Ռուսներն էլ կներգրավվեն այս պատերազմում․ Լիբանանցի քաղաքագետ

Ռուսներն էլ կներգրավվեն այս պատերազմում․ Լիբանանցի քաղաքագետ

«Հրապարակը» Լիբանանում տիրող իրավիճակի մասին զրույցել է լիբանանցի քաղաքագետ Ջամալ Վաքիմի հետ։

- Իսրայելը շարունակո՞ւմ է գրոհը Լիբանանի վրա, ի՞նչ վիճակ է հիմա։

- Իսրայելցիները շարունակում են իրենց ռեյդերն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա տարբեր ուղղություններում, նաև Բեյրութի կոնկրետ հատվածների  ուղղությամբ։ Միաժամանակ նրանք փորձում են ցամաքային հարձակման անցնել, սակայն դաժան դիմադրության են հանդիպում լիբանանցիների կողմից։ Իսրայելի հարձակման հետևանքով մինչ այժմ Լիբանանի 2000 զոհված խաղաղ բնակչի մասին կարող ենք խոսել, 2000-ից ավելին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ կես միլիոնից ավել էլ հեռացել են իրենց բնակավայրերից։

- Նեթանյահուի նպատակը ո՞րն է, չէ որ Հեզբոլլահի ղեկավարին ու մյուս հրամանատարներին ֆիզիկապես ոչնչացրին։

- Ես չէի ասի միայն Նեթանյահուն, Միացյալ Նահանգները ևս ներգրավված են այս ամենում։ Նրանց նպատակը ոչ միայն դիմադրողական ուժերին Պաղեստինի սահմանից 10 կիլոմետր հեռու տանելը չէ, բայց նաև Հեզբոլլահին զինաթափելն է և ընտրել պրոամերիկյան նախագահ Լիբանանում, որ Լիբանանն ամբողջությամբ Միացյալ Նահանգների հեգեմոնիայի տակ լինի։ Կարծում եմ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի այս շատ հեռուն գնացող նպատակը չի իրականանա և կհանդիպի դաժան դիմադրության։ Նրանց նպատակն է նաև Հեզբոլլահին զրկել Իրանի պես կարևոր դաշնակցի աջակցությունից, ինչպես նաև Իրանի աջակցման հնարավորությունները չեզոքացնել դիմադրության մյուս կենտրոնների հետ, ինչպիսիք են օրինակ Պաղեստինի դիմադրության շարժումը, Եմենի ու Իրաքի դիմադրության շարժումները։ Դա է պատճառը, որ կարծում եմ, Իրանը այս պայքարի մի մասն է, և թույլ չի տա, որ դա տեղի ունենա։ Միևնույն ժամանակ իսրայելցիների և ամերիկացիների նպատակն է Լիբանանի վրա հարձակմամբ  Մերձավոր Արևելքի քարտեզի ամբողջական փոփոխությունը և տարածաշրջանը վերածել բազայի՝  հյուսիսից Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մասնակցում է Ուկրաինայում պատերազմին՝ Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմ վարելով, դա է պատճառը, որ կարծում եմ, որ ռուսներն էլ ներգրավված կլինեն այս պատերազմում, և իրադարձությունները սպասվածից ավելի երկար կլինեն, իսկ արդյունքները ամերիկացիների սպասումները չեն արդարացնի։

- Հեզբոլլահի առաջնորդի ու բարձր ղեկավարության սպանությունը չի՞ հանգեցնի Հեզբոլլահի՝ որպես կառույցի պառակտմանը։ Իսրայելը կարծես թե այդ հույսն ունի։

- Ճիշտ չէ, որ հիմնական առաջնորդին կամ մյուս առաջնորդներին սպանելը կհանգեցնի այս շարժման լուծարմանը։ Հեզբոլլահը մեծ աջակցություն է վայելում Լիբանանում, Լիբանանի բնակչության մի հսկա հատված աջակցում է շարժմանը և այս կազմակերպությունում սպանված առաջնորդներին միշտ նորերով են փոխարինում, որովհետև Հեզբոլլահի բոլոր անդամներն էլ գիտեն, որ ինչ-որ պահի նահատակվելու են, հետևաբար ես հավատում եմ, որ սա Իսրայելի կողմից ոչ հասուն տեսակետ է։ Սա ճակատամարտի միայն սկիզբն է։ Ես հույս ունեմ, որ Հեզբոլլահի պայքարը հաղթանակով կավարտվի։ 

- Պաղեստին, Լիբանան, Եմեն, ո՞ւր են տանում հաջորդ քայլերը։

- Վերջնական նպատակը` ԱՄՆ-ի և Իսրայելի, ամբողջ տարածաշրջանը իրենց վերահսկողության տակ վերցնելն է ու այն դարձնել պլատֆորմ՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դեմ։ Սա ամերիկյան ծրագրի մի մասն է, Եվրասիայում շարունակել մնալ ու դրա հնարավորություններն օգտագործել։ Սա պետք է հաշվի առնել, երբ մենք կփորձենք հասկանալ, թե վերջնական արդյունքն այս պատերազմի ինչ կլինի։

- Իրանի կողմից Իսրայելին տրված պատասխանը ինչպե՞ս եք գնահատում։

- Իրանի հարձակումը Իսմայիլ Հանիեյի սպանությանը տրված պատասխանն էր, բայց միաժամանակ, Իսրայելի համար կարմիր գիծ գծեց, որպեսզի վերջինս զսպի իրեն՝ Իրանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելու համար։ Սա զգուշացում էր նաև ԱՄՆ-ին, որ պոտենցիալ տարածաշրջանային պատերազմը կվնասի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում։ Եվ ես հավատում եմ, որ այս հարձակումը ծառայեց այն նպատակներին, որոնց համար իրագործվեց։