Սուրեն Պապիկյանը խոստում է տվել համայնքապետին

Սուրեն Պապիկյանը խոստում է տվել համայնքապետին

Նորաշենում կրքերը, կարծես թե, հանդարտվում են։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ի՞նչ վիճակ է Արարատի Նորաշեն համայնքում և խոսե՞լ է նախարարն արդյոք Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի հետ, պատասխանեց՝ «Ես զրուցել եմ Նորաշեն համայնքի համայնքապետի հետ, չեմ գնացել Նորաշեն, իրեն ընդունել եմ ինձ մոտ։ Եկել ենք ընդհանուր հայտարարի, նախկին համայնքապետը պատրաստվում է մասնակցել ընտրություններին»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանին ազատել էր աշխատանքից։ Արձակուրդում գտնվող համայնքապետը այդ մասին իմացել էր համայնքապետարանի պահակից։ Գարիկ Սարգսյանը իր որոշումը բացատրել էր նրանով, որ Գրիգորյանը, ըստ մարզպետի, 6 ամիս շարունակ ավագանու նիստ չէր հրավիրել, ինչն էլ հիմք է հանդիսացել համայնքապետին պաշտոնից ազատելու համար, մինչդեռ ավագանու նիստի արձանագրությունները տեղադրված են եղել Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում։ Մարզպետի որոշումից հետո նորաշենցիները բողոքի ակցիաներ էին սկսել՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Գրիգորյանի փոխարեն համայնքապետի պաշտոնակատար էր նշանակվել ավագանու անդամ Արտակ Հարությունյանը։  

Կապվեցինք Նորայր Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է ասել նրան Պապիկյանը, և ինչո՞ւ է նախկին համայնքապետը որոշել զենքերը վայր դնել և սպասել ընտրություններին․

« Նախարարը ինձ ընդունել է իր մոտ, աշխատակազմով գնացել ենք իր մոտ, աշխատակազմից միայն ինձ է ընդունել, խնդրել է, որ ավելորդ լարավածություն չլինի, ժողովրդին, համայնքապետարանի աշխատակազմին հանգստացնեմ և գնանք ընտրությունների։ Ես էլ պարոն Պապիկյանին խնդրել եմ, որ նշանակված ԺՊ-ն ոչ մի ավելորդություն թույլ չտա աշխատակազմի հանդեպ, և ինչ-որ մարզպետարանով, մարզպետով ավելորդություններ չանի, ինձ թողի, որ հանգիստ սպասեմ մոտակա ընտրություններին, պարոն Պապիկյանը ինձ խոստացավ»,- ասաց Գրիգորյանը։