Ի՞նչ է կատարվում Ղրիմում. հզոր պայթյուններ և այլն

Մայիսի 16-ի գիշերը և առավոտյան Ղրիմում լսվել են մի շարք հզոր պայթյուններ։ Տեղական Telegram ալիքների տվյալներով՝ հարվածները ուղղված են եղել ռուսական ուժերի ռազմավարական ռազմական օբյեկտներին։
Telegram-ի «Крымский Ветер» ալիքի հաղորդմամբ՝ Սևաստոպոլում առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում հզոր պայթյուն է որոտացել։
Ռուսաստանի ՀՕՊ-ը կրակ է բացել Նախիմովի անվան ռազմածովային ակադեմիայի տարածքից։
Միաժամանակ, պայթյուններ են գրանցվել Պերևալնոյե գյուղի տարածքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 126-րդ առանձին ափամերձ պաշտպանության բրիգադը։ Ականատեսները պատմել են, որ տարածքում պայթյուններ են լսվել, և ռազմական օբյեկտներից խիտ ծուխ է բարձրացել։
Տեղի հանրության տվյալներով՝ 126-րդ բրիգադի ռազմական բազայի տարածքում հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում, ինչը հանգեցրել է երկարատև պայթյունի։
«Крымский Ветер»-ը հաղորդում է, որ Սիմֆերոպոլից Յալթայի մայրուղով դեպի Պերևալնոյե ուղղություն են վերցրել մեծ թվով շտապօգնության մեքենաներ։
Սևաստոպոլը նույնպես հարձակման է ենթարկվել։ Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում նոր պայթյունների մասին, մասնավորապես՝ Բելբեկ և Կաչա ռազմական օդանավակայանների մոտակայքում, որոնք ռուսական զորքերն օգտագործում են ինքնաթիռներ տեղակայելու համար։
Կարծիքներ