Ինչ շուտ մոռացաք ձեր ընդդիմադիր անցյալը

Ինչ շուտ մոռացաք ձեր ընդդիմադիր անցյալը

Ազգային ժողովում քննարկում են քրեական, վարչական եւ հարկային օրենսգրքերում փոփոխություններ անելու հարցը։ Մեծ մասն ուղղված է ընտրություններին՝ իբրեւ թե ընտրական իրավունքի իրացման դեմ ուղղված օրինախախտումները որոշել են ավելի խստորեն պատժել։ Բայց մեծն իրավագետ Վահագն Հովակիմյանը, որը խորհրդարանին է ներկայացնում այս փոփոխությունները, այնպես է խոսում, կարծես Ամերիկա է հայտնաբերել, եւ մինչեւ իրեն ոչ ոք երբեւէ չի պատժել ընտրախախտումները։ Նա կիսավրդովված ու հոգնած ներկայացնում է փոփոխությունները՝ «չե՞ք հասկանում, որ սա կարեւոր է, այ դեբիլներ, բացատրելու ի՞նչ կա» տոնով։ Այնպես որ, անգամ իր թիմակից Համազասպ Դանիելյանը նրբորեն հասկացնում է, որ կարելի էր մի քիչ ավելի լավ պատրաստվել եւ ավելի հանգամանալից հիմնավորել այդ փոփոխությունների անհրաժեշտությունը։

Ի՞նչ են ուզում փոխել «ուսապարկերը»։ Բանն այն է, որ  նախկինում եւս ընտրական խախտումները պատժվել են, ասենք, օրինակ՝ պատժվել է քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը։ Այսինքն, եթե ինչ-որ մեկին պարտադրել են, որ նա, իր կամքին հակառակ, ինչ-որ մեկի օգտին քարոզի, ընտրի այսինչ ուժին կամ անձին, օրենքը պատժել է նման արարքի համար։

Հիմա փաշինյանական իշխանությունը որոշել է պատժել նաեւ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։ Այսինքն, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գնա Սյունիք, եւ նրան հայհոյեն ու վռնդեն, այդ անձանց նկատմամբ ոչ թե խուլիգանության հոդվածով մեղադրանք կառաջադրեն, այլ ընտրություններին խոչընդոտելու։ Իշխանությունը որոշել է նաեւ քրեականացնել կուսակցության կամ թեկնածուի մասին կեղծ տեղեկություններ տարածելը, եթե դա կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Այսինքն, եթե նախընտրական փուլում, ասենք, 5-րդ ալիքը ռեպորտաժ պատրաստի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հայրենիքին, մութ գործարքի մեջ է մտել Ալիեւի հետ, պատերազմում դիտավորյալ է մեզ պարտության տարել եւ սիրահոժար թշնամուն է հանձնել մեր տարածքները, Ռոբերտ Քոչարյանի թիմին հանգիստ կարող են մեղադրանք առաջադրել՝ որպես մի խումբ մարդիկ, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածել թեկնածուի մասին։ Մի փոփոխություն էլ․ եթե գործող օրենսգրքով նախատեսված էր, որ անձի նկատմամբ բռնություն կիրառելու եղանակով նրան որեւէ հավաքի մասնակցելուն պարտադրելը կամ մասնակցելն արգելելը պատժվում էր, ապա հիմա առաջարկում են պատժել նաեւ այն դեպքերում, երբ բռնություն չի կիրառվել։ Ասենք, եթե ընդդիմության հանրահավաքին գնացող ինչ-որ անձ իր ենթակային ասում է՝ արի միասին գնանք միտինգի, այս անձը կարող է վազել ոստիկանություն, հաղորդում տալ, որ իր վերադասն իրեն պարտադրել է մասնակցել հանրահավաքին, եւ վերադասի նկատմամբ կարող են մեղադրանք առաջադրել։ Ահա, այսպիսի զարմանահրաշ փոփոխություններ են նախատեսել «ուսապարկերը» մեզ համար։ 

Իսկ ամենաուշագրավը Անի Սամսոնյան-Վահագն Հովակիմյան երկխոսությունն էր, որի ժամանակ իշխանության իրավագետը մի քիչ սեթեւեթելով խոստովանեց, որ այս փոփոխությունները ձեռնարկվել են ընդդիմության դեմ, կոնկրետ՝ ընդդիմության։ 

Երբ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ «ընդդիմությունը չունի որեւէ լծակ՝ մարդկանց հարկադրելու․․․ ինչպե՞ս է օրենքը կիրառվելու», Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «․․․Մի դիտարկում․ որ ասում եք՝ ընդդիմությունը նման հնարավորություններ չունի, մեր իրողությունն այնպիսին է, որ այսօր նման հնարավորություն ունեն եւ դա անում են երբեմն բացահայտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձինք, շրջանակներ, եւ տվյալ անձինք իրենց ազդեցության տակ գտնվող աշխատողներին, այդ թվում նաեւ որոշ քաղաքապետեր, փորձում են նաեւ ինչ-որ բաներ պարտադրել։ Ընդդիմությունը նման օրենքով արգելված գործիքակազմ ավելի շատ է կիրառում քան թե իշխանությունը»։ Կարծում եմ՝ հասկացաք․ «քաղաքապետերը» Սյունիքի քաղաքապետերն են, «ընդդիմությունը» 17 ուժերն են եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը։

Իշխանությունը, փաստորեն, փորձում է այնպես անել, որ․

1. իր հանրահավաքները, նախընտրական հանդիպումները չխոչընդոտեն՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չհայհոյի, թթու խոսք չասի, չխանգարի մարդկանց ուղեղները լվանալուն։

2. Ընդդիմության հանրահավաքների ու հանդիպումների հետ կապված՝ իրենց սրտի ուզածի չափով քրեական գործեր հարուցեն եւ մարդկանց այնպես վախեցնեն, որ, մի կողմից, նրանք չմասնակցեն այդ հանրահավաքներին, մյուս կողմից՝ ոչ մեկը չհամարձակվի որեւէ մեկին անգամ սիրալիր հրավիրել հանրահավաքի։

3. Ոչ մի «օդում կախված լուր», որոնք տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից անպատիժ հրապարակում էր Նիկոլ Փաշինյանը, չհամարձակվեն այսօր հրապարակել, իսկ ցանկացած նման հրապարակումից հետո իրենք հնարավորություն ունենան այդ լուրը քրեական գործի հիմք դարձնել ու մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակել։ 

ՀԳ․ Վահագն Հովակիմյանը մոտ 20 տարի աշխատել է ընդդիմադիր մամուլում՝ «Հայկական ժամանակ»-ում, եւ իր հրապարակումներով փորձել է աջակցել ընդդիմությանը, հարգանքով է վերաբերվել ընդդիմությանը, մերժել ու քննադատել է իշխանությունների կողմից ցանկացած ճնշում՝ ընդդիմության նկատմամբ, հարյուրավոր հոդվածներ է գրել իշխանական ապօրինությունների, դեմոկրատական ազատությունները սահմանափակելու, հակադեմոկրատական քայլեր անելու մասին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նա զգում այսօր, երբ իշխանական նենգ քայլերն է առաջ տանում եւ փորձում է քրեական պատիժ սահմանել, մասնավորապես, ազատ արտահայտվելու համար։ Ինչպե՞ս կարող է ողջ կյանքն ընդդիմության կողքին եւ նրա համար աշխատած մարդն այդպես ատելությամբ խոսել ընդդիմության մասին եւ կարծել, որ ընդդիմության քայլերը սահմանափակելով, նրան ճնշելով՝ կարելի է նորմալ երկիր կառուցել։ Թե՞ ուղղակի այն ժամանակ իր նեղ անձնական շահն ասում էր՝ պաշտպանիր ընդդիմությանը, հիմա ասում է՝ հարվածիր ընդդիմությանը։

Սվետա Մարտիրոսյան