Կոնվենցիոն լյուստրացիա

Կոնվենցիոն լյուստրացիա

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նոր նախարարի նշանակվելուց հետո, փոխել է աշխատաոճը։ Այն ավելի շատ վերածվել է պարզաբանումներ տարածող, այս կամ այն հանրային հնչեղություն ունեցող օրինագծի քարոզչությունն իրականացնող գերատեսչության։ Վերջին ամսվա ընթացքում նախարարությունից մի շարք պարզաբանում-իրազեկումներ են հղվել լրատվամիջոցներին՝ առաջիկայում ընդունվելիք օրինագծերի մասին «թյուրըմբռնումները» վերացնելու, այդ օրինագծերի իդեալական լինելը հիմնավորելու անթաքույց նպատակով։ Բնականաբար, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, որի դեմ հուժկու հանրային շարժում կա, եւ անգամ իշխանական թիմի ներկայացուցիչ շատ պատգամավորներ այժմ բացեիբաց դեմ են արտահայտվում՝ հայտարարելով, որ ոչ մի ուժ իրենց չի ստիպի կողմ քվեարկել այդ կոնվենցիային։

Բայց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հավանաբար, ուզում է վերջնականապես ապացուցել, որ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր իրեն սորոսական էին անվանում, եւ հիմա ինքն ու իր գերատեսչությունը հայտնվել են հասարակության փոքրամասնություն կազմող այն խմբում, ովքեր կողմ են կոնվենցիային եւ եռանդուն քարոզում են ընդունել այն։ Ի դեպ, անգամ սորոսական համարվող ՀԿ-ների նախկին ու ներկա ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ սնվել են Սորոսի հիմնադրամից եւ հստակ հրահանգ են ստացել ամեն գնով անցկացնել կոնվենցիան, այլեւս այդքան բացահայտ չեն պաշտպանում սույն փաստաթուղթը։ Այժմ քչերն են մնացել բացահայտ պաշտպանողների թվում։ Դրանց առաջամարտիկը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումն» է, կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն էր նախօրեին եթերում խոսում, մի քանի սորոսական պատգամավորներ, քաղհասարակության մի քանի ներկայացուցիչներ եւ, իհարկե՝ արդարադատության նախարարը։