Պետք է տրանսպորտային ինտեգրված ցանց զարգացնենք․ Պակիստանի վարչապետ

Պետք է տրանսպորտային ինտեգրված ցանց զարգացնենք․ Պակիստանի վարչապետ

Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ առևտրային բեռնատար գնացքը և առաջարկված Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան երկաթուղային կապերը տարածաշրջանի կապակցման կարևոր նախագծեր են, ներառյալ՝ Չինաստանն ու Պակիստանը  Աֆղանստանի հետ միացնող տնտեսական միջանցքը (CPEC):

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Իմրան Խանը՝ ելույթ ունենալով առցանց անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 14-րդ գագաթնաժողովում (04․03․2021)։

«Մենք պետք է տրանսպորտային ինտեգրված ցանց զարգացնենք, որպեսզի նպաստենք և՛ ՏՀԿ-ի ներքին առևտրին, և՛ որպես հիմնական տնտեսությունների միջև առևտրի ուղի ծառայեցնենք դեպի մեր Արևելք և Արևմուտք, Հյուսիս և Հարավ», - հավելել է Պակիստանի վարչապետը:

Ըստ Իմրան Խանի` պետք է իրականացնել ECO անդամների միջև արդեն համաձայնեցված միջսահմանային նախագծերը` ներառյալ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI) գազատարը և Կենտրոնական Ասիա-Հարավային Ասիա էներգետիկ նախագիծը (Ղրղզստան-Տաջիկստան- Աֆղանստան-Պակիստան էներգետիկ նախագիծ, CASA 1000 / The Central Asia-South Asia power project):

«ECO ներդրումների գործակալություն հիմնելը և ECO ներդրումների ամենամյա տոնավաճառի կազմակերպումը, որտեղ ներդրումներ կատարող նախագծեր կարող են ներկայացված լինել ECO-ին և համաշխարհային ներդրողներին, գաղափարներ են, որոնք հնարավոր է ուսումնասիրել», - նշել է Պակիստանի ղեկավարը:

Իմրան Խանը նաև հավելել է, որ պետք է երկխոսություն սկսել տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ: «Մենք կարող ենք ընդօրինակել Եվրոպական Միությունում, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ASEAN) և Աֆրիկյան Միությունում համագործակցության հաջողված որոշ մոդելներ», - շեշտել է նա: