Խուփն ու պուլիկը
Երբ հետեւում ես մեր իշխանությունների եւ ընդդիմության գործունեությանը, ժողովրդական հայտնի ասացվածքներն են միտքդ գալիս․ «Նմանն զնմանին գտանե», «խուփը գլորվել՝ կճուճն է գտել»։ Իհարկե, երկրում տեղի ունեցող իրադարձությունների եւ այս իրավիճակի համար մեղքի ու պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ բառ ու բանի, հրապարակային պահվածքի։ Նույն մակերեսայնությունը, նույն ագրեսիան, երեւույթների ու խնդիրների նկատմամբ նույն դիլետանտիզմն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։
Պարզ է, որ շոուներն ու պոպուլիզմը խիստ վարակիչ են։ Եվ երբ այդ ոճը հաջողություն է ունենում, այն դառնում է ընդօրինակելի։ Ավելին՝ ոմանց թվում է, թե իշխանության գալու եւ իշխանությունը պահելու միակ ձեւը հենց այդ անպատասխանատու եւ թատերականացված պահվածքն է, երբ ոչ թե խելացի խոսք, գիտելիք, ծրագիր ու խորքային վերլուծություն է պահանջում ընտրողը, այլ ընդամենը շոուներ, մեծամիտ ու մեծաբերան խոսք, անիրականանալի խոստումներ, դիմացինին շշպռելու եւ որքան հնարավոր է ցավոտ հարվածելու ունակություն։
Ի վերջո, տարիներ շարունակ Ազգային ժողովի ամբիոնը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց հենց դրա համար, որ քաղաքական հակառակորդներին ուղղված անապացուցելի մեղադրանքներ հնչեցնի եւ պոպուլիստական ելույթներ ունենա, համոզելով, որ գալով իշխանության՝ ինքն էականորեն տարբերվելու է գործող իշխանություններից։ Եվ այդ ոճը կամաց եկավ, հաստատվեց մեր կյանքում։ Այնպես հաստատվեց, որ այժմ անգամ կանայք ձեռնպահ չեն մնում դրանից՝ աշխատելով որքան հնարավոր է ցավոտ հարվածել եւ չապացուցված մեղադրանքներ հնչեցնել։ Մեկը դիմացինի ազգանունն է շահարկում՝ Ստամբուլ ասելով, մյուսը Բրյուս Լիին է հիշում, երրորդը «կապիտուլյանտ» բառն է շահարկում, չորրորդը օդից կախված լուրեր է հրապարակում։
Կարծիքներ