Ի՞նչ է պատմել սահմանը հատած ադրբեջանցին

Ի՞նչ է պատմել սահմանը հատած ադրբեջանցին

Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Դարանակ համայնքների մոտակայքում առավոտյան գյուղացիները մի ադրբեջանի քաղաքացու են հանդիպել: 

Արեգունի  վարչական համայնքի ղեկավար Սոս Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ   ադրբեջանի քաղաքացում առաջինը տեսել է ճամբարի պահակը, ստուգել է, տեսել է,  որ մոտը զենք չկա, բերել է իր մոտ. «Ես հետը զրուցել եմ, հաց եմ տվել՝ կերել ա: Խոսակցությունից այն պարզվեց, որ ադրբեջանցին դժգոհ ա  իրենց վարչակարգից, որբանոցում ա մեծացել: 16 տարի լրացել ա, որբանոցից փախել ա: Օրավարձով, մի փոր հացի աշխատել ա, վերջին տարիներն էլ՝ Գետաբեկի շրջանի  Նորոսարատովկա գյուղում հովիվ ա աշխատում: Պատմում ա, որ  աշխատեցնում էին մի կտոր հաց էին տալիս, փող չէին տալիս: Ինքն էլ ստիպված եկել է այստեղ,  որ այստեղից էլ գնա իր ծննդավայրը՝ Ռուսաստանի Կալիմիկիա քաղաք»:  

Հովհաննիսյանը ասաց, որ նրա հետ խոսել է իր լեզվով: 

Ադրբեջանցին պատմել է, որ  չնայած ականապատ տարածքին, նա հատել է սահմանը.  «Պատմեց, որ էլ չի դիմացել, գիշերը, որտեղ ինքը մնալուց ա եղել, քնել են մարդիկ, ինքը գիշերը ճամփա ա ընկել,  եւ առավոտյան արդեն մեր  գյուղում էր»: 

 -Պարոն Հովհաննիսյան, կարծում եք այդ ադրբեջանցուց վտա՞նգ չկա, քանի որ մի քանի տարի առաջ կրկին ադրբեջանցի սահմանը հատեց, եւ երկու երիտասարդների սպանեց: 

-Դա Քարվաճառում էր: Ի՞նչ իմանաս,  թե դրան ինչի՞ են ուղարկել՝ տեղանքը ուսումնասիրելով, իմանան,  թե կենդանի անցնում է ականազերծ տարածքը, որ  դիվերսիա ուղարկեն: Հիմա գտնվում է ԱԱԾ-ում: