Միջազգային լրատվամիջոցներից ո՞րն է հիշել հայ գերիներին
Բաքվում այսօր մեկնարկեց COP29-ը: Հիշեցնենք, որ համաժողովը նոյեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 22-ն է տևելու։ Համաժոողովին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում՝ տարբեր պետություններից ուղարկված պատվիրակություններ, ակտիվիստներ, փորձագետներ, գիտնականներ և այլք:
«Հրապարակ»-ը որոշեց միջազգային մամուլն աչքի անցկացնել ու ստուգել, արդյոք կլիմայական գլոբալ տաքացմամբ մտահոգ մասնակիցներից ոմանք հիշել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին:
The Washington Post-ի լայնածավալ անդրադարձում գոնե մեկ անգամ չեն հիշատակվել Բաքվում պահվող գերիները, փոխարենը նշում էին, որ Ջո Բայդենը Բաքու չի գնա, բայց մեծ պատվիրակություն է ուղարկել՝ ոմն Պոդեստայի գլխավորությամբ: Միայն նշել են, որ համաժողովը հյուրընկալած երկիրը ենթարկվում է մշտական քննադատությունների մարդկանց իրավունքների ոտնահարման, բնապահպանական դատապարտելի քաղաքականություն վարելու համար:
Aljazeera -ն միայն հիշատակել է, որ բնապահպան-ակտիվիստների կողմից բոյկոտվել է Բաքվում անցկացվող համաժողովը, իսկ Գրետա Տունբերգը առավել կոշտ է խոսել համաժողովի մասին: Հիշեցնենք, որ Թբիլիսիում Գրետա Տունբերգը հիշատակել էր նաև հայ ռազմագերիների մասին, սակայն արաբական Aljazeera -ում այդ մասին կամ մոռացել էին հիշատակել կամ խուսափել էին:
Ցավալի զավեշտով ծանոթացանք https://times.com/ կայքում COP29-ի կազմակերպիչ Ադրբեջանի այն հույսերին, որ համաժողովի երկու շաբաթվա ընթացքում Գազայում և Ուկրաինայում կդադարեցվեն պատերազմական գործողությունները: Այս կայքում ևս հիշատակել էին պաղեստինյան գլխաշորերով բողոքի ցույցեր անցկացնող էկո-ակտիվիստներին, սակայն հայ գերիների մասին հիշելու հրահանգ չէին ստացել:
france24-ին հետաքրքրել էր միայն զարգացող կամ աղքատ երկրների համար ստեղծվող ֆոնդի համար անհրաժեշտ գումարը, ինչի մասով փորձագետների հաշվարկները ցույց էին տվել, որ Չինաստանը ներառյալ, զարգացող տնտեսություն ունեցող երկրները $2.4 տրիլիոն ԱՄՆ դոլարի կարիք կունենան՝ ընդհուպ մինչև 2030-ը, պայքարելու համար կլիմայի տաքացման հետևանքների դեմ:
Գերմանական DW-ն էլ գրել է, որ COP29 -ը ամբողջովին փողի մասին է` ով և որքան գումար է պատրաստ տրամադրել զարգացող երկրներին՝ կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով խնդիրները լուծելու համար: Գերմանական DW-ն հիշել էր, թե տարբեր երկրներում տեղի ունեցած ջրհեղեղները, թե Թրամփի՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալը, սակայն ոչ միայն հայ ռազմագերիներին չէին հիշել, այլև մոռացության էին մատնել Արդբեջանում քաղբանտրակյալների առկայության փաստն ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, դե իսկ բնապահպանական աղետի հայրենիք լինելու մասին խոսք անգամ չէր գնացել:
BBC-ին էլ մեկ նախադասությամբ հիշատակել էր Արբդեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մասին միայն՝ անդրադառնալով COP29-ին:
Ցավոք, ստիպված ենք ֆիքսել, որ միջազգային մամուլը, լուսաբանելով Բաքվում անցկացվող COP29-ը, ոչ միայն չի ահազանգել Ադրբեջանի՝ բնապահպանական սարասփելի աղետի կենտրոն հանդիսանալու, այլև մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մասին: Այսպիսին է միջազգային հանրության արդարությունը: Բայց ինչ պահանջես այդ հանրությունից, երբ սեփական երկրիդ ղեկավարը նույն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ չի բողոքելու հարևաններից և պոզիտիվ խոսույթ է ձևավորելու: Նույն Փաշինյանն ասում էր, որ մեր գերիները երկու ամիս ավել էլ կդիմանան Բաքվում․ պարզվեց, որ նրանց մոռացության մատնողն առաջինը հենց Փաշինյանն էր ու իր քաղաքական թիմը:
Կարծիքներ