ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքը»

ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ երևանյան բակերից մեկում նշել են հունիսի 1-ը: Նա գրել է․ «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։ 

Լավ է, իհարկե, որ վարչապետն ուշադիր է եւ զգոնության է կոչում մարդկանց, որ նրանց կյանքը չվտանգվի կորոնավիրուսի վարակի պայմաններում։ Բայց ինչու է վարչապետը այդ աշխատանքներում ներգրավում Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչ գործ ունի ԱԱԾ-ն մանկական հանդեսի ու նրա կազմակերպիչների հետ։ 

Առհասարակ, ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքը», որը նա կիրառում է քաղաքական հակառակորդների, նախկին իշխանությունների, կարգազանց քաղաքացիների, անգամ՝ սատանաների դեմ։ Ասենք, ԱԱԾ-ն ինչ պետք է անի վարչապետի այս դիմումի հետ՝ պետք է պարզի, թե որ ուսուցիչն է հանդգնել նման հավաք կազմակերպել, պետք է տանի «կագեբեի պադվալները»՝ ծեծի, կտտանքների ենթարկի, քրեական գործ հարուցի, կալանքի սանկցիա վերցնի։ Ազգային անվտանգության գաղափարն ու ծառայության գործառույթները չի կարելի այսքան իջեցնել՝ հասցնելով բակային հանդեսների մակարդակին։