Ընտրության խնդիրն է կարեւոր՝ որ գրողը եւ որ գործը

Ընտրության խնդիրն է կարեւոր՝ որ գրողը եւ որ գործը

Նախօրեին ՀԳՄ-ում տեղի է ունեցել նախագահության նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ներկաները քննարկել են նաեւ վերջին օրերին լայնորեն քննարկվող առարկայական ծրագրերը, մասնավորապես՝ գրականության հայեցակարգը։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է, որ նախագահության անդամներից բացի, ներկա են եղել նաեւ գրողներ, գրականագետներ, որոնք արտահայտվել են ստեղծված իրավիճակի շուրջ․ «Խնդիրը հիմնականում արծարծված է, եւ հանձնաժողովն էլ պատասխանել է, որ հին եւ միջնադարյան գրականությունը կա նախագծում»։

Ըստ Միլիտոնյանի, չափորոշիչների նպատակը նոր ձեւով աշակերտներին, ուսուցիչներին մասնակից դարձնելն է դասի ստեղծագործական կողմին․ «Այդտեղ դրական բան էլ կա, բայց կան նաեւ դեռեւս անհասկանալի բաներ, օրինակ՝ երեխաներն ինչպե՞ս են որոշելու՝ որ գրողին կարդան, եթե այդ հեղինակներին դեռ չեն կարդացել կամ լավ ծանոթ չեն։ Ենթադրենք՝ 30 երեխա է, 30-ն էլ տարբեր հեղինակների են ընտրում, այդ դասն ինչպե՞ս պետք է կազմակերպվի։ Այսինքն, խնդիրներ են առաջանում՝ ճշգրտելու դասի կառուցման կերպը, մեթոդաբանությունը, որոնք կարծես թե քննարկման փուլում են»։

Հանդիպումից հետո առաջարկությունների ցանկ են կազմել, որոնք պետք է ուղարկեն Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբին։ Մասնավորապես առաջարկել են, որ փորձագիտական խմբի աշխատանքներին հրավիրվեն նաեւ փորձառու գրողներ, գրականագետներ․ «Չի կարելի արհամարհել մարդկանց գիտելիքները, փորձառությունը, պետք է նրանց օգտակարությունը քննել, վերցնել եւ արհամարհական չասել՝ դե հա, դոկտոր, ակադեմիկ են․ կարծես թե այդ մարդիկ ուրիշի հաշվին են ակադեմիկ դառել կամ թշնամի են մեր մշակույթին։ Մենք կարծում ենք, որ հանձնաժողովն անպայմանորեն պետք է ոչ միայն այդ դիտողություններն ու առաջարկությունները քննարկի, այլեւ այդ կարգի մարդկանց հրավիրի ու ներառի այդ աշխատանքներում՝ ճշգրտելու մեթոդաբանական մի շարք հարցեր, որոնք մասնագիտական են։ Սա օգնելու համար ենք ասում եւ ոչ թե մարդկանց նշավակելու, որովհետեւ սա համընդհանուր գործ է եւ 4-5 հոգու որոշելիքը չէ։ Ելույթ ունեցողները շատ ճշգրտորեն նկատեցին, որ մեր գրականությունը նաեւ մեր պատմությունն է, եթե այն ճիշտ չենք ներկայացնելու դպրոցում, աշակերտները մեր պատմությանը հասու չեն լինելու, այսինքն՝ դա գեղարվեստական եւ պատմական ճանաչողություն է փոխանցում»։

Միլիտոնյանի կարծիքով, պետք է տարբերակվեն եւ առանձին լինեն թե՛ հայ, թե՛ արտասահմանյան գրականության դասագրքերը, որպեսզի նյութը դյուրին մատուցվի․ «Նաեւ ընտրության հարց կա, թե հայ գրականությունից ինչ է ընտրվում՝ ինչ գրող եւ ինչ գործ։ Նույնը նաեւ՝ արտասահմանյան գրականության դեպքում։ Դրանք կարեւոր են, օրինակ՝ հայեցակարգում կա Մուրակամիի անունը, բայց այնտեղ կա Յասունարի Կավաբատա, Ակուտագավա, Կոբո Աբե։ Այսինքն, ընտրության խնդիրն է կարեւոր՝ որ գրողը եւ որ գործը, նույնը ժամանակակից հայ գրականության դեպքում ոմանք փորձեցին խորամանկ ձեռնածություն անել եւ մեջտեղ բերել ահել-ջահելի կռիվ, երբ նման բան բացարձակ չկա, բայց հանձնաժողովի անդամները հակված են եղել ավելի շատ ջահելներին ընտրելու։ Հանձնաժողովի մեջ էլ մի ջահել գրող կա, մի հրատարակչության աշխատակից, արդյունքում հիմնականում այդ հրատարակչության տպագրած գրողների գրքերն են ներառվել։ Հետո՝ անուններ կան, որ միայն Հայաստանով չեն պարփակվում, նրանք նաեւ միջազգային շրջանառության մեջ են։ Դա պետք է իմանալ, բայց չտեսնելու ենք տալիս։ Ուրեմն «չափորոշիչ» բառը չպետք է օգտագործենք, այլ ասենք՝ բախտախնդրություն, քանի որ այս պահին ոնց ուզում, անում են, որը քաոսի վերածող խնդիր է»։

ՀԳՄ նախագահը կարծում է՝ աղմուկ բարձրացավ, որովհետեւ որոշակիորեն ճիշտ չէին ընտրված անգամ ժամանակակից այն հեղինակների գործերը, որոնք նախագծի մեջ էին եւ որոնք հետո պետք է դառնային հիմք դասագրքի համար։ «7-8-րդ դասարանում մանկապատանեկան գրականությունից նշույլ անգամ չկա, այդ տարիքի երեխան գեղարվեստական գրականության մեծ տարիքի հերոսներով է սկսում կյանքը ճանաչել, իսկ իր տարեկցի հոգեբանությունն իրեն օտար է»,- ասում է նա ու նկատում, թե շատ գրողներ քննարկման ժամանակ նշել են, որ իրենց այս կամ այն գործը համահունչ չէ դպրոցական ծրագրին։

«Առանց հեղինակի հետ խորհրդակցելու պետք չէր անել, որովհետեւ հեղինակն ավելի լավ գիտի եւ ավելի լավ կարող է հուշել, թե որ տարիքային խմբի համար է իր այդ գործը, հո ամեն ստեղծագործություն չի՞ կարող հավակնել դպրոցական դասագրքում լինել, անգամ եթե համաշխարհային անուն ունեցող գրող է եւ գործ, որովհետեւ կան լեզվամտածողության, թեմատիկայի, գեղարվեստի, էթիկայի խնդիրներ, եւ այդ առումով հեղինակն ինքը կարող է ասել, թե այդ գործում կան այնպիսի բաներ, որ պետք չէ, որ երեխան այդ տարիքում կարդա։ Այսինքն՝ աշխատանք նաեւ հեղինակների հետ, որը շատ կարեւոր է»,- ասում է նա ու ընդգծում, որ առաջարկում են իրենց մասնակցությունը, որը կօգնի լավագույնս կազմել նախագծերը։ Այդ նպատակով իրենց առաջարկներն արդեն ուղարկել են փորձագիտական խմբին, որին, ըստ ամենայնի, կհաջորդեն գործնական քննարկումներ։