Ընդդիմությունը պետք է դառնա ներքաղաքական օրակարգ ձեւավորող

Ինչ-որ ժամանակ առաջ ինձ թվում էր, թե ընդդիմությունն ինքն իր մեջ խնդիրներ է ստեղծում, իսկ դրան ի հակառակ՝ գործող իշխանությունը նպատակասլաց նախապատրաստվում է հաջորդ տարվա ընտրություններին: Այդ գործընթացի կառավարումն էլ իր ձեռքն է վերցրել վարչապետի աթոռից կառչած անձի քաղաքացիական կինը: Բայց պարզվում է, որ յոթ տարվա կառավարումը բավարար չէր, որպեսզի Նիկոլ-Աննա զույգը պատկերացներ, թե ինչպես չի կարելի պահել իրենց: Հատկապես եթե ինքն իր վրա է վերցնում ինքնակրթվելու պարտավորությունը: Ու դա դարձնում է քարոզարշավային թեմա: Այդ զույգին թվում է, թե իրենց համախոհները կերջանկանան, երբ կարդան ոջիլախառն ու տխմարախառն իրենց «գոհարները»: Ասեմ, որ դա այդպես է, սակայն ողջ խնդիրն այն է, որ եթե նախքան պատերազմը դրանք բազմաթիվ էին, ապա այսօր վիճակն այլ է: Ծանր ու խայտառակ պարտությունից, բազմահազար զոհերից, երկրի առումով անվտանգային լուրջ սպառնալիքներից հետո այդ շրջապատը սահմանափակված է ինչ-որ քանակի անոներով և տեղային ու պետական մակարդակի չինովնիկների ազգուտակով:
Եվ եթե մի կողմ դնենք չինովնիկների ընտանիքները, ապա մնացած բոլորը թքած ունեն վերը նշված զույգի՝ «իրական» Հայաստան կոչված կեղծ մտապատկերի ու ինքնակրթվելու՝ կրկին կեղծ տվայտանքների վրա: Հատկապես որ դրանք ունեն բոլորովին այլ սպասելիքներ երկրի գործող իշխանությունից: Նրանք, տարիքի բերումով, թե այլ պատճառով, ստիպված են նայել չինովնիկներին ձեռքերին՝ կեղծ գաղափարախոսության փոխարեն ակնկալելով միայն նյութական կամ ֆինանսական աջակցություն: Այստեղ է երևում, որ վերը նշված զույգը չի պատկերացնում նաև, թե ինչպես չի կարելի կառավարել երկիրը: Այն պետությունը, որը ծանր ու խայտառակ պարտություն է կրել պատերազմում հենց իր շնորհիվ: Ո՛չ փորձում է ոտքի կանգնել և ո՛չ էլ վերականգնել ազգային արժանապատվությունը: Դրա փոխարեն նախընտրում է ծնկաչոք խաղաղություն մուրալ թշնամուց՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով:
Վերադառնանք մեր ընդդիմությանը: Որպես ընդդիմադիր միշտ խուսափել եմ ընդդիմության հասցեին քննադատական խոսք ասելուց: Նախ, որովհետև դրանում ներառված անձինք ինձանից պակաս խելացի չեն: Եվ երկրորդ՝ իրենք անում են այն, ինչ կարողանում են, ու երբեմն ավելին (նկատի ունեմ թե՛ ծեծվելը և թե՛ ապօրինի քրեական գործեր շալակելը): Բայց կա մի երևույթ, որ չի արվում այնպես, ինչպես անհրաժեշտ է. խոսքը մարզային այցելությունների պակասի մասին է: Կիրանցի դեպքերի օրերին մեկ-երկու անձից զատ այլ պատգամավորներ չերևացին այնտեղ: Իսկ այս օրերին էլ, երբ Նիկոլ-Աննա զույգն «ինքնակրթվելու» վոյաժներ է կատարում մարզերով՝ ընդդիմությունը դրան չի պատասխանում համապատասխան այցելություններով: Վստահաբար արդյունավետ կլիներ, եթե նախապես իմացվեր այդ զույգի այցելության վայրն ու ժամկետը, ու ընդդիմադիր երկու-երեք պատգամավոր նախապես լիներ տեղում՝ ակցիաներ իրականացնելու նպատակով: Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զույգի այցերից հետո նույնն անելը չէր խանգարի՝ թեկուզ պակաս արդյունավետ արդյունքով:
Կարող են լինել նաև այլ այցեր՝ երբ հատկապես նշված զույգից մեկը կամ մյուսը ոգևորվելով՝ ինքնաբացահայտվում են: Ինչը մարզերում ներկայացնելիս քարոզչական լավ ազդեցություն կարող է ունենալ: Քանի որ այնտեղ մարդիկ հիմնականում ավելի կոնսերվատիվ մտածողություն ունեն: Ու, բնականաբար, ավելին են սպասում իշխանությունից, քան, օրինակ, մայրաքաղաքի բնակիչները: Պատկերացնում եմ, թե ինչ հիանալի հնարավորություն բաց թողեց ընդդիմությունը վարչապետի աթոռից կառչած անձի վերջին հոգեխանգարումները ներկայացնելու առումով: Կարծում եմ, որ նույնիսկ կարելի էր շարժում կազմակերպել նրան հոգեբուժական զննության ենթարկելու պահանջով: Հիշենք, օրինակ, Զարուհի Փոստանջյանին, ով ժամանակին փորձում էր եվրոպական քաղաքներից մեկի կազինոյից տեղեկատվություն ստանալ Սերժ Սարգսյանի խաղադրույքային ակտիվության (եթե չեմ սխալվում) վերաբերյալ: Ի վերջո, եթե չենք ցանկանում շարունակաբար ստորացվել այդ զույգի, ինչպես նաև թուրք-ադրբեջանական զույգի կողմից, ընդդիմությունը պետք է դառնա ներքաղաքական օրակարգ ձևավորող: Ճիշտ այնպես, ինչպես դա հաջողությամբ անում էր ՀՀ առաջին նախագահը մեկուկես տասնամյակ առաջ: Ինչն էլ, ի վերջո, կնպաստի մեր երկիրն ազատագրելուն, այն ոտքի կանգնեցնելուն ու մեր ազգային արժանապատվությունը վերականգնելուն: Իսկ դա էլ վերջնականապես կվերացնի մեր երկրի անվտանգային սպառնալիքները:
Կարծիքներ