Գերիների վերադարձը և Մեղրիով անցնող միջանցքները

Գերիների վերադարձը և Մեղրիով անցնող միջանցքները

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հանդիպման ժամանակ, ինչպես միշտ չլուծվեց Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող հարցերից մեկը՝ հայ գերիներիի վերադարձի հարցը։ Եռակողմ հանդիպման նախօրեին վարչապետի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ «եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը»։

«Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը։ Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- գրել էր նա։

Նշենք, սակայն, որ եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը ստորագրել էր մի փաստաթղթի տակ, որում խոսք չկար գերիների վերադարձի մասին։ Հետաքրքիր է, երբ գործադիր իշխանության ղեկավարը ստորագրում էր, դրանից առաջ «դժվարությա՞մբ» էր քննարկել տնտեսական օրակարգը, ինչի «դժվարության» հնարավորության մասին նշել էր նրա խոսնակը։

Ակնհայտ է, որ գերիներին պահելով ադրբեջանական կողմը փորձում է էլի բաներ պոկել Հայաստանից՝ պետական սահմանների վերաճշգրտման հարցում ցանկալի արդյունքի ստացում, տարատեսակ միջանցքների և երկաթուղիների բացում, Արցախից զորքերի դուրսբերում, Արցախի ամբողջական ստացում և այլն։

Հայաստանում իշխող խմբի առավել սնանկությունը դրսևորվեց, երբ Փաշինյանը և իրենց սատարող տարատեսակ խմբակները հաջողություն էին համարում հնարավոր երկաթգծի շահագործումը՝ այսպես կոչված կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի և Արցախի անվտանգությունն այս իշխանությունները չեն կարողանում ապահովել, որն ակնհայտ դարձավ, երբ կապիտուլյացիայի համաձայնագրից հետո Ադրբեջանը շարունակում էր գերեվարել հայ քաղաքացիների, զինվորների, սահմանների ճշգրտման հարցում ստանում է ցանկալին։ Տպավորությունն այնպիսին է, որ իմքայլականներն առաջնային են համարում ինչ-որ բաներ ձեռքբերում ներկայացնելը, քան հայ գերիների վերադարձը, որն, ըստ էության, չեն կարողանում իրականացնել։

«Ադրբեջանական կողմը լարում է մտցնում այդ հարցի շուրջ, բարդացնում ու լարում մտցնում։ Ինձ թվում է, որ դա բանակցային պրոցեսի խաղաքարտ է դարձել, որը որ նրանք շատ ակտիվ օգտագործում են՝ շատ լավ հասկանալով, որ դա մեր հասարակության մեջ ստեղծում է մեծ խնդիր։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ շատ ծնողներ արդեն զայրացած են, մեքենայով մտնում են Պաշտպանության նախարարության դարպասների մեջ և այլն։ Դա հասկանալով՝ օգտագործում են որպես խաղաքարտ։ Դա, իհարկե, բարբարոսություն է, բայց նրանք այդ քայլին գնում են»,- «Հրապարակ» կայքի հետ զրույցում ասաց Արթիկի փոխհամայնքապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսից գերեվարված 62 հոգու վերադարձի խնդրով զբաղվող Բորիս Ավագյանը (իմքայլական չէ)։

Հարցին՝ «Շիրակցի գերիների մասով ի՞նչ կասեք, նրանց վերադարձի գործընթացն ի՞նչ փուլում է», պատասխանեց, որ ադրբեջանական կողմը բարդացնում է այդ գործընթացը։

«Տալիս է նրանց դիվերսանտի կարգավիճակ, որը բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Նրանք օգտագործում են այդ խաղաքարտը և դժվարացնում այդ պրոցեսը։ Ինձ թվում է, անկախ ամեն ինչից, մենք ունենալու ենք հաջողություն։ Մենք ամեն ինչ դրա համար կանենք, որը գերիները վերադառնան տուն»,- նշեց նա։

Նշենք նաև, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակել է մի քարտեզ, որը ներկայացրել է իբրև հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ փաստաթղթով համաձայնացված երթուղիների քարտեզ։

Քարտեզում երկու գույնով՝ կանաչ և նարնջագույն, նշված են միջանցքները։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Երևանից Նախիջևանով, այնուհետև Սյունիքի մարզի Մեղրի համայնքով, Հորադիսով ու Ադրբեջանով դեպի Ռուսաստան գնացող միջանցքը պատկերված է կանաչ գույնով։ Իսկ Թուրքիայի Հանրապետության Իգդիր նահանգի Իգդիր քաղաքից Նախիջևանով, Մեղրիով ու Հորադիսով դեպի Ադրբեջան գնացող միջանցքը պատկերված է նարնջագույն։

Հատկանշական է նաև այն, որ իմքայլականները և նրանց հարող շրջանակները մինչ այս մանիպուլացնում էին, թե Մեղրիով միջանցք չի լինելու։ Ըստ էության, այս իրավիճակում Հայաստանը հայտնվում է համաթյուրքականության վտանգավոր շրջափակման մեջ։
Այսօր նաև Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։

Նշենք նաև, որ միջանցքներն անցնում են ոչ միայն Սյունիքի մարզով, այլև՝ Ղարաբաղի հարավային այն հատվածներով, որոնք մինչև 2020-ի 45-օրյա պատերազմը հայկական վերահսկողության տակ էին ու համարվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս։

Այստեղ բավականին հարցեր են առաջ գալիս՝ ո՞ր սահմաններում է Հայաստանը ճանաչում ու ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի ո՞ր հատվածներն են Հայաստանի, Արցախի արտաքին գործերի նախարարությունը և իմքայլականները համարում Ադրբեջանի կողմից օկուպացված։ Արդյո՞ք այդ տարածքները նախկին ԼՂԻՄ տարածքներն են։

2020 թվականի դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը, ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը, ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը։ Նա ասել էր նաև, որ ԼՂ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը, ի թիվս այլ կետերի, ընդգրկում է «Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը», «Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան»։

Հարցերը շատ են, որոնց պատասխանները մինչ օրս իրենց գործողություններով ու հայտարարություններով լղոզում են Հայաստանում օրենսդիր ու գործադիր իշխանության լծակներ ունեցող անձինք։