Կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա

Կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա

Ընդդիմությունն Ամանորից հետո սկսել է կամաց ուշքի գալ, Երեւանում մի քանի միջոցառումներից ու երթերից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման։ Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյումրիին հաջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդիմությունը Կապան էր մեկնել։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մասին իր տպավորությունները ներկայացնել։ Նա ասաց․ «Ժողովուրդը ոգեւորությամբ է ընդունում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճակը, եւ ավելի ու ավելի են համոզվում Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջ մղվող գաղափարների ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը։

- Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին։

- Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետեւ նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզիկապես հնարավորություն չեղավ ներս մտնել։ Նույնը վերաբերում է Գյումրիին։ Հստակ երեւում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի Հայրենիքի փրկության շարժումը։

- Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին։

- Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագայի մասին։ Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլեւս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, եւ նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի եւ ընդունելի է հասարակության գրեթե 100 տոկոսի համար։ Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, եւ մենք փորձում ենք պատասխանել այդ հարցերին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը եւ, իհարկե, չենք մոռանում, որ օրակարգում առաջինը Փաշինյանի հեռացման հարցն է։

- Դուք հիմա բավականին դրական եք ներկայացնում հանդիպումները, բայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք։

- Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտահայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել եւ փորձել խոչընդոտել Հայրենիքի փրկության շարժման մասնակիցների այցը Գյումրի։ Թե իշխանություններից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան։ Արհեստական կազմակերպված ակցիաները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա։ Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են։

- Այցելելու եք բոլո՞ր մարզեր։

- Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երեւան։ Ուստի պետք է մենք այցելենք եւ ներկայացնենք մեր ծրագրերը։

ՀԳ․ Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկանը եւս անդրադարձել է իրենց հանդիպումներին․ «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում։ Ես կասեի, որ ժողովուրդը մտորումների մեջ է՝ ապագայի վերաբերյալ։ Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետեւ այժմ խոսքը գնում է Հայաստանի գոյության մասին։ Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտորումներ են գնում ապագայի մասին։ Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որեւէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»։