Իրանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» հարթակի նիստին. ԶԼՄ

Իրանի արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» հարթակի նիստին. ԶԼՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի նիստին: Տեղեկությունը հայտնում է թուրքական «Sabah» թերթը՝ հղում անելով Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլահզադեին:

«Դեսպանը տեղեկացրել է, որ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կողմից ձևավորված, խաղաղության հասնելուն ուղղված «3+3» հարթակի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, և որ Իրանի արտգործնախարար Արաղչին նույնպես կմասնակցի այդ նիստին», - գրում է պարբերականը:
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն որոշված է, դրա վերաբերյալ տեղեկություն կտարածվի դիվանագիտական խողովակներով։

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Առայժմ հայտնի չէ, թե պաշտոնական Երևանը  մասնակցելու է Թուրքիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը, թե ոչ։