Ադոլֆ Հիտլերը Տիգրան Մեծի վերամարմնավորումն է, «Գերտրուդա» օպերացիան էլ՝ Գյոռբագյոռի ենթաօպերացիան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն. ինքը մեկնում է Մոսկվա` Կարմիր հրապարակում տոնելու Խորհրդային Միության հաղթանակը նացիստական Գերմանիայի դեմ, իսկ այդ նույն ժամանակ Փաշինյանի հսկողության տակ գտնվող՝ Հանրային կոչվող հեռուստաընկերության եթերում նիկոլական քարոզիչ Արծրուն Հովհաննիսյանը պղծում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը` հայ հանրությանը համոզելով, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ավելի լավ կլիներ, եթե պատերազմում հաղթեր նացիզմ քարոզող եւ դավանող Գերմանիան, նսեմացնում է խորհրդային ժողովրդի գործած սխրանքը` հայտարարելով, թե հաղթանակը չէր լինի առանց ԱՄՆ-ի կողմից Խորհրդային Միությանը տրամադրված նյութական օժանդակության, տարածում է արեւմտյան քարոզչական կլիշեներ, որոնց իմաստը Խորհրդային Միությանը գերմանական ագրեսիայի զոհից նախահարձակ երկիր եւ պատերազմի հրահրիչ ներկայացնելն է: Փաշինյանը գիտի, որ իր՝ Մոսկվա գնալով ոչինչ չի փոխվում, ինքը Մոսկվա է գնացել ընդամենը իր իշխանությունը փրկելու, Ռուսաստանին ավելորդ իր դեմ չլարելու համար, մինչդեռ իր քարոզչությունը կաթիլ առ կաթիլ մարդկանց մեջ ներարկում է թերահավատություն իր ժողովրդի հերոսական անցյալի նկատմամբ, ատելություն Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ:
Եվ ամենավտանգավորը. ասում է, որ այն հարյուր հազարավոր զոհերը, որ տվել է հայ ժողովուրդը, այն զրկանքները, որ կրել է հայ մարդը, եղել են անտեղի, ավելի լավ կլիներ, եթե նրանք պատերազմի ժամանակ դավաճանեին իրենց երկրին եւ անցնեին թշնամու կողմը, դրանից մենք ավելի կշահեինք: Հովհաննիսյանը, ըստ էության, դավաճանություն է քարոզում: Խոսելով Ստալինգրադի ճակատամարտի մասին, նա ասում է. «Մեր համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից: Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության պայմանագիր եւ որոշակի նյութեր էր մատակարարում երրորդ Ռեյխին, բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որեւէ էական ուժ չուներ հարձակվելու, Կովկասում ճակատ բացելու․ դա միֆ է: Դրան հակառակ, Գերմանիան ուներ ծրագիր, կոչվում էր օպերացիա «Գերտրուդա», մշակված, հստակ ծրագիր էր եւ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայի ուղղությամբ, Բուլղարիան այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր, Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, որոշակի ուժեր, այդ թվում՝ նաեւ անկախ Հայաստանից, արդեն ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանից, նաեւ հայկական լեգեոնները, որի մասին գիտեք` Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանն այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերու կարգավիճակ ունեցող հայերից ձեւավորեին հայկական լեգեոններ, եւ ձեւավորված կային որոշակի լեգեոններ, որոնք ոչ մի լուրջ, էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում, բայց եթե նման բան լիներ, պիտի ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գրավեին Թուրքիան, այդ ծրագիրը ենթադրում էր միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում»:
Մարդը որքան պետք է տգետ` պատմությունից ու պատմագիտությունից անտեղյակ լինի, որ խոսի նացիստական Գերմանիայի կողմից Միացյալ Հայաստանի ստեղծման մասին: Գերմանիան Եվրոպայում վարում էր զավթողական քաղաքականություն, գրավում եւ ոչնչացնում էր բազմաթիվ պետություններ, ցեղասպանության էր ենթարկում գրաված տարածքներում ապրող ժողովուրդներին, բայց Հայաստանի դեպքում պետք է մեր փոխարեն պետություն ստեղծեր, այն էլ՝ միացյալ եւ պատմական Հայաստան, երեւի Տիգրան Մեծի կայսրության սահմաններով: Ադոլֆ Հիտլերն Արծրուն Հովհաննիսյանի համար Տիգրան Մեծի վերամարմնավորումն էր, «Գերտրուդա» օպերացիան էլ՝ Գյոռբագյոռի ենթաօպերացիաներից մեկը: Ինչպես գիտեք, Արծրուն Հովհաննիսյանը ներկայանում է որպես ռազմական փորձագետ. եթե Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար է աշխատում, ինչու Արծրուն Հովհաննիսյանը չի կարող ռազմական փորձագետ լինել, կարող է համատեղության կարգով ատոմային ֆիզիկայի եւ մոլեկուլյար բիոինժեներիայի մասնագետ էլ ինքնահռչակվել` ոչ մի տարբերություն:
Իհարկե, կարելի էր ասել, թե ով է Արծրուն Հովհաննիսյանը, որ մենք էլ դեռ ժամանակ եւ էներգիա ենք ծախսում՝ նրա մտքի գոհարներին անդրադառնալու համար: Նման պնդումն իմաստ կունենար, եթե Արծրուն Հովհաննիսյանը հնարավորություն չունենար ելույթ ունենալ հանրային կոչվող հեռուստատեսությամբ եւ իր հիմարաբանությունները չտարածեր ամբողջ երկրով եւ նույնիսկ դրա սահմաններից դուրս: Արծրուն Հովհաննիսյանն աշխատում է որպես ՀՀ ՊՆ-ի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ինչը նշանակում է, որ հնարավորություն ունի այդ հիմարաբանությունները տարածել ապագա հայ սպաների շրջանում: Սա իսկապես լուրջ սպառնալիք է ոչ միայն այդ մարդկանց համար, այլեւ՝ մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, ապագա սպաների մոտ Հովհաննիսյանը գովերգում է դավաճանությունը եւ թշնամուն պարտվելու օգտակարությունը: Միակ սփոփանքն այն է, որ Հայաստանում չկա մի մարդ, որը չճանաչի Արծրուն Հովհաննիսյանին եւ նրա ասած որեւէ խոսք լրջորեն ընդունի:
Կարծիքներ