«Խաղաղության խաչմերուկի» արժեքն ավելին չէ, քան այն ներկայացնելու վրա ծախսված գումարը

«Խաղաղության խաչմերուկի» արժեքն ավելին չէ, քան այն ներկայացնելու վրա ծախսված գումարը

Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակումը տարակուսանք է առաջացնում թուրքական իշխանությունների` ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում օգնելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին: Թուրքական «Hurriyet» թերթին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ցավոք, Անկարան շարունակում է Կիևի ռեժիմի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինայի զինված ուժերը թուրքական զենքն օգտագործում են ռուս զինվորականների և խաղաղ քաղաքացիների սպանության համար։ Դա չի կարող տարակուսանք չառաջացնել Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին», - ասել է նա։

Հայկական արմատներով (ըստ համացանցի) ռուս դիվանագետ և 2004 թվականից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որքան հասկանում եմ, հիշողության հետ խնդիրներ ունի: Որովհետև եթե չունենար, ապա կգիտակցեր, որ նման բան, հատկապես թուրքերին, ասելը, մեղմ ասած, այնքան էլ տեղին չէ: Որովհետև թուրքերի հիշողությունը հաստատ տեղն է, ու նրանք դժվար թե մոռանային, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանը Արցախի վրա էր հարձակվել, առաջին հերթին, ռուսական, ինչպես նաև թուրքական ու իսրայելական սպառազինությամբ զինված: Հիշենք դրանից առաջ 4 միլիարդ դոլարի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսկ եթե մի բան թույլատրվում է Ռուսաստանին, ապա ինչո՞ւ չպետք է թույլատրվի Թուրքիային: Իսկ Ռուսաստանին «թույլատրվել» էր սպառազինություն հատկլացնելու հետ միաժամանակ միջնորդի դեր կատարելը թե՛ ապրիլյան և թե՛ առաջին ու երկրորդ (44-օրյա պատերազմի) ազատամարտերի ժամանակ:

Եթե հանկարծ այս հոդվածն ինչ-որ ձևով հասու լինի պարոն Լավրովին՝ նրան ներկայացնեմ որոշ տեղեկություններ: Որպեսզի պարզ լինի, թե ինչ դիրքորոշում ունի իրեն նման մեղադրանք ներկայացնողը: Այսպես, երկար տարիներ աշխատելով արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից մեկում՝ կարծում էի, որ մեր երկրի ներքաղաքական կյանքը պետք է կազմակերպվի արևմտյան արժեքների հիման վրա: Իսկ դիվանագիտության հարցերում մինչև 2020 թվականի երկրորդ ազատամարտը ես կիսում էի ՀՀ երրորդ նախագահի որդեգրած՝ «և … և» դիրքորոշումը՝ թեև, անկեղծ ասած, այն մեկ-մեկ ձեռ էի առնում ֆեյսբուքում: Որովհետև 2014 թվականից՝ ուկրաինական երկրորդ «Մայդանից» ու ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո «և … և»-ն իրականությանն ադեկվատ չէր դիտվում: Ինչևէ, հիշեցնեմ՝ դա ուներ հետևյալ տեսքը. արևմտյան վերպետական կառույցներում ներառվելով՝ պահպանել ու նաև ամրապնդել ՌԴ-ի հետ մեր երկրի ունեցած ռազմաքաղաքական և տնտեսական կապերը: 

Ինչ մնում է Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած հատուկ ռազմական գործողությանը (նրանց միջև պատերազմ հայտարարված չէ), ապա «Հրապարակ»-ի հոդվածներում ես փորձել եմ պաշտպանել մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի շահերը: Իսկ դրանք ենթադրում էին ու շարունակում են ենթադրել ոչ թե Ռուսաստանի ռազմական պարտությունն ու դրա հետևանքով այդ երկրի մասնատումը, այլ լավագույն դեպքում զինադադարը: Այն, ինչ 2022-ի մարտի վերջին Թուրքիայի կողմից նախաձեռնվել էր Ստամբուլում: Իսկ զինադադարի անհնարինության դեպքում՝ Ուկրաինայի պարտությունը: Որովհետև եթե նույնիսկ վերանանք այն հանգամանքից, որ ռուսական կողմի համար Ղրիմի ու Դոնբասի հարցերը նույնն են, ինչ մեզ համար արցախյան հարցը, ռազմաճակատում ռուսական անհաջողությունները հանգեցնում էին ադրբեջանական ագրեսիվ նկրտումների ակտիվացմանը: Ինչը մեկ անգամ չէ, որ դրսևորվեց: Ուրիշ հարց, որ, չգիտես ինչու, որոշ հայրենասերներ դա չեն նկատել ու չեն ցանկանում նկատել:
Դա՝ մեկ, և երկրորդ. եթե չլիներ 2018-ի ապրիլ-մայիսյան արկածախնդրությունը, մեր հայրենիքի (Հայաստանի ու Արցախի) անվտանգությունն ապահովված կլիներ ճիշտ այնպես, ինչպես ապահովված է Բելառուսինը: Ինչպիսի վերաբերմունք էլ ունենանք այդ երկրի ղեկավարի՝ «բատկայի», նկատմամբ, իր երկրի պետական շահերը սպասարկելու նրա ունակությունը հնարավոր չէ թերագնահատել: Այն, ինչ բացակայում է մեզանում 2018-ի գարնանային իրադարձություններից այս կողմ: Իսկ պետության ղեկավարը կոչված է առաջին հերթին ապահովելու պետության անվտանգությունը և ոչ թե նրա բնակիչների «հացելը»: Ինչը, կրկին առաջին հերթին, իրականացվում է ռազմական ճանապարհով և ոչ թե սահմանասյուներ տնկելով ու կեղծ «խաղաղության խաչմերուկներ» քարոզելով: Որի արժեքն ավելին չէ, քան այն ներկայացնելու վրա ծախսված գումարը: Քանի որ միջազգային խառնակ ժամանակաշրջանում ագրեսոր թշնամու համար այն ոտնահարելը ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: