Էդմոն Մարուքյանը, Բայդենը, Զելենսկին եւ մյուսները

Էդմոն Մարուքյանը, Բայդենը, Զելենսկին եւ մյուսները

Հայաստանում բազմաթիվ են «խուռդա» եւ «խուռդված» քաղաքական գործիչները: Նրանք, որպես կանոն, Նիկոլի «բարեկամներն» են: Նիկոլը, երբ գործերը վատ են, սովորաբար, խոսում է նրանց շուրթերով: Սա է այդ գործիչների օգտագործման վերջին փուլը: Դրանից հետո բոլոր «ոսկե հորթերի» ու լեյտենանտ Շմիդտի որդիների համար սկսվում է Ռիո դե Ժանեյրոյի եւ կապույտ եզրաշերտով ափսեի փնտրտուքը…

Հավանաբար, հարց առաջացավ, թե ինչ կապ ունի Էդմոն Մարուքյանի անունն այս հոդվածի վերնագրի հետ: Բացարձակապես՝ ոչ մի կապ: Պարզապես Նիկոլն այս անգամ նրա շուրթերով է խոսել: Մի երկու օր առաջ էլ խոսել էր Արման Բաբաջանյանի շուրթերով ու քլնգել մեր զույգ կաթողիկոսներին, որոնք, վախ, վախ, վախ, չեն օրհնել համահայկական հիմնադրամի նվիրատուների ջանքերը, ինչի պատճառով փող չի հավաքվում: Իսկ որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է, արդյոք, թե որտեղ է Արման Բաբաջանյանը: Եթե այս «խուռդա» հարցը ձեզ չի հետաքրքրում, ապա ինձ հետաքրքրում է: Ինչ-որ առիթով առկայծեց ԱՄՆ-ում՝ մորուքին նոր ձեւ տված, շիկ հագուկապով: Վերադարձե՞լ է` ես տեղեկություն չունեմ:

Իսկ ի՞նչ է ասել Նիկոլն Էդմոն Մարուքյանի բերանով, որը տեղ է գտել վերջինիս թվիթերյան տնամերձում: Էդմոնը գրել է. «Մեր առավոտներն սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։ Այդ հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետեւում է այս աբսուրդին։ Ասելու ոչինչ չկա…»: Այս փոքրիկ մտքի մեջ առնվազն երեք կարեւոր արձանագրում կա: Առաջին՝ պատերազմը չի ավարտվել, երկրորդ՝ խաղաղության դարաշրջանը ոչ եւս է, եւ երրորդ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միջազգային հանրության տանձին չեն… Իսկապես որ ասելու ոչինչ չկա: Բայց եթե ճիշտ հետեւություններ անենք Էդմոն Մարուքյանի այս գրառումից, ապա պետք է վեր կենանք ու նիկոլախառը ռադ անենք ՀՀ գործող իշխանություններին, որոնք երկրի գլխին իրենց կեղծ փիլիսոփայությամբ այսքան աղետ բերելուց հետո դեռ համարձակվում են այսպիսի խոստովանություն անել:

Վերջին շրջանում համաշխարհային մամուլի էջերը հեղեղված են հոդվածներով, որոնց հեղինակները խոսում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին: Զելենսկին համաձայն չէ: Նրան համոզում են ՆԱՏՕ-ից, եվրոպական ղեկավարներ են դիմում նրան, նույնիսկ՝ Բայդենը, բայց Զելենսկին, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ փող, զենք ու էլի փող է ուզում, որ պատերազմը շարունակի: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ պատերազմը թեւակոխել է բոլորովին նոր փուլ, որ այն վերաճում է Ուկրաինան բաժան-բաժան անելու գործընթացի: Ի՞նչ է անելու Զելենսկին, երբ արդեն ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը պահանջատիրոջ իրավունքով մտնի Արեւմտյան Ուկրաինա, ինչի մասին Վլադիմիր Պուտինն ակնարկել էր «Լենինի անվան» այդ հանրապետության դեմ հատուկ գործողությունն սկսելուց առաջ:

Եվ ահա National Interest-ի շուրթերով Բայդենը գրում է, որ Վաշինգտոնին հիասթափեցրել են Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, ով կատարվածի համար (Լեհաստանի տարածքում հրթիռներ ընկնելու՝ Էդ. Ա.) մեղադրել է Ռուսաստանին, թեպետ ԱՄՆ-ն ընդունել է, որ հրթիռն ուկրաինական է։ «Հրթիռի արձակման հետ կապված Կիեւի համառ պահվածքը հիասթափություն եւ վրդովմունք է առաջացրել ոչ միայն ամերիկացի պահպանողականների, այլեւ Սպիտակ տան եւ ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների շրջանում»,- ասվում է հոդվածում։ Այսքանից հետո արդեն կասկած չի մնում, որ Ռուսաստան-Արեւմուտք բանակցություններն Ուկրաինայի հարցով սարերի հետեւում չեն: Ի դեպ, ճիշտ այնպիսի բանակցություններ, ինչպիսիք Հայաստանի հարցով բանակցություններն են՝ առանց Հայաստանի մասնակցության: Այնտեղ սեղանի վրա Ուկրաինան է: Դե հիմա ֆուտբոլը թողեք եւ համեմատեք Էդմոն Մարուքյանի ու Ջո Բայդենի «գրառումներն» այն մասին, որ միջազգային հանրության տանձին չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ նույնիսկ Ուկրաինան:

Եվ այս իրավիճակում, երբ Երեւանում ՀԱՊԿ-ի վեհաժողովն է ընթանում, իսկ Ադրբեջանը շարունակում է կրակել, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւը բավականին հանրամատչելի լեզվով մեզ ասում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, իմ կարծիքով, ՀԱՊԿ իրավասությանը չի վերաբերում։ Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձեւով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են ե՛ւ այս, ե՛ւ մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ՀԱՊԿ-ն միասնաբար է գործում Ղազախստանում, որովհետեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն այդ հարցում նույնկերպ էին մտածում, իսկ, ահա, Հայաստանի պարագայում, երբ հստակ է մեր երկրի վրա արտաքին ագրեսիայի փաստը, ՀԱՊԿ պետությունները սկսել են անջատ-անջատ, ամեն մեկը յուրովի՞ մտածել: Կոսաչեւի այս մեկնաբանությունը, միանշանակ, անհեթեթություն է, իսկ ահա նրա խոսքի առաջին հատվածը մտածելու տեղիք է տալիս՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ՀԱՊԿ իրավասության հարց չէ: Ուզում է ասել՝ պետք չէ որեւէ ակնկալիք ունենալ Բելառուսից կամ Ղազախստանից, այս հարցը բացառապես Ռուսաստանի իրավասության ներքո գտնվող հարց է եւ կկարգավորվի այնպես ու այնքանով, ինչպես եւ որքանով կկարողանա դա անել Ռուսաստանը՝ բնականաբար, իր շահերից ելնելով:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ էին ՀՀ իշխանությունները «թռնում» ՀԱՊԿ-ի դեմքին, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի կառավարությունն է այսօր թռնում ՆԱՏՕ-ի դեմքին՝ օգնություն ու աջակցություն պահանջելով: Պատասխանը մեկն է՝ Վոլոդիմիր Զելենսկին եւ Նիկոլ Փաշինյանը փորձում են փրկել իրենց դեմքը՝ պարտությունների եւ տարածքային կորուստների համար մեղավորներ «նշանակելով» ամբողջ աշխարհում: Եվ ի՞նչ իմանային Նիկոլն ու Զելենսկին, որ աշխարհն իր խաղն է խաղում, ու աշխարհի հզորների տանձին չեն գաճաճները: Դեռ երեկ նրանց թվում էր, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում, ու այդպես էլ չնկատեցին, թե ինչպես այդ խաղը թեւակոխեց վճռական փուլ, ու վրա հասավ հողերը բաժանելու պարզունակ պահը․ սա՝ ինձ, սա՝ քեզ, սա՝ ինձ, սա՝ քեզ… Ինչպես Էդմոն Մարուքյանը կասեր՝ իրոք որ ասելու ոչինչ չկա…