Կողմնորոշվեք

Կողմնորոշվեք

Երբ կողքից նայում ես ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական շփումներին, մի քանի բան ես նկատում, ընդ որում՝ իրարամերժ բաներ, որոնք քիչ հավանական է, որ լավ ծրագրված, մշակված ծրագրի մաս են կազմում։ Ավելի շուտ՝ խոսում են փնթի, անկազմակերպ, անելիքը չիմացող, ծրագիր չունեցող վարքագծի մասին։ Առաջինը, իհարկե, քաղաքական մուրացկանությունն է՝ ամենուր, ցանկացած հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական կարգավորման, սահմանները բացելու, խաղաղության պայմանագիր կնքելու մասին զրույցները։ Լինի դա Լիտվա, Միջին Ասիա կամ եվրոպական որեւէ աննշան երկիր կատարած այց, անպայման ՀՀ իշխանության ներկայացուցիչների հանդիպումների մասին պատմող 2 տողանոց հաղորդագրության ուղիղ կեսը խաղաղության պայմանագրի կնքման մասին է։

Ասենք, ինչո՞վ կարող է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստել Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւը, որի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը»: Բայց արար աշխարհից խաղաղություն եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում մուրացողի կարգավիճակը նաեւ չի խանգարում, որ այս նույն մարդիկ տարբեր առիթներով արկածախնդրությունների գնան, այսպես ասած՝ ատամ ցույց տան տարբեր պետությունների, հիմնականում՝ Ռուսաստանին։ Ասենք, իմանալով հանդերձ, որ Ռուսաստանը ցավոտ է տանում իր խորհրդային անցյալի նկատմամբ մերժողական վերաբերմունքը, Նիկոլ Փաշինյանը Լիտվայում այցելում եւ գլուխ է խոնարհում ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակին։ Իսկ Ալեն Սիմոնյանն այցելում է 1930-50 թթ․ քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր։ Մարդիկ, հավանաբար, սուր էմոցիաների կարիք ունեն։