Բոլորը ձեզ նման չեն
Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որ հայ մարդը հիասթափվի ինքն իրենից, մտածի, որ հայը ստոր, ստրուկի հոգեբանություն ունեցող ազգի ներկայացուցիչ է` պատրաստ իր երկիրը թշնամուն հանձնելու եւ հանուն ստորացուցիչ խաղաղության` ընդունակ թշնամու ձեռքը համբուրելու, մեզ հարկավոր են ապրեցնող, դրական ազդակներ: Հարկավոր են մարդիկ, որոնք, ի տարբերություն վայ-հրամանատար, պաշտոնի ու նյութականի համար իր անցած ուղին մոռացած Սասուն Միքայելյանի, կասեն, որ հայը միշտ պատրաստ է հանուն հայրենիքի կռվել ու հաղթել, իսկ եթե մեր բանակը վատ վիճակում է, չունի համապատասխան սպառազինություն, դա ընդամենը խոսում է իշխանությունների դավաճանության եւ ապիկարության մասին, որն ընդունակ չեղավ 4 տարում վերականգնել մեր կորցրած պոտենցիալը:
Հարկավոր են մարդիկ, որոնք, լսելով ժամանակին ցեղասպանության թեմայով դիսերտացիա պաշտպանած եւ ցեղասպանության թանգարանում աշխատած Արարատ Միրզոյանի խոսքը, թե «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ», կկարողանան պատճառաբանված առարկել նրան եւ ապացուցել, որ այդ հայտարարությունը բխում է իրենց թրքամետ քաղաքականությունից, մեր թշնամիների հանդեպ վարած պարտվողական, ողորմելի քաղաքականությունից, այլ ոչ թե նրանից, որ իրենք ելնում են Հայաստան պետության շահերից: Բխում է իրենց վախերից, իշխանությունը պահելու ագահությունից, հայի ու հայկականի հետ որեւէ աղերս չունենալու իրողությունից:
Այսօր մեզ, իսկապես, դրական ազդակներ են պետք, որ հասկանանք` մեր ազգը միայն թուրքի առաջ դողացող մորթապաշտներից չի կազմված, այլ մեծ թվով հայրենասեր ու անվախ մարդիկ կան մեր ազգի մեջ, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել եւ մեր երկիրը հանել այս վիճակից:
Կարծիքներ