Մեկը մեկին արժեն

Երբ քաղաքական դաշտն այսքան ճղճիմ է ու փոքրոգի, դժվար է ակնկալել, որ շարքային մարդիկ լինեն մեծահոգի ու լայնախոհ: Մկնային վազքի մեջ գտնվող ընդդիմությունն ու իշխանությունը որոշել են միմյանց հետ մրցել, թե ով կհաղթի անհեթեթության, անպտուղ վեճերի, ուրիշներին փնովելու, ինքզինքը գովաբանելու, շոուներում ու գռեհկաբանությամբ զբաղվելու գործում:
Ընդ որում, եթե նախկինում կռիվը գնում էր իշխանության եւ ընդդիմության միջեւ, հիմա կռիվը գնում է իշխանության հենց ներսում եւ ընդդիմության թեւերի միջեւ: Այս մրցավազքն այնքան է ոգեւորել ոմանց, որ անգամ մոռացել են, թե «ինչի համար էինք հավաքվել», որն է գերնպատակը, ինչ է ուզում ՀՀ քաղաքացին: Արդյունքում ունենք մինչեւ հատակը հիասթափված հանրություն, որը տոտալ մերժում է բոլորին` ե՛ւ իշխանավորներին, ե՛ւ ընդդիմադիրներին: Ինչքա՜ն պետք է փոքր ուղեղ եւ պստիկ հոգի ունենաս, որ իշխանություն պահելը դառնա գերնպատակ` հանուն որի ջնջես, ավերես, փշրես ամեն բան քո ճանապարհին, ոտնատակ տաս բոլոր արժեքները, դառնաս մարդկանց աչքի գրողը, միայն թե մնաս փոքրացող ու խորտակվող պետության ղեկին: Ինչքա՜ն պետք է հիմար լինես եւ ծույլ, որ չկարողանաս օգտվել անպիտան կառավարիչների ձախողումից եւ իշխանության գաս` ապացուցելով, որ դու տարբերվում ես գործողներից: Ցուցադրելով քո ազնվությունը, բարոյականությունը, հայրենիքի հանդեպ սերը, պետությանը ծառայելու վճռականությունը: Եվ ինչքա՜ն մեղք է շարքային քաղաքացին, որ ստիպված է ընտրություն կատարել վատի (ընդդիմության) ու վատագույնի (իշխանության) միջեւ: Կարող եք, իհարկե, առարկել, որ ընդդիմությունը տարբեր միավորներից է կազմված` բոլորը չեն վատ, եւ իշխանության մեջ էլ կան նորմալ մարդիկ: Բայց բացառությունները, ցավոք, եղանակ չեն ստեղծում:
Կարծիքներ