դրական կամ բացասական էմոցիաների: Նույնիսկ գիտակցության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանն ու «դըմփ-դըմփ-հու»-երը, երեւում է՝ սա գիտակցել են, որ կարողացան Սյունիքում ու Գեղարքունիքում Ադրբեջանի ստեղծած լարվածությունը որպես սահմանային միջադեպեր ներկայացնելու ռուսական շանտաժին դիմադրել եւ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով հերթական հայտարարությունը չստորագրել: Դրա համար, իրերի խորքում, իհարկե, Ֆրանսիայի սկզբունքայնությանը, կատարվածը «ՀՀ տարածք ներխուժում» որակելուն եւ Մակրոնի նախաձեռնողականությանը պետք է շնորհակալ լինել: 

Ամեն դեպքում, այժմ գտնվում ենք մի հանգրվանում, երբ 2020-ի Ռուսաստանի ամենաթողությունը չափավորված է: Մոսկվայում գիտակցում են, որ Հայաստանի համար աննպաստ սրացման դեպքում, կամ եթե ՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանն իրենց դաշնակցային պարտավորություններն ի վերջո չկատարեն, առանց բարդության եւ ձգձգման Հայաստանի տարածքային անձեռնմխելիության հարցը կմտցվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, եւ արդեն ֆրանսիական ու ԵԱՀԿ խաղաղապահները մուտք կգործեն տարածաշրջան` ի բարեբախտություն Հայաստանի եւ ի դժբախտություն Թուրքիայի, Ռուսաստանի ու դրանց պոչի դերը ստանձնած Ադրբեջանի: 
Նման սցենարը Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի: ՄԱԿ կանոնադրությամբ իրեն պաշտպանելու մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները, նախօրեին էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հնարավորության մասին, ՄԱԿ-ի ուղին բաց պահելու վկայություն են: Իսկ դա ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը «սահմանային վեճ» ներկայացնելու ռուսական ու ՀԱՊԿ շանտաժի տապալումն է: Դրանից Ռուսաստանը կարող էր ագոնիայի հասնել, Ադրբեջանն էլ զուգահեռաբար Գեղարքունիքում սահմանային միջադեպ ու մարդկանց գերեվարում կազմակերպել: Հայաստանը ճիշտ է վարվել մեր զինծառայողներին վերադարձնելու համար վերջնաժամկետ տալով, որը չհարգելու դեպքում ե՛ւ ռազմական գործողությամբ պետք է խնդիրը հանգուցալուծել, ե՛ւ առանց հապաղելու ՄԱԿ ԱԽ դիմել` այլեւս առանց ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին սպասելու: