Պուտին+Դումայի ուժերի թեկնածուներ+ինչ-որ էքստրավագանտ թեկնածու, որ ձանձրալի չլինի

Պուտին+Դումայի ուժերի թեկնածուներ+ինչ-որ էքստրավագանտ թեկնածու, որ ձանձրալի չլինի

ՌԴ Դաշնային խորհրդի որոշմամբ՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թ․ մարտի 17-ին։ Մոսկվայի որոշումը հատկանշական է մի քանի առումով, սակայն դրանցից գլխավորը, թերեւս, այն է, որ ընտրությունները նախանշվում են Ուկրաինայի հետ 2022-ից շարունակվող հյուծիչ պատերազմի եւ դրա հետեւանքով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ծայրահեղ վատթարացման ժամանակաշրջանում։ Նոր առաջնո՞րդ, թե՞ պուտինյան Ռուսաստանի գոյության երկարաձգում․ այս թեմայի շուրջ զրուցել ենք ռուս քաղաքագետ Անտոն Եվստրատովի հետ։

- Ռուսաստանի դաշնային խորհուրդը վճռեց ՌԴ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թ․ մարտի 17-ին։ Ի՞նչ կարող է սա նշանակել պատերազմի պայմաններում, եւ քաղաքական ի՞նչ վերադասավորումներ կանխատեսել համապետական քվեարկությանն ընդառաջ։

- Ներկայում Ռուսաստանի ղեկավարության համար կարեւոր է մի կողմից պահպանել իր քաղաքական համակարգի կայունությունը, իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում եւ իր սահմաններից դուրս ցույց տալ, որ նույնիսկ ներկայիս հատուկ ռազմական գործողությունը հիմնարար ազդեցություն չունի երկրում հաստատված եւ պատշաճ կերպով գործող քաղաքական գործընթացի վրա։ Այս առումով սկզբունքային քաղաքական փոփոխություններ ակնկալել, առավել եւս՝ նախագահի թեկնածության հետ կապված, պետք չէ։

- Դեռեւս միակ քաղաքական գործիչը, որը հայտարարել է նախագահ առաջադրվելու ցանկության մասին, Պետդումայի նախկին պատգամավոր, մերձմոսկովյան Դոլգոպրուդնիի պատգամավորների խորհրդի անդամ Բորիս Նադեժդինն է։ ՌԴ երկարամյա նախագահ Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ի՞նչ հավանական թեկնածուներ կարող են ներգրավվել մրցապայքարին, եւ ինչպիսի՞ն կլինի այդ պայքարի ընթացքը։

- Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները երկար ժամանակ բավականին նույնական տեսք ունեն՝ Վլադիմիր Պուտին + խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ (սովորաբար՝ առաջնորդներ) + ինչ-որ էքստրավագանտ թեկնածու, որպեսզի ձանձրալի չլինեն (Սոբչակ, Բոգդանով կամ նման մեկը): Կարծում եմ, որ նման բան կլինի 2024 թվականին։ Միակ բանն այն է, որ մենք չենք տեսնի մեր թեկնածուների շարքում մեզ լքած ծայրահեղ վառ անհատականություն Վլադիմիր Ժիրինովսկուն, եւ դժվար թե ԼԴՊՌ-ն նրան համարժեք փոխարինող գտնի։ Բայց, ընդհանուր առմամբ, այս ամենը շատ քիչ նշանակություն ունի. առաջիկա ընտրություններում հաղթողը միանգամայն ակնհայտ է։

- Արեւմուտքը պնդում է, որ Պուտինը «միապետության» է վերածել ՌԴ-ն, բայց նա չի հրաժարվում ընտրություններ անելուց, իսկ դեմոկրատ Զելենսկին դեմ է իր երկրում ընտրությունների անցկացմանը ռազմական դրության պայմաններում։ Այդ պատճառով նույնիսկ Զելենսկու զինակից Կլիչկոն նրան մեղադրում է Ուկրաինան ավտորիտար ռեժիմի տանելու մեջ։ Պուտինի քայլն ուղղված է հավաստելու, որ ՌԴ-ում ժողովրդավարությո՞ւն կա։  

- Իհարկե, ինչպես ավելի վաղ ասացի, ընտրությունների իմաստը ոչ այնքան իշխանության վերարտադրությունն է, որքան Ռուսաստանին ու աշխարհին ցույց տալը, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախկինում էր, ոչ մի էքսցես տեղի չի ունենում։ Հիշեցնեմ նաեւ, որ հատուկ ռազմական գործողությունն ընդամենը հատուկ գործողություն է եւ պաշտոնապես չի համարվում պատերազմ։ Ահա թե ինչպես է Ռուսաստանը ցույց տալիս իր պետության եւ իր քաղաքական համակարգի ուժն ու անձեռնմխելիությունը եւ, միեւնույն ժամանակ, այո, փորձում է իր «ինքնիշխան ժողովրդավարությունը» վերածել գլոբալ ժողովրդավարական այլընտրանքի։

- Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի ներքաղաքական ներկապնակը։ Ընդդիմություն կա՞, թե՞ Կրեմլի ռեժիմի առանձին ընդդիմախոսներ են, որոնք չեն կարող իրական մրցակցություն ստեղծել Պուտինին։ 

- Ներկայումս Ռուսաստանում չկա հզոր, ինստիտուցիոնալացված համակարգ, որը կկարողանա իրական մրցակություն ստեղծել գործող իշխանությանը եւ անձամբ Պուտինին։

- Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին եւ նրա թիմը կոչ են արել նախագահական ընտրություններում դեմ քվեարկել Վլադիմիր Պուտինին։ Նրանք բացել են «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքը, որտեղ ասվում է, որ «յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի» ընտրություններից առաջ «պետք է իր առջեւ պարզ նպատակ դնի՝ համոզել առնվազն 10 մարդու՝ դեմ դուրս գալ Պուտինին»։ Որքանո՞վ կարող է արդյունավետ լինել պայքարի այս ձեւը։

- Նավալնիի օրակարգը, նույնիսկ իր քաղաքական գագաթնակետին, քաղաքական գործչի ազատազրկմանն ընդառաջ, բավականին մարգինալ եւ սահմանափակ էր։ Այժմ, ակնհայտորեն, դա չի հաջողվի եւ միայն ժողովրդականություն կունենա լատենտ ընդդիմադիրների շրջանում, ովքեր չեն կարողանում բացահայտորեն արտահայտվել Ռուսաստանի ներսում եւ, հավանաբար, վերաբնակիչների շրջանում, ովքեր հիմնականում նույն խնդիրն ունեն: Ռուսաստանի ներսում կհաղթի Պուտինը։

- Դիցուք, Պուտինը չի ընտրվում։ Ո՞ր դեպքում կարող է նման բան տեղի ունենալ, եւ ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել դրան։

- Այս առումով շատ տարբերակներ կան՝ Պուտինի թիմի անդամներից մեկին (պայմանականորեն՝ Սոբյանինին) իշխանության միանգամայն խաղաղ եւ հանգիստ փոխանցումից մինչեւ ամբողջ ռուսական քաղաքական իրականության փլուզում։ Տրամաբանական է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս ղեկավարությունը պետք է կանխատեսեր իրադարձությունների զարգացման ամենաբացասական սցենարները եւ մշակեր դրանք կասեցնելու մեխանիզմներ։

- Հայ-ռուսական փոխհարաբերությունների վրա որքանո՞վ կազդեն առաջիկա ընտրությունները՝ անկախ դրանց ելքից կամ անձերի փոփոխությունից։

- Դրանք սկզբունքային ազդեցություն չեն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Նախ՝ կարծում եմ, որ ռուսական քաղաքական իրողություններում փոփոխություն չի լինի, երկրորդ՝ ժամանակակից Ռուսաստանի քաղաքականության մեջ Հայաստանը, ցավոք, հեռու է առաջնահերթություն լինելուց, եւ նրա հետ հարաբերությունները գնալով դառնում են ոչ թե քաղաքական, այլ՝ տեխնիկական խնդիր։ Եթե այստեղ ինչ-որ բան փոխվի, դա հաստատ Ռուսաստանի ընտրատեղամասերում չի լինի...