Եթե զենք չունես՝ օդդ փակելու համար, պետք է մտնես գետնի տակ․ դրա փորձն էլ կա
Հարցազրույց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր, արցախյան պատերազմների մասնակից Վարդան Ասծատրյանի հետ
- Պարոն Ասծատրյան, 2 տարի անց՝ դարձյալ սեպտեմբերին, Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց, այս անգամ՝ ՀՀ սահմաններին․ Վայոց Ձոր, Գեղարքունիք, Սյունիք։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս նոր պատերազմի թիրախում Սյունի՞քն է, թե՞ վերջնականապես Արցախը Հայաստանից կտրելու ցանկությունը։
- Ես դեռ 44-օրյա պատերազմից հետո եմ ասել, որ դուք թուրքական, ադրբեջանական մենթալիտետը լավ չեք պատկերացնում, որովհետեւ, եթե իրենք հաղթել են այդ պատերազմում, չեն կանգնելու։ Ու մեր միակ ճանապարհը՝ այդ ամենին դիմագրավելու, լինել ուժեղ, ուրիշ ձեւ չկա։ Հիմա Ադրբեջանի թիրախն ամբողջ Հայաստանն է, ու դա միշտ է այդպես եղել։ Հիշեք մինչեւ 2020թ․ Ալիեւի ելույթները, որը Հայաստանի ժողովրդի համար նոնսենս էր, երբ ասում էր՝ Երեւանն էլ է մերը, ու մենք հետ ենք գալու․․․։ Մարդիկ նպատակ են դնում ու ամեն ինչ անում են դրան հասնելու համար, աստիճանաբար զենքը ստեղծում են, իրենց ռիսկերը հաշվարկում են, ինչը չես ասի մեր դեպքում։ Ինձ համար այս վերջին պատերազմի դեպքում ամենացավալին այն էր, որ 20-ից այս կողմ ոչինչ չի արվել, իսկ 20-ին մեր բոլոր զոհերը եղել են հրետանուց եւ անօդաչուներից, ու ոչ մի բան այս 2 տարվա մեջ չի փոխվել։ Էլի այդ տղաներին տարել են, սարի գլուխներին խրամատ կտրել նստացրել ու ասել՝ ստեղ նստեք։ Իրենք պոոտենցիալ զոհ են եղել։ Ես զարմանում եմ, թե այս 2 տարվա մեջ մեր պաշտպանության նախարարությունն ինչով է զբաղված եղել, որ չեն կարողացել «дот» եւ «дзот» կտրել, որը գետնի տակ բետոն արած, հողը գլխին տարածք է, որը չես կարող ոչ մի բանով խփել։ Եթե ամեն դիրքում գոնե նման մի բունկեր լիներ, այս պատկերը նորից չէինք ունենա։ Իսկ դրա եղածն ի՞նչ էր՝ բետոն, արմատուրա, ավազ եւ աշխատանք։ 2020-ից ի վեր ինչքան զոհեր ունեցել ենք, նրանց բոլորին բլինդաժի մեջ սպանել են, որովհետեւ բլինդաժը չի կարող պաշտպանել գրադի արկերից։ Ինձ համար ամենաաննորմալը հենց սա էր, որ այսքան նոր զոհերը եղան նույնձեւ, ինչպես որ 20-ին։ Ու պետք է պատասխան տա սրա պատասխանատուն, թե ինչու 2 տարվա մեջ չի արվել այս ամենը, ու մարդկանց անվտանգությունն առաջին գծում չի ապահովվել։
- Գուցե պատճառն այն է, որ այս 2 տարում Հայաստանը պատրաստվել է ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության դարաշրջանի, դրա քարոզն է տարվել, այդ օրակարգն է առաջ մղվել։
