Եվրոպական հայտնի չինովնիկը լծվել է այդ կենսական շահի սպասարկմանը
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ արդեն, փաստացի, ուլտիմատումի լեզվով է խոսում՝ պահանջելով «դադարեցնեն խաղերը» և կնքել այպես կոչված խաղաղության պայմանագիրը։
Երեկ Politico պարբերականը տեղեկացրեց, որ Եվրախորհրդի ղեկավարը, որը ի դեպ, նոյեմբերին վայր կդնի լիազորությունները, դեռ հուլիսի 18-ին առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում: Միշելը նամակներ է հղել երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով «ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»։ Միշելին մոտ կանգնած Politico-ի զրուցակիցն ասել էր, թե «վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնությունը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար»։
Հեռացող Միշելի հովանավորությամբ էր, որ 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը փաստաթղթով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Արեց մի բան, որ Հայաստանի որեւէ իշխանություն երբեւէ չէր արել։
Շառլ Միշել անուն ազգանունով եվրոպական հայտնի չինովնիկը սպասարկում է Արեւմուտքի գլոբալ շահը ու նրա վերջին հայտարարությունները հենց այդ լույսի ներքո պետք է դիտարկել, համոզված է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եվրոպական կառույցի ղեկավարի պարտադրանքը չի վերաբերում Ադրբեջանին, քանզի այսօր Ադրբեջանը երվրոպական երկրների համար այն եզակի պետությունն է, որի էներգակիրները փոխարինում են ռուսկաան էներգակիրներին, ուստի ճնշումը միայն Հայաստանի վրա է, իսկ դա նշանակում է՝ անվերապահ կատարել Ալիեւի բոլոր պահանջներն ու պայմանները»,-«Հրապարակ»-ին ասում է Նահապետյանը՝ թվարկելով Բաքվի՝ շարունակ ընդլայնվող պահանջները, որոնց մեջ առանցքային է Սահմանադրության փոփոխության հարցը։ Այն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կարեւոր է այն պատճառով, որ նոր Սահմանադրությամբ նրանք փորձելու են վերջնականապես փակել Արցախի հարցն ու Ցեղասպանության խնդիրը, իսկ Արեւմուտքին Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է երկրի՝ չեզոք լինելն արձանագրելու համար։ «Արևմուտքին պետք է, որ նոր Սահմանադրությունը ներառի հոդված, որով Հայաստանը դառնա չեզոք պետություն, այսինքն, հրաժարվի պետական որեւէ ռազմաքաղաքական կառույցի անդամակցումից, իսկ այս պահին Հայաստանը պաշտոնապե ՀԱՊԿ անդամ է։ Չեզոքությունը կենթադրի, որ Հայաստանը իր տարածքում չպետք է ունենա այլ երկրի ռազմաբազա»,-բացատրում է Նահապետյանը։
Նահապետյանի խոսքով, արեւմտյան ծրագրի հիմքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու ծրագիրն է, որի համար ամենամեծ խոչընդոտը Արցախն էր եւ այն հանձնվեց Ադրբեջանին։ Արցախի ու Իրանի միջեւ ընկած 102 կմ հատվածում ադրբեջանական զինուժ տեղակայվեց։ «Արաքսի հովիտը՝ Կուբաթլու, Զանգելան, Ջեբրայիլ, հայկական զինուժի վերահսկողությունից վերցվեց։ Սա առաջին քայլն էրն այդ միջանցքի բացման համար։ Երկրորդ հատվածը՝ 44 կմ-ը, Մեղրի Ագարակ հատվածն է, որտեղ այս պահին գնում են աշխատանքներ, ըստ որի, Հայաստանը հրապարակավ հրաժարվում է 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կոետի պահանջները կատարելուց։ Օրվա վարչակազմը հրապարակավ հրաժարվում է ապաշրջափակվող ճանապարհներին ռուսական վերահսկողությունից։ Արեւմուտքի համար սրանով կտրվում է Ռուսաստանի եւ Իրարնի ցամաքային սահմանը, որը անցնելու էր Հայաստանով եւ Վրաստանով։ Նպատակը Ռուսաստանի արեւելքում զինյալների կուտակումն է, որոնք անհրաժեշտության դեպքում կծառայեն ՌԴ դեմ ռազմական գործողություն սկսելուն։ Եվրոչինովնիկի ճնշումներն ուղղված են նրան, որ Հայաստանը փաստաթղթավորված ձեւով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հանձնի»,-ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, այդ ճանապարհը իրականում ոչ թե տնտետսական, այլ ռազմական է լինելու, որով Ռուսաստանի հարավում եւ արեւելքում՝ հատկապես միջինասիական հանրապետություններում եւ մասնավորապես, Ղազախստանում, արմատական խմբավորումների կենտրոնացումն է ապահովվելու, իսկ Հայստանն ու Ադրբեջանը այդ ճանապարհին լինելու են տրանզիտ երկրներ։
«Սա Արեւմուտքի համար կենսական է եւ այդ կենսական շահի սպասարկմանը լծվել է եվրոպական հայտնի չինովնիկը»,-եզրափակում է մեր զրուցակիցը։
Կարծիքներ