Փորձենք մեր միասնականությունը վերագտնել Արցախում

Փորձենք մեր միասնականությունը վերագտնել Արցախում

Ես չեմ զարմանա, եթե վաղը պարզվի, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում Փաշինյանի ֆավորիտը Մասիս Մայիլյանը չէ: Տառապանքս փորձ ունի: Ընդամենը 2 ամիս առաջ բոլորն ասում էին, թե Արայիկ Հարությունյանն է Նիկոլ Փաշինյանի պաշտպանած թեկնածուն: Արայիկ Հարությունյանն էլ մամուլի ասուլիսներ էր տալիս ու համեստորեն ասում՝ օֆ դե չգիտեմ, չգիտեմ… Արայիկ Հարությունյանն էր, որ իր բոլոր կողմնակիցներով Ստեփանակերտում մասովկա ապահովեց Փաշինյանի համար, ելույթներ էր ունենում, որ Հայաստանն ու Արցախը ինչպես նույն խնձորի երկու կեսը, պետք է նման լինեն, ընթանան Փաշինյանի նախանշած ուղեգծով: Փաշինյանն էլ, տեսնելով Արայիկ Հարությունյանի թափը, որոշեց Դանիել Իոաննիսյանին «պրիստավ» կարգել Արցախում, որպեսզի արցախյան ընտրությունների արդյունքները վերահսկելի լինեն և ոչ ոք չփորձի իր նախընտրած թեկնածուից հաղթանակ «խլել»: Արայիկ Հարությունյանի երջանկությանը չափ ու սահման չկար, մյուս կողմից էլ նրա կուսակցությունը հաղթեց ՏԻՄ ընտրություններում՝ հանգամանք, որ ՀՀ վարչապետի մոտ ավելի պետք է ամրապնդեր Արայիկ Հարությունյանի թեկնածության հանդեպ վստահությունը: Ամեն ինչ կարծես շատ լավ էր ընթանում: Արայիկ Հարությունյանն այնքան էր ոգևորվել, որ նույնիսկ չէր էլ ցանկանում քննարկել միասնական թեկնածուով ընտրությունների գնալու գաղափարը, որ նրան առաջարկեց ՀՅԴ Արցախի կառույցը: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նախընտրում է միայնակ մասնակցել ընտրություններին: Իրավունքն իրենն է:

ՀՅԴ-ի համար, սակայն, դա միասնական թեկնածուի հարցով բանակցությունների ավարտը չէր: Բանակցություններ ու հանդիպումներ դեռ կլինեն, սակայն չի բացառվում, որ, ՀՅԴ-ն նոյեմբերին իր թեկնածուին առաջադրի: Հետաքրքիր է, որ այս մասին ՀՅԴ-ից հայտարարեցին այն բանից հետո, երբ ՀՅԴ ֆավորիտի համարում ունեցող Մասիս Մայիլյանը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Նրա կոչից հասկացվեց, որ փորձելու է լինել միավորող թեկնածու: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՀՅԴ-ն շարունակելու միասնական թեկնածուով ընտրությունների գնալու հարցով քննարկումները և ինչո՞ւ է խոսում սեփական թեկնածուին առաջադրելու մասին:    

Պատճառները շատ են, բայց մենք կխոսենք մեկի՝ ամենակարևորի մասին: Ուրեմն, Մասիս Մայիլյանի հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի իշխանական առանձին շրջանակներ, ինչպես նաև Փաշինյանի անձնական սազանդարները, միանգամից բերանները բացեցին ու սկսեցին երգել այն մասին, որ Փաշինյանի և Հայաստանի հեղափոխական իշխանությունների թեկնածուն հենց Մասիս Մայիլյանն է, որովհետև կոռումպացված չէ, քրեական պատմություններ չկան, իսկը՝ Նիկոլի ուզած մարդը: Ես նրանց ասում եմ՝ տղերք, էս ոնց որ խառնվում եք Արցախի գործերին: Նրանք երկինք-գետինք երդում են ուտում, թե չեն խառնվում, պարզապես շատ կուզենային, որ Մասիս Մայիլյանի նման մարդ լիներ Արցախի նախագահը: Հա՛ա՛ա՛… Իսկ Արայիկ Հարությունյա՞նն ինչով էր պակաս: Ձայն չեն հանում, բայց, անամոթաբար, ԶԼՄ-ներով «սլիվ» են թողնում Արայիկ Հարությունյանի կուտակած հարստության, օբյեկտների մասին: Ախր քաջություն ունեցեք՝ որ մի բանը ասում եք, մյուսն էլ ասեք, ինչո՞ւ եք թաքնվում ձեր նախկին թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի աչքերից: Կարո՞ղ էին արդյոք ՀՀ իշխանական շրջանակների՝ ի պաշտպանություն Մասիս Մայիլյանի թեկնածության հայտարարությունները ստիպել ՀՅԴ-ին՝ զգուշանալ վերջինիս հարցում և շարունակել միասնական թեկնածուով ընտրությունների գնալու քննարկումները: Չի բացառվում, թեև հնարավոր է, որ ՀՀ իշխանությունների այս հայտարարությունները վկայությունն են այն բանի, որ նրանք նույնպես հասկացել են, որ Արցախի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերը հենց միասնական թեկնածուն ունի: Ուրեմն ինչո՞ւ չհայտարարել Մասիս Մայիլյանի անունը, որպես ուժեղ թեկնածուի, իսկ նրա հաղթանակի դեպքում մի դափնեպսակ էլ ՀՀ վարչապետի գլխին չդնել:

Բայց եկեք իրադարձություններից առաջ չանցնենք և բավարարվենք միայն արձանագրելով, որ Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կունենանք միասնական թեկնածու, որի հաղթանակով էլ կարող է վերջ տրվել այս համատարած պառակտումին, որ արդյունք է ՀՀ հեղափոխական իշխանությունների երկամյա, մեղմ ասած, գործունեության: