Հարցում տեսչական մարմնին` Ողջի գետը պոչանքներով աղտոտելու դեպքի վերաբերյալ. ՀԲՃ

Հարցում տեսչական մարմնին` Ողջի գետը պոչանքներով աղտոտելու դեպքի վերաբերյալ. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։


Նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում այսօր բնապահպան Լևոն Գալստյանը հրապարակում է արել՝ գրելով, որ հարցման ոչ մի հարցին չեն պատասխանել:

«Պատասխանում մեր ոչ մի հարցին չեն պատասխանել՝ հղում անելով այն փաստի վրա, որ ստուգում են բացել և միայն դրանից հետո կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն։

Կարծում ենք, որ մեր հարցերի մեծ մասին անհրաժեշտ էր և կարելի էր պատասխան տալ հիմա, այլ ոչ թե ստուգումից հետո՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն այս խնդրի հետ կապված և տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը։
‼️Ձեր ուշադրության ենք ներկայացնում նաև մեր այդ հարցման բովանդակութունը․
1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ են ձեր աշխատակիցները եղել դեպքի վայրում։
2․ Ե՞րբ են Սյունիքի բաժնից զեկուցել տեսչական մարմնի ղեկավարությանը վթարի մասին։
3․ Ինչո՞ւ կոմբինատն ու տեսչական մարմինը չեն տեղեկացրել ԱԻՆ-ին վթարի մասին։
4․ Վթարի վերացման աշխատանքների ընթացքում և դրանց ավարտման պահին ձեր աշխատակիցներն եղե՞լ են վթարի վայրում, թե ոչ։
5․ Քանի՞ անգամ է իրականացվել ջրերի նմուշառում, ո՞ւմ կողմից, ո՞ր հատվածներից և օրվա ո՞ր ժամերին։ Ո՞ր լաբորատորիայում են իրականացվելու այդ նմուշների հետազոտությունները, ի՞նչ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ և ո՞ր քիմիական տարրերի կոնցենտրացիաներն են որոշվելու։
6․ Քանի՞ ժամ է տևել ԶՊՄԿ-ի պոչանքների հոսքը Ողջի գետում և ո՞ր ժամին է այն դադարել։
7․ Քանի՞ միլիոն լիտր պոչանք է լցվել Ողջի գետ։
8․ Ձեր հաղորդագրության մեջ գրել եք․ «Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ»։ Ի՞նչ ի նկատի ունեք կոնկրետ սա ասելով, խնդրում ենք պարզաբանել։ Կա՞ գրավոր հանձարարական, թե ինչն ու ինչպես պիտի վերացնեն։ Եթե՞ կա, ապա խնդրում ենք տրամադրել այդ հանձնարարականի պատճենը։
9․ Խնդրում ենք ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամբողջական տարբերակով հասանելի դարձնել հանրությանը կամ տրամադրել մեզ»,- ասված է հրապարակման մեջ: