Սերգեյ Կիրիենկոն եւս կարող է Հայաստան այցելել. այցը կարող է վճռորոշ լինել

Սերգեյ Կիրիենկոն եւս կարող է Հայաստան այցելել. այցը կարող է վճռորոշ լինել

Հայաստանի ընդդիմությունը կամ առնվազն դրա մի մասը Փաշինյանին իշխանազրկելու գործում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը: Ռուսաստանը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության բավական լայն լծակների է տիրապետում`սկսած Հայաստանում ռուսական կապիտալով բազմաթիվ ընկերություններից` իրենց բազմահազարանոց աշխատակիցներով, վերջացրած Ռուսաստանում ապրող հարյուր հազարավոր հայերով, որոնք մեծ ազդեցություն ունեն Հայաստանում ապրող իրենց ազգականների, ընկերների եւ մտերիմների քաղաքական նախապատվությունների ձեւավորման գործում: Ընդդիմությունը Փաշինյանին ներկայացնում է որպես Արեւմուտքի դրածո, որը խնդիր է դրել Հայաստանը պոկել ռուսական ազդեցության գոտուց եւ ինտեգրել ԵՄ-ին՝ Հայաստանը վերածելով հակառուսական տարածքի: Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ վարում է, այսպես կոչված, բալանսավորման քաղաքականություն, որը նշանակում է լավ հարաբերություններ պահել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ արեւմտյան երկրների հետ․ մայիսի 9-ին ՌԴ նախագահի հրավերով մասնակցում է Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին, իսկ դրանից մի քանի օր հետո մեկնում է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդների հանդիպմանը, որն ավելի շատ հակառուսական հարթակ է: Ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը Հայաստանում նոր իշխանության ձեւավորման հարցում: 

2018 թվականի հեղաշրջման ժամանակ Փաշինյանին հաջողվել էր ստանալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է դրա մասին մի քանի անգամ ակնարկել, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ եւս Ռուսաստանի իշխանությունները, ըստ էության, աջակցում էին Փաշինյանին, իսկ ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեցին նրա հաղթանակը՝ ցույց տալով, որ միանգամայն բավարարված են ընտրությունների արդյունքներով: Չի բացառվում, որ այս անգամ եւս Ռուսաստանը որոշի առանձնապես չխանգարել Փաշինյանի վերարտադրությանը: Դա պարզ կդառնա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան կայանալիք այցերից:

Գիտեք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն մի քանի տարի է՝ չի այցելել Հայաստան: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների հետեւանքն է. Լավրովին Հայաստանում առանձնապես չեն սպասում, ինքն էլ ցանկություն չուներ գալու մի երկիր, որտեղ պետական-պաշտոնական քարոզչության մակարդակում մոլեգնում է բացահայտ ռուսատյացությունը: Բայց վերջերս հայտարարվեց, որ մայիսի վերջին նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան, իսկ նախորդ օրն էլ նրա մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այցը մշակվում է, բայց կոնկրետ ժամկետը հայտնի չէ: Թե ինչով է պայմանավորված նման անորոշությունը, դժվար է ասել, գուցե Լավրովը զբաղված է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններով, եւ դրանով պայմանավորված` չգիտի ինչպես պլանավորել իր աշխատանքային գրաֆիկը, կամ գուցե նա Հայաստանում ասելիք եւ անելիք չունի: Մեծ հաշվով, Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է արտաքին քաղաքական վեկտորը`ԵՄ-ին միանալու գործընթաց սկսել, դրան նույնիսկ օրենքի ուժ է տվել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից երկրից վերածվում է թշնամի երկրի: Ռուսաստանի արտաքին գերատեսչության դիրքորոշումն այս հարցում հայտնի է` կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ եք, կա՛մ ԵԱՏՄ անդամ եք կա՛մ` ԵՄ, դրանից բխող հետեւանքներով: Լավրովը որեւէ նոր բան ասել չի կարող: Եթե Լավրովը պետք է գա Հայաստան, նշանակում է՝ ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է նոր ասելիք ունենան` հրաժարվելով արդեն որդեգրած քաղաքականությունից:

Լավրովի այցից հետո նախատեսված է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: Նախապես հայտարարվել էր, որ Մատվիենկոն Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը: Բայց այս ժամկետը եւս հարաբերական է`այցը պետք է հետեւի Սերգեյ Լավրովի այցին, երեւի Լավրովը պետք է ինչ-որ ճշգրտումներ իրականացնի Հայաստանի հարցում Ռուսաստանի քաղաքականության մեջ, որից հետո միայն պետք է Դաշնային խորհրդի նախագահն այցելի Հայաստան:
Իսկ այս ամենի վերջին արարը պետք է լինի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի այցը: Ըստ մեր աղբյուրի՝ նման այց եւս պլանավորվում է` ամառվա վերջին կամ գուցե աշնան սկզբին: «Հրապարակը» վերջերս գրեց, որ ՌԴ նախագահի աշխատակազմում Կիրիենկոն է զբաղվում Հայաստանի հետ հարաբերությունների մշակմամբ եւ կոորդինացմամբ: Ընտրություններից ամիսներ առաջ նրա` Հայաստան այցը պետք է հստակեցում մտցնի Հայաստանում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության հարցում: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը փորձելու են ներկայացնել որպես Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների, վարվող արտաքին քաղաքականության հաջողության եւ Ռուսաստանի կողմից իրենց իշխանության նկատմամբ դրսեւորվող լոյալության ապացույց, եթե այցերը չկայանան, հետեւությունները ճիշտ հակադիր կլինեն:

Հարցը, թե ինչու է Ռուսաստանն իրեն այդպես դրսեւորում, ինչու է շարունակում հարաբերություններ պահել բացահայտ հակառուսական քաղաքական գիծ վարող իշխանությունների հետ եւ հրաժարվում է աջակցել պրոռուսական դիրքորոշում ունեցող ընդդիմությանը, ունի շատ պարզ բացատրություն: Երբ դուք ուզում եք որեւէ իր ձեռք բերել, ենթադրենք՝ ավտոմեքենա, դուք չեք գնում, չէ՞, այդ ավտոմեքենայի մոտ եւ նրա կարծիքը հարցնում ձեր մտադրության վերաբերյալ, դուք գնում եք եւ այդ հարցով բանակցում եք մեքենայի սեփականատիրոջ հետ, որովհետեւ մեքենան՝ ինքը, չի որոշում իր պատկանելությունը, այլ՝ դրա սեփականատերը: Փաշինյանը Հայաստանը հասցրել է նման խղճուկ վիճակի, երբ երկրի իշխանությունն ընդամենը դրա ֆորմալ կառավարիչն է, իսկ սեփականատերերը գտնվում են երկրից դուրս: Եվ որքան էլ ցավալի հնչի, Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցով պետք է բանակցել սեփականատերերի եւ ոչ թե ֆորմալ կառավարիչների հետ, ովքեր ընդամենը դրսից ցուցումներ են ստանում, բայց ոչ երբեք ինքնուրույն որոշում կայացնում: