«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատերազմում են

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատերազմում են

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի միջեւ երկամյա պատերազմը շարունակվում է։ Կողմերը միմյանց դեմ դատարան են դիմել եւ փոխադարձաբար հերքում-ներողություն են պահանջում՝ միմյանց զրպարտելու, բարի համբավն արատավորելու համար։ 

Դեռեւս երկու տարի առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչեւ 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթեւոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
Այս տարվա ապրիլին Հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթ է հարուցել համայնքապետի նկատմամբ՝ պաշտոնի անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման եւ վերջինիս գործողություններում շահերի բախման հիմքով։

Իսկ ավելի վաղ՝ մարտի 13-ին, Հանձնաժողովը դիմել էր Վայք համայնքի ավագանուն՝ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցը քննության առնելու նպատակով: Ավագանին, սակայն, պատասխանել է, որ համայնքի ղեկավարի գործողությույներում օրենքի խախտում  չի արձանագրվել, եւ դա է վկայում Քննչական կոմիտեում քննված գործի կարճումը։ Պարզվում է՝ դեռեւս 2022 թվականին, երբ մամուլում նման հրապարակումներ են հայտնվել, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի տեղեկացմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել է իրավապահներին, վարույթ է հարուցել, որը կարճվել է 2023-ի ամռանը: Թեպետ Հանձնաժողովը կարող էր բողոքարկել որոշումը, բայց սահմանված մեկամսյա ժամկետում չի բողոքարկել, փոխարենը մեկ տարի անց ինքն է վարույթ հարուցել, արդեն՝ 2024-ի մարտ-ապրիլ ամիսներին։ 

Մխիթար Մաթեւոսյանն իր նկատմամբ հարուցված վարույթի վերաբերյալ «Հրապարակի» հետ զրույցում ապրիլի 2-ին հայտարարել էր, որ հանձնաժողովն իր դեմ պատվեր է կատարում։ «Հիմարություն է, ինչ-որ մեկի պատվերն են իրենք կատարում։ Ես չգիտեմ, թե դա ում պատվերն է, բայց ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ, համատեղելիության ոչ մի հարց էլ չկա։ Այդ գործը նույն այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է դատախազությանը, մի քանի ամիս ուսումնասիրել են, ինչ որ պետք է, հարցաքննել են, հանցակազմ չլինելու հիմքով գործը կարճվել է։ Այդքանից հետո իրենք ի՞նչ են ուզում՝ ես չեմ հասկանում»։ Համայնքապետը խոստովանել էր, որ ընկերությունն իր կնոջ անունով է, բայց տնօրենն ուրիշ մարդ է, քանի որ կինը մանկահասակ երեխա է մեծացնում եւ ժամանակ չունի ընկերության աշխատանքներով զբաղվելու։

Համայնքապետը հարցազրույցում խոստացել էր դատի տալ Հանձնաժողովին՝ «առանց հիմքերի» նման հայտարարություն տարածելու եւ իր համբավն արատավորելու համար։ Երեկ էլ ասաց, որ խոստումը կատարել է, հայցը վարույթ են ընդունել, առաջիկայում դատական նիստ կնշանակվի, ինքը չի նահանջելու, մինչեւ Հանձնաժողովը չհերքի իր մասին «ապատեղեկատվությունը»։

Իր հերթին Հանձնաժողովն էլ է դատարան դիմել, Մաթեւոսյանից պահանջում է գրավոր հերքել «Հանձնաժողովն իմ դեմ պատվեր է կատարում» արտահայտությունը։ Միջնորդել են նաեւ, որ «Հրապարակ» օրաթերթը որպես երրորդ կողմ ներգրավվի, եւ հայցի ապահովման միջոց կիրառվի` այլեւս հրապարակումներ չարվեն։

Համայնքապետը երեկ էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը որեւէ մեկին, որեւէ կառույցի չի զրպարտել, այսօր էլ է պնդում, որ Հանձնաժողովն իր դեմ պատվեր է կատարում, թե ում պատվերը` չմանրամասնեց․ «Ժամանակ չեմ ունեցել պարզել՝ ում կողմից, բայց եթե դատախազությունը, քննչականը կարճում են այս գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հանձնաժողովը նորից վարույթ է հարուցում, ինձ այլ բան չի մնում ասել»։ Մեզ չհաջողվեց լսել նաեւ Հանձնաժողովի նախագահի ԺՊ-ի տեսակետը, ով դիմել է դատարան` ընդդեմ համայնքապետի: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։