Փաշինյանի` ԱՄՆ այցը տապալվել է. 35.000 մարդու փոխարեն հավաքին մասնակցել է 10.000-ը | Հրապարակի էջերում 25.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչեւ 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել:

Դրանից զատ, Լոս Անջելես քաղաքի 14 տարբեր վայրերից ավտոբուսներ էին տրամադրվել` մարդկանց  «Գրանդ փարկ» տեղափոխելու համար, զեղչեր էին արվել մոտակա բոլոր կայանատեղիներում մեքենաների կայանման համար։ Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, մասնակցել է ընդամենը 10 հազար մարդ: Առավել խայտառակ իրավիճակ է եղել կոնգրեսականների մասնակցության հարցում․ հրավիրված են եղել 53 կոնգրեսական եւ սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով համարվում է Թրամփի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:

Համայնքում շշուկներ կան, որ այցի արդյունքներից դժգոհության պատճառով մոտ ժամանակներս պաշտոնին կարող են հրաժեշտ տալ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսը:

Օրվա գլխավոր հրապարակումները դիտեք «Հրապարակի էջերում»։