- Ադրբեջանցիների հետ պայմանավորվել անհնար է, իրենց մենթալիտետը պայմանավորվածության չի նայում, եթե կարողանում են, անում են։ Այդ խաղաղության քարոզները միայն հանրային կողմի դրսեւորումներն են, բայց իրականում պետք է պատրաստվեին եւ սահման պահող տղերքի անվտանգության հարցը լուծեին, որովհետեւ մեր բանակին 20-ին ոչնչացրել են օդից՝ վերեւից, դուք ո՞նց եք դրանից հետո այդ տղերքին նույնձեւ տանում դնում էդ դիրքերում, որ նույնձեւ խփեն, ու թուրքն էլ հետո նույնձեւ գա, այդ խրամատներում նստի։ Ընդամենը կարելի էր 5 մետր խորությամբ գետնի տակ բետոն արած, հողը գլխին, այսպես կոչված, բունկերներ կառուցել, իսկ դրա համար գումար, բարձր տեխնոլոգիաների զենք, մեծ առումով, պետք չէր, բայց եղել են 92-94 թթ․ բլինդաժներ, ու դրա համար հենց առաջին օրում այդքան տղերք կորցրինք։
- Դա ավելի շատ անփութությո՞ւն է, անկազմակերպ գործելաո՞ճ, թե՞, այնուամենայնիվ, միտում եք տեսնում։
- Կարող է նեղ օղակներից միտում լինել, բայց, ընդհանուր առմամբ, անկազմակերպ վիճակ է, ինչպես 20թ-ին է եղել։ Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար, իրենց աշխատանքը չեն կատարել։ Կուզեի մի օրինակ բերել, որը հետախուզությունների պատմության մեջ շատ վառ օրինակ է․ երբ խորհրդային անվտանգության կոմիտեն Հարավսլավիայի ղեկավար Իոսիֆ Բրոզ Տիտոյին տեղեկացնում է, որ քո ամենամոտիկ մարդը ձեր դեմ է աշխատում, Տիտոն այդ մարդուն մի բան է հարցնում՝ ինչո՞ւմն էր քո աշխատանքը, ինչին ի պատասխան նա ասում է, որ ես ոչ մի բան չէի անում, միայն պատասխանատու պաշտոններին ոչ կոմպետենտ մարդիկ էի նշանակում։ Հասկացա՞ք, թե ինչ է կատարվել․․․։ Հիմա ինձ հետաքրքրում է՝ այդ պատասխանատուն ինչի՞ մասին է մտածում, որ Վարդենիսում թողնում են՝ զորամասի զինվորները գետնին պառկեն, գիշերը քնեն, երբ կարող են մի ժամվա մեջ բոլորին ոչնչացնել։ Էլ չեմ ասում՝ այդ դիրքերը, որ դրել եք, չե՞ք մտածում, որ 2 տարի առաջ ձեզ այդպես են ոչնչացրել, ինչո՞ւ եք այդ տղերքին նորից նույնձեւ դիրքերում տեղակայել։ Հիմա նրան, ով պատասխանատու է սրա համար, պետք է պատասխանատվության ենթարկեն, բայց այսքան անցել է, դեռ ոչ մեկը չի խոսել սրա մասին։ Եթե քեզ վերեւից սպանել են, ու զենք էլ չունես՝ օդդ փակելու համար, դու պետք է մտնես գետնի տակ։ Դրա փորձը կա համաշխարհային պատերազմների մեջ. դա Ամերիկայի ագրեսիան էր Վիետնամի դեմ։ Վիետնամցիներն ինչպե՞ս կարողացան ամերիկացիներին դիմադրել՝ մտան գետնի տակ, ամերիկյան բանակը եկավ անցավ, որից հետո իրենք դուրս եկան ու բոլորին կոտորեցին։ 44 օրվա մեջ դու 4000-5000 մարդ ես կորցրել, որի 80 տոկոսը զոհվել է անօդաչուներից ու հրետանուց, անգամ թուրք էլ չեն տեսել, դու ո՞նց ես նորից քո բանակը տանում ու գետնի երեսին թողնում։
- Հիմա Արցախում ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրությունը։
- Ժողովուրդը հիմա մասսայական պսիխոզի մեջ է թե՛ Ստեփանակերտում, թե՛ Հայաստանում՝ հատկապես վերջին իրադարձություններից հետո, իսկ նման վիճակում ժողովուրդը չգիտի, թե ինչ է անում։ Ծանոթ տղերքի հետ խոսում ես, ասում են՝ դե, էլ ի՞նչ մտածենք, ինչ լինում է, թող լինի․․․ այսինքն՝ զսպանակն այնքան է սեղմվել, որ մարդիկ էլ չեն դիմանում ու էլ չեն ուզում մտածել, դրա համար ասում են՝ ինչ ուզում է, լինի, որովհետեւ այն, ինչ կատարվում է, տրամաբանությանը չի ենթարկվում։ Ժողովուրդն ի՞նչ անի, դիմանում է այդ ամեն ինչին։ Բոլորի մոտ նույն տրամադրությունն է, մի քիչ կոպիտ է հնչում, բայց ասում են՝ տեր չունենք մեզ, իսկ տեր՝ ոչ թե ճորտային իմաստով, այլ՝ անվտանգության, որովհետեւ մեր անվտանգության համակարգը լրիվ փլուզվել է։
- Ռուսների ներկայությունն անվտանգային ի՞նչ երաշխիքներ ունի Արցախի համար, թե՞ Արցախում եւս նոր դաշնակիցներ են փնտրում։
- Հիմա Արցախը, դուք պետք է տարանջատեք Հայաստանից, որովհետեւ Արցախի անվտանգության համակարգը ռուսական խաղաղապահ զորքերն են ապահովում։ Անհնար է, որ ռուսական խաղաղապահ զորքը դուրս գա Արցախից, որովհետեւ իրենք են ապահովում մեր անվտանգությունը, ուրիշ ձեւ չկա։ Եթե ռուսները, նրանց խաղաղապահ զորքերը չլինեն, Արցախում մի օր էլ հայ չի մնա։ Սա պարզ բան է, իսկ Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ից դուրս գալը տեւեց մեկուկես օր, որին Ռուսաստանի նախագահն անմիջապես արձագանքեց եւ շնորհավորեց Հայաստանի անկախության օրը մեկ օր շուտ՝ ամսի 20-ին, որովհետեւ արդեն 2-րդ օրն էր, որ Հայաստանում հակառուսական տրամադրություն էր սկսել բարձրանալ, կանխարգելիչ քայլ արեցին, ՀԱՊԿ-ի քարտուղարին ուղարկեցին եւ թեման դրանով փակեցին։ Իսկ Նենսի Փելոսիի այցն էլ մի փոքր Թուրքիային հանդարտեցրեց, որովհետեւ այսօրվա դրությամբ Թուրքիային միայն Ամերիկան կարող է մի քիչ հանգստացնել, Ռուսաստանն այլեւս կորցրել է իր ազդեցությունը։
- Ի՞նչ եք կարծում՝ այս հրադադարն ինչքա՞ն կտեւի, թե՞ սա ժամանակավոր դադար է՝ փոթորիկից առաջ։
- Այսօր կանխատեսումներ անելը դժվար է, բայց, ինչքան հասկանում եմ, որեւէ լուրջ բան մոտ ժամանակներս չպետք է լինի, որովհետեւ արդեն եղել է։ Ընդհանրապես, երբ պատերազմ է սկսվում, ոչ մեկը չի սպասում, եւ այդ ձեւով է պատերազմը սկսվում, այդձեւ սկսվեց թե՛ 44-օրյան, թե՛ այս վերջինը։ Բայց միանշանակ դժվար է ասել, որովհետեւ այսօրվա աշխարհը շատ արագ է փոխվում, կարող է մի ժամվա մեջ մի բան կատարվել, ու ամենը փոխվել։
Կարծիքներ