Արայիկ Հարությունյանը հովանավորում է ռեկտորին

Արայիկ Հարությունյանը հովանավորում է ռեկտորին

Նանա Մարգարյանը 17 տարի Երեւանի պետական կոնսերվատորիայի թանգարանի հիմնադիր ղեկավարն է եղել։ Մեկուկես տարի առաջ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը նրան ազատել է աշխատանքից։ Իսկ պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակն էր տիրում երկրում: Մարգարյանն իր ղեկավարությանը համավարակի ժամանակ պարբերաբար խնդրել է՝ թույլ տալ իրեն, որ գնա Կոնսերվատորիայում աշխատի, սակայն պատասխանը միշտ բացասական է եղել: Պատճառաբանել են, թե նա կարող է վարակվել եւ իրենց մեղադրել։ Կոնսերվատորիայի թանգարանի նախկին ղեկավարը մի օր պարզում է, որ ռեկտորն ու ղեկավար անձնակազմն այդ օրերին հաճախ Կոնսերվատորիայում են լինում եւ Կոնսերվատորիայի աշխատակիցներին տրամադրված օգնությունը տեղաբաշխելով են զբաղված։

Ինքը` Նանա Մարգարյանը, միայնակ է խնամում իր 86-ամյա հորը, ասում է, որ ինքն իրեն հասանելիք օգնությունը չի ստացել։ «Ես փորձել եմ դիմադրել, մեկ անգամ հրապարակում եմ արել Ֆեյսբուքում, որ արդեն ժամանակն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն դարձնի Կոնսերվատորիայում տիրող բռնակալությանը։ Այդ նախադասության համար ինձ քարշ են տվել Երեւան քաղաքի ոստիկանություն եւ ստիպել են ոչ միայն ջնջել այդ հրապարակումը, որ տեսել էին նաեւ մի շարք աշխատակիցներ, այլ նաեւ՝ որ ես այլեւս ոչ մի տեղ ոչ մի բողոք չեմ ներկայացնելու։ Դրանից հետո ինձ տվել են երկու նկատողություն մեկ օրում, որպեսզի տարեվերջին ազատեն աշխատանքից»,- ասում է Նանա Մարգարյանը։

Նկատողություններ տրվել են հետեւյալ պատճառաբանությամբ, որ արատավոր մտքեր է տարածել եւ Կոնսերվատորիայի ընդհանուր աշխատանքային կանոնադրությանը հակասող իրավիճակներ է ստեղծել։ Արդեն սեպտեմբերին Մարգարյանին թույլ չեն տվել մուտք գործել Կոնսերվատորիա, եւ նա զգուշացրել է, որ իր նկատմամբ հետապնդումների փաստը կներկայացնի կառավարություն։
Հետո, մի օր էլ աշխատավայր է գնում եւ տեսնում, որ կողպեքը կոտրված է, փոխված, ու ինքն այլեւս չի կարող մտնել իր աշխատասենյակ։ 2 ամիս անց Մարգարյանը նամակ է գրում Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացնում է, թե ինչ ճնշումների ու հալածանքների են ենթարկվում Կոսերվատորիայում։ Նամակում նաեւ խնդրում է իր աշխատավարձը բարձրացնել, քանի որ միայնակ է պահում տարեց հորը։ Փաշինյանի աշխատակազմից Կոնսերվատորիայի ղեկավարությունից պարզաբանում են պահանջում դիմումի վերաբերյալ։ «Բնականաբար, Կոնսերվատորիայի զայրույթը եղել է շատ ըմբոստ, եւ աղավաղված բացատրություններ են գրել ԿԳՄՍ նախարարի անունով, տարբեր հանձնաժողովներին՝ նշելով, որ ես մի անգրագետ անձնավորություն եմ, որ ինձ, մարդասիրական մղումներից ելնելով, 17 տարի պահել են Կոնսերվատորիայում»,- նշում է Մարգարյանը։

Կոնսերվատորիայի թանգարանի նախկին տնօրենը նշում է, որ ռեկտորն ու պրոռեկտորները զրպարտության, վիրավորանքի անվան տակ դատական գործընթաց են ծավալել իր դեմ։ Եվ պատմում է, որ նշանակվելուն պես ռեկտոր Հովհաննիսյանն աշխատանքից հեռացրել է Կոնսերվատորիայի աշխատակիցներին՝ պահակներից մինչեւ դասախոսներ՝ մոտ 100-150 մարդ։ Փոխարենը, Մարգարյանի խոսքերով, աշխատանքի է տեղավորել իր շրջանակի մարդկանց։
Մարգարյանը շեշտում է, որ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ունի շատ ուժեղ լծակներ կառավարությունում։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ անձամբ է Սոնա Հովհաննիսյանին բերել Կոնսերվատորիա եւ անձամբ է հետամուտ եղել նրա նշանակմանը։

«Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այդ պաշտոնը նա ստանձնել է ներկայիս կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով, ով այն ժամանակ ԿԳՄՍ նախարարն էր, ով Սոնա Հովհաննիսյանի ձեռքից բռնեց եւ նախկին ռեկտորին ներկայացրեց ու ասաց՝ խնդրում եմ դուրս եկեք»,- նշեց մեր զրուցակիցը։

Կոնսերվատորիայի թանգարանի նախկին ղեկավարը նշում է, որ դատական գործընթացն անընդհատ ձգձգվում է։ Անդրադառնալով մյուս խնդիրներին, որոնց ականատես է եղել ինքը, ասում է, որ թանգարանի՝ տարիների ընթացքում հավաքած նյութերը մտադիր են տեղափոխել Արվեստի, գրականության թանգարան։

«Արվեստի, գրականության թանգարանի տնօրենը՝ Վահագն Սարգսյանը, Սոնա Հովհաննիսյանի բարեկամն է՝ վերջինիս քեռակնոջ զարմիկն է։ Փոխնախարար Արա Խզմալյանը, ով շատ մեծ աջակից է հանդիսացել եւ հանդիսանում է ներկայումս Սոնա Հովհաննիսյանի համար, քանի որ Խզմալյանի կինը՝ Եվա Պոդպոմոգովան, տարիներ շարունակ երգել է Սոնա Հովհաննիսյանի «Հովեր» երգչախմբում»,- հայտարարում է Մարգարյանը։

Նա վստահ է, որ արդարությունն իր կողմում է, սպասում է դատարանի որոշմանը, որից հետո արդեն պարզ կլինի քայլերի հաջորդականությունը։