Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածության արդյունքում որոշեցին մեզ չօգնել․ քաղաքապետի թեկնածուն՝ «Հայաստան» դաշինքից բացասական պատասխան ստանալու մասին

Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածության արդյունքում որոշեցին մեզ չօգնել․ քաղաքապետի թեկնածուն՝ «Հայաստան» դաշինքից  բացասական պատասխան ստանալու մասին

Գյումրիիում մեկնարկել են նախընտրական քարոզարշավները։ 10 քաղաքական ուժ պայքարի մեջ է առաջիկա ՏԻՄ ընտրություններում։ Դրանցից շատերը ձևավորվեցին ընտրություններին ընդառաջ եւ դեռևս անհասկանալի է, թե որոնք են ընդգծված ընդդիմադիրներ, որոնք իշխանամետ կամ կենտրոնամետ։ Որպես ընդդիմադիր ուժ ընտրությանը մասնակցում է «Հանրապետական» կուսակցությունը, իսկ ահա «Հայաստան» դաշինքն այս ընտրությանը չմասնակցելու որոշում կայացրեց։

Ուշագրավ է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանը սեփական՝ նորաստեղծ «Թասիբով» դաշինքով է այս ընտրությանը մասնակցելու, մինչդեռ մեզ հասած տեղեկություններով՝ Կարապետ Պողոսյանն այս օրերին անգամ դիմել է «Հայաստան» դաշինքին, որպեսզի Ընտրատեղմասային ընտրական հանձնաժողովում իր կամ թիմակիցներից որևէ մեկի ներկայացուցչությունն ապահովվի «Հայաստան» դաշինքի կողմից՝ ընտրությունները վերահսկելու նպատակով, սակայն ստացել է բացասական պատասխան:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանը չհերքեց, որ իրենց կողմից նման առաջարկ խորհրդարանում հայտնված քաղաքական ուժին արվել է, քանի որ վերահսկող հանձնաժողովներում ներկայացուցիչ ունենալու իրավունք միայն խորհրդարանական ուժերն ունեն:

«Ընդամենը դիմել ենք, ստացել ենք բացասական պատասխան, ասացին, որ քանի որ «Հայաստան» դաշինքը չի առաջադրել որևէ թեկնածու, ուստի չի կարող այդ տեղը տալ մեզ»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ամեն դեպքում «Հայաստան» դաշինքը օրենքի սահմանում կարող էր ընդառաջել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածության արդյունքում որոշեցին մեզ չօգնել, մեզ համար կարևորը հանրությունն է ու նրա աջակցությունը»:

Նշենք, որ «Թասիբով» դաշինքն իրեն արմատական ընդդիմադիր է հայտարարել  եւ դաշինքը գլխավորողի խոսքերով՝ բացառվում է համագործակցությունը իշխող  «Քաղաքացիական պայմանագրի» հետ, իսկ  մյուս  առաջադրված քաղաքական ուժերից որևէ մեկի հետ համագործակցելու եզր դեռևս չեն տեսնում: «Մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով են ընդդիմադիր: Նրանցից որևէ մեկը հստակ չի ներկայացրել այդ եւ թե ինչ են ուզում անել»,-ընդգծեց Կարապետ Պողոսյանը: Անդրադառնալով նորաստեղծ «Հայրաքաղաք» եւ «Գյումրին կռնա»  դաշինքներին՝  նշեց․

««Հայրաքաղաք»-ը, որի ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը, ինչքան էլ նա ասի, որ դեմ է այսօրվա իշխանությանը, բայց չմոռանանք, որ նա էլ Սորոսից ֆինանսավորվող է եղել, որ քանդեցին էս երկիրը: Վստահություն չունենք նաև ինչպես «Գյումրին կռնա», այնպես է «Բալասանյան» դաշինքների  նկատմամբ․արդյոք ընտրություններից հետո չեն գնա եւ միանա ՔՊ-ին» :