Նոր լիսկաներ ու թոխմախներ

Նոր լիսկաներ ու թոխմախներ

Հին Հայաստանում իշխում էին լիսկաները, թոխմախներն ու շմայսները, նոր Հայաստանում արդեն նոր լիսկաներ են ձեւավորվում, որոնք նույնքան անպատժելի են, որքան նախորդները։ Վայոց Ձորի մարզում ողբերգական միջադեպից հետո, որին, ըստ ականատեսների, ներգրավված էին նաեւ մարզպետն ու նրա շրջապատը, եւ որի արդյունքում նրանց զոհը՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանը, շուրջ 2 տարի կոմայի մեջ է եւ միայն հարազատների պնդմամբ արհեստական շնչառության ապարատից չի անջատվում։ Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը պաշտոնանկ արվեց՝ հանրային վրդովմունքի ալիքը մարելու համար, իսկ օրերս նա պատգամավոր է դարձել։

Մեկ այլ հերոս՝ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, լրագրողին ծեծելու համար ազատվեց պաշտոնից, բայց մի քանի ամիս անց կրկին «թամբին» է՝ ԱԺ փոխնախագահի կարգավիճակում։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի «հերոսություններն» անգամ Հակակոռուպցիոն հանձնաժողովն է արձանագրել, բայց նա վարչապետի անձնական հովանու տակ է։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որն ընտրությունների ժամանակ դժգոհ Սյունիքում «Քաղպայմանագրի» հաղթանակն ապահովեց, ըստ էության, ինդուլգենցիա է ստացել որդու համար։ Օրեր առաջ նրա որդին քաղաքի կենտրոնում մարդ գնդակահարեց, հիմա ոստիկանությունը շաբաթը երկու անգամ հայտարարում է, որ փնտրում են, սակայն Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում։ Անգամ հոր բնակարանում խուզարկություն են անում՝ փախուստի մեջ գտնվող որդուն գտնելու համար, սակայն հայրը շարունակում է պաշտոնավարել։ Ենթադրվում է, որ հանցանք թույլ տված անձի հայրը, մանավանդ եթե այդ անձը խուսափում է արդարադատությունից, անմիջապես պետք է ազատվի պաշտոնից, բայց պարզվում է՝ ով ծեծում է ու լկտի պահում իրեն, նա ավելի պաշտպանված է, քան ցանկացած այլ անձ։