Ճամփաբաժան

Ճամփաբաժան

Աշխարհն աներեւակայելի տրանսֆորմացիաների է ենթարկվում այս օրերին։ Ոչ միայն համաշխարհային տնտեսությունն է վերափոխվում, նոր փոխհարաբերություններ են ձեւավորվում պետությունների միջեւ, եւ, ակնհայտորեն, գնում ենք համաշխարհային ուժերի գլոբալ վերադասավորման, այլեւ մարդկությունը վերանայում է վերաբերմունքը տարբեր երեւույթների նկատմամբ՝ բնության, արժեքների, կյանքի ու մահվան, մարդկային փոխհարաբերությունների ու կենսագործունեության։ Մարդու հայացքն ու աշխարհընկալումն են փոխվում։ Մարդիկ սկսում են հասկանալ, որ կյանքն անցողիկ է, փողի ու նյութի համար մրցավազքը՝ անիմաստ, քո ստեղծած կուռ եւ կայուն կյանքը, ապագայի հույսերն ու պլանները կարող են մի օրում փլվել։ Եվ այդ պահին այլեւս անիմաստ կարող է դառնալ ամեն ինչ։ Ձեր աչքին կարող է այնքան մանր թվալ, որ օրեր առաջ նախանձել եք ձեր հարեւանին, որը թանկ «Մերսեդես» է գնել, իսկ դուք հին «Օպել» եք վարում։ Որ դուք ավելի փոքր ու անշուք տան մեջ եք ապրում, իսկ ձեր մանկության ընկերը՝ 4 հարկանի տան։ Որ ձեր գործընկերը կարող է ամեն տարի Մալդիվյան կղզիներում հանգստանալ, իսկ ձեզ համար Բաթումի մեկնելն է անգամ անկատար երազանք։ Չարությունն ու ատելությունը, անառողջ մրցակցությունն ու միմյանց տակ փորելը, կարիերիզմն ու պոպուլիզմը, մաղձն ու նախանձը միանգամից դարձան ժամկետանց ու անիմաստ։ Աշխարհով մեկ բարության, կարեկցանքի, միմյանց օգնելու-փրկելու-հուսադրելու ժամանակներ են եկել։ Եվ նրանք, ովքեր դա չեն հասկացել եւ ապրում են հին ու մանր կրքերի, ճղճիմ նախանձի ու չարության ռեժիմում, չեն գիտակցել, որ մնացել են «հին աշխարհում»։ «Նոր աշխարհը», գոնե այսօր, այլ չափանիշներ ու սկզբունքներ է սկսել առաջ մղել, եւ դրանց հաղթանակը լինելու է մարդկության փրկության գրավականը